Ռուսաստանի օլիգարխ Ռոման Աբրամովիչն ուրբաթ օրը հաղթանակած է դուրս եկել նախկին գործընկեր Բորիս Բերեզովսկիի դեմ վարվող դատավարությունից, որը 6 միլիարդ դոլարի հայց էր ներկայացրել Աբրամովիչի դեմ:
Գործը վարող դատավոր Էլիզաբեթ Գլոսթերը «բացարձակապես ոչ արժանահավատ վկա» է անվանել Բերեզովսկիին՝ նշելով, որ ճշմարտության մասին վերջինիս պատկերացումները «անցողիկ են և ճկուն»:
«Ժամանակ առ ժամանակ նա դիտավորյալ կեղծ ցուցմունքներ էր տալիս», – ընդգծել է դատավորը:

Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում 68-րդ տողը զբաղեցնող Աբրամովիչը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն Բերեզովսկին այս ընկերության փայատեր չի եղել, իսկ ինքը վճարում էր Ռուսաստանի նախկին նախագահ Բորիս Ելցինի կառավարման օրոք մեծ ազդեցություն ունեցող օլիգարխին «քաղաքական պաշտպանություն» ապահովելու համար:
Այս գործընթացը լույս աշխարհ է հանել ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Ռուսաստանի էներգետիկական խոշորագույն ընկերությունների սեփականաշնորհման արդյունքում ծայրահեղ հարուստ դարձած ռուսաստանցիների գործարար սովորույթները:
Նախկին երկու գործընկերների միջև անձնական վեճը լուծելուց բացի, դատավոր Գլոսթերի որոշումը դարձել է Մեծ Բրիտանիայի դատարանի առաջին որոշումը, որը կայացվել է քաղաքական պաշտպանություն ստանալու համար Ռուսաստանի բիզնեսմենների կողմից վճարված ընդհատակյա հսկա վճարների վերաբերյալ:


















































