Լրահոս
Օրվա լրահոսը

Գեներալ Մանվելի մտերիմը մարդ է ծեծել` վազանց կատարելու համար

Սեպտեմբեր 10,2012 11:18

Լուսանկարում ՝ Նորիկ Միրզախանյանը

Շաբաթ օրը ժամը 22. 30-ի սահմաններում Էջմիածին քաղաքի կոմունալ բաժնի պետ Նորիկ Միրզախանյանը եւ նրա մտերիմները, հենց քաղաքի կենտրոնում գտնվող հրապարակին հարող տարածքում, դաժան ծեծի են ենթարկել մի քաղաքացու: Ականատեսները Aravot.am-ի հետ զրույցում պատմեցին, որ 01 084 պետհամարանիշով «օպել-վեկտրա» մեքենայի վարորդը վազանց է կատարել Էջմիածնի կենտրոնական փողոցով սլացող Նորիկ Միրզախանյանի` «կառտոլ Նորոյի» մեքենային: Վերջինս չի հանդուրժել այդ հանդուգն արարքը, կանգնեցրել է վազանց կատարած մեքենան, վարորդին քարշ տալով հանել մեքենային եւ հայհոյանքների ու հարվածների տարափ տեղացել:

Քանի որ դեպքը կատարվել է գեներալ Մանվելին պատկանող սրճարանի մոտերքում եւ գեներալի թիկնազորայիններն էլ հավանաբար եղել են սրճարանում, շատ արագ վրա են հասել եւ «իր պատիվը պաշտպանելու» գործում օգնել «կառտոլ Նորոյին»: Համենայնդեպս, մեր զրուցակիցը պատմեց, որ շատ արագ դեպքի վայր են եկել «045»-ով մեքենաներ եւ մոտ 10 րոպե այդ երիտասարդին ծեծել են: Վերջինս ինքնապաշտպանվել է` որքան որ հնարավոր է եղել: Ականատեսներից ոչ ոք չի համարձակվել միջամտել` լավ հասկանալով, որ նույն ճակատագրին ինքն էլ է արժանանալու:

Ծեծված երիտասարդի ճակատագրի եւ դեպքի այլ մանրամասներ Aravot.am-ի առայժմ չի հաջողվել ճշտել:

Նշենք, որ Նորիկ Միրզախանյանը գեներալ Մանվել Գրիգորյանի մտերիմներից է: Ասում են, գեներալն ամեն կերպ պաշտպանում է Նորիկին:

Ի դեպ, վերջերս Նորիկ Միրզախանյանի անունը շոշափվեց հերթական սկանդալային պատմության մեջ: Նրա ավտոմեքենայից իրավապահներ թմրանյութ էին հայտնաբերել: Այս պատմությունից էլ չոր դուրս գալու հարցում, ասում են, գեներալ Մանվելի միջամտությունն է եղել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930