Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրահայտ գինեկոլոգը եւս կպայքարի ավագանու անդամ դառնալու համար

Օգոստոս 13,2012 18:31

Գյումրու  72 հոգուց բաղկացած ավագանու թեկնածուների խայտաբղետ ցանկում կա  նաև Շիրակի մարզի գլխավոր մանկաբարձ- գինեկոլոգ, Գյումրու ծննդատան բուժական գործի պատասխանատու  Ֆելիքս Գրիգորյանի անունը, ով  պատրաստվում է մրցել  մի խումբ գարեջրագործների, չճանաչված, գործազուրկ ու բանակում չծառայած   երիտասարդների, մի շարք դպրոցների տնօրենների ու թաղային հեղինակությունների հետ:

Մենք 47 տարվա փորձ ունեցող   գինեկոլոգից հետաքրքրվեցինք, թե  ինչո՞ւ է առաջադրել իր թեկնածությունը: « Այդ հարցին ես մի զավեշտալի պատասխան ունեմ, որ հարցնում են, ասում եմ` մահախոսականի ժամանակ մի նախադասություն ավելi կասվի: Իհարկե դա զուտ հումորի տեսանկյունով, բայց ես քաղաքում ապրում եմ արդեն շատ երկար տարիներ, քաղաքի համար ինձ թվում է  բավականին աշխատանք եմ կատարել  և գոհ եմ, որ քաղաքը իմ ծառայությունները գնահատել է, քաղաքի երաշխավորի կոչմանն է արժանացրել, վաստակավոր  բժշկի կոչման եմ արժանացել, սակայն ինձ թվում է, որ ես դեռ կարող եմ օգուտ բերել մեր քաղաքին և ոչ միայն առողջապահության, կոնկրետ ծննդօգնության մեջ աշխատելով, այլ մի քիչ ավելի առողջապահական հարցերի սոցիալական մոտեցումը  լավացնելու տեսանկյունից: Մեր քաղաքը , ինչպես գիտեք, բացի սոցիալական բազմաթիվ խնդիրներից, նաև ունի էկոլոգիական մեծ խնդիրներ, և փոշին, և բուսականության պակասը, և սպորտային հանգստի վայրերի պակասը, և այս ամենը հավաքվելով դարձնում է քաղաքաբնակների համար ոչ բարենպաստ,  ոչ  ճիշտ ապրելակերպի պայմաններ: Իմ` ավագանու անդամ դառնալու նպատակը Գյումրին դարձնել առողջ ապրելակերպի քաղաք», -ասաց  գինեկոլոգը: Մեր զրուցակիցը քննադատեց քաղաքապետին ու ավագանուն` առողջապահական հիմնարկների նկատմամբ ոչ սրտացավ  վերաբերմունք ունենալու համար: Գինեկոլոգը թեև անկուսակցական է , սակայն նրան սատարելու է Հանրապետական կուսակցությունը:

Ֆելիքս Գրիգորյանի  հետ ամբողջական զրույցը ընթերցեք վաղվա տպագիր «Առավոտում»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031