Լրահոս
Օրվա լրահոսը

Բելգիահայ արվեստագետները թուրք չինովնիկից ոչինչ չեն ակնկալում

Օգոստոս 24,2012 22:00

Վերջին շրջանում Հայաստան-Սփյուռք կապերն առավել ամրապնդելու նպատակով հայրենի իշխանությունները սկսել են պետական ու գերատեսչական պարգեւներ շռայլել գրականության ու արվեստի շատ ներկայացուցիչների։

«Առավոտին» բազմիցս հասել են խոսակցություններ, որ դա վերածվում է էժանագին շոուների, չի ուսումնասիրվում պարգեւատրված գործիչների կենսագրությունն ու գործունեությունը, ինչի արդյունքում էլ՝ պատահական, նույնիսկ արվեստի հետ կապ չունեցող մարդիկ դառնում են պարգեւակիրներ, իսկ Սփյուռքում գործունեություն ծավալած նշանավոր արվեստագետներից շատերը հայտնվում են լուսանցքում։ Օրինակ՝ պարգեւ «տվողներից» ո՞ւմ մտքով է անցել որեւէ կերպ գնահատել երգչուհիներ Զառա Տոնիկյանի, Տաթեւիկ Հովհաննիսյանի, Էռնա Յուզբաշյանի, դերասան, ռեժիսոր Սերժ Ավետիքյանի աշխատանքը։ Այս թեման շոշափվեց նաեւ Բրյուսելի հայկական ազգագրական եւ ժողովրդական «Հայք» պարային անսամբլի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր բալետմայստեր Արթուր Նիկողոսյանի հետ մեր հանդիպման ժամանակ։ Նա Բրյուսելի Ժետտ համայնքի քաղաքապետարանի կողմից արժանացել է «Մերիթի», ինչը նույնն է, թե` վաստակավորի կոչմանը։ Բալետմայստերից տեղեկացանք, որ Բելգիայում գործում է երեք հայկական պարային անսամբլ՝ «Հայքը», «Հռիփսիմեն» եւ տեղի Դեմոկրատների միության պարի անսամբլը, որոնք երբեւէ հայրենիքում չեն ներկայացրել իրենց արվեստը։ Բայց Դեմոկրատների միության պարի անսամբլի ղեկավարը՝ Ենոք Ստեփանյանը, պարգեւատրվել է «Նարեկացի» շքանշանով։
Մեր զրուցակիցն ասաց, որ ինքը հասկանում է, թե բարդ խնդիր է Սփյուռքում գործող որեւէ արվեստագետի գործունեությանը պետական գնահատականի արժանացնելը։ Այդուհանդերձ նշեց, իր խոսքերով, որ Դեմոկրատների միության պարի անսամբլի ղեկավարը չունի մասնագիտական կրթություն եւ պարերը բեմադրում է «ռաբիս» երգերով։ Շրջանցելով հարցը, թե ինչո՞ւ իր ղեկավարած 15-ամյա, 104 պարող ընդգրկող «Հայք» անսամբլը երբեւէ հանդես չի եկել հայրենիքում, մանավանդ որ վերջին շրջանում ավանդական են դարձել կոնկրետ Սփյուռքում գործող պարային խմբերի հայաստանյան ելույթները, Արթուր Նիկողոսյանը պատասխանեց. «Մենք չգիտենք, տեղեկացված չենք՝ ինչպե՞ս է իրականացվում Հայաստան հրավերը։ Միգուցե այստեղ իմ մեղավորությունն էլ կա… Ես չեմ կարող ինքս ներկայացնել իմ անսամբլը, բայց կարծում եմ, որ Հայաստանի մշակույթի եւ սփյուռքի նախարարությունները պետք է համագործակցեն հայկական դեսպանատների հետ՝ այդ կերպ գոնե իրենց համար հայտնաբերելով Սփյուռքում գործող ոչ միայն պարային անսամբլներին, այլեւ մշակույթի տարբեր ոլորտներում գործունեություն ծավալած արվեստագետներին»։
Ռեպլիկին, թե Հայաստանում հյուրախաղերի համար ֆինանսական աջակցություն ակնկալում է հայրենիքի՞ց, մեր զրուցակիցն ասաց. «Տարին մեկ անգամ մենահամերգով հանդես ենք գալիս Բելգիայում, տարբեր փառատոների ու միջոցառումների մասնակցելու հրավերներ ենք ստանում Ֆրանսիայից, Գերմանիայից, Հոլանդիայից եւ այլ երկրներից։ Ի դեպ, Սփյուռքում գործող հիանալի պարային անսամբլներ կան, այդ թվում` «Նավասարդը», «Երազը»` Ֆրանսիայում, Վարդան եւ Սիրանույշ Գեւորգյանների ղեկավարած անսամբլը՝ Լոս Անջելեսում, «Գայանեն»` Արգենտինայում, «Զվարթնոցը»՝ Մոսկվայում եւ այլն։ Ինչ վերաբերում է ֆինանսական աջակցությանը, ապա որոշակի գումար հատկացնում է Բելգիայի կառավարությունը, մինչդեռ այս հարցում բելգիահայ մեծահարուստները «ձեռքները վաղուց լվացել են», նրանց էլ կարելի է հասկանալ, որովհետեւ ուշ են գլխի ընկել, որ ժամանակին ներդրած գումարները իրենց նպատակին չեն ծառայել։ Բրյուսելի մշակույթի նախարարության բյուջեի (տարեկան՝ 6 մլն եվրո) պատասխանատուն էլ ազգությամբ թուրք է, եւ հասկանալի պատճառով մենք նրանից ոչինչ չենք կարող ակնկալել։ Սակայն վերջերս Բելգիայի «Մուշտան» մարզային ակումբի ղեկավարը փորձեր է անում բանակցություններ վարել թուրք չինովնիկի հետ, ինձ հուսադրում է, թե ինքն ամեն գնով կհասնի նրան, որ չինովնիկը հայ արվեստի ու սպորտի ներկայացուցիչներին կաջակցի»:

Նիկողոսյանը հավելեց, որ իր նոր «Հայոց գրերը» ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ է շուրջ 10 հազար եվրո, իսկ «Հայք» պարային անսամբլի համերգները թեմատիկ են՝  «Հայաստանի գույներ», «Քարերի ամրոց իմ երկիր Հայաստան» եւ այլն։
Նա նշեց նաեւ, որ բծախնդիր է երաժշտության ընտրության եւ բեմական զգեստների հարցում, ասելով. «Պարերը բեմադրում եմ՝ սկսած Կոմիտասից, Սայաթ-Նովայից, Խաչատրյանից մինչեւ Մանսուրյան ու ժամանակակից այլ հեղինակների երաժշտությամբ, իսկ զգեստների հարցում կողքիս է մասնագիտությամբ հագուստի դիզայներ Թերեզա Բադիկյանը, որն իր աշխատանքում մշտապես օգտվում է հայկական տարազներից»։ Մինչ հայրենիքում իրենց արվեստին ծանոթանալն էլ խորհուրդ տվեց այցելել www.haigdance.be կայք։
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031