Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբան Մուշեղ Շուշանյան. «Սա դատական ֆարս է»

Սեպտեմբեր 11,2012 23:52

Արտակ  Նազարյանի մահվան գործով դատավարության սեպտեմբերի 11-ի նիստում դատավոր Սամվել Մարդանյանը ներկայացրեց տուժողի իրավահաջոդ Ծովինար Նազարյանի եւ նրա ներկայացուցիչների միջնորդութամբ դատարան ներկայացված, հենակետի 12 զինվորներին Բերդի ռազմական ոստիկանությունում մեկուսացնելու գրություների պատճենները եւ ռազմական ոստիկանությունում  պահված զինծառայողների մատյանը:

Ամբաստանյալ 3 զինվորների պաշտպան Ալվարդ Մնացականյանը տարօրինակ համարեց, որ ոչ թե բնօրինակները, այլ  գրություների պատճեներն են դատարան ուղարկվել եւ խնդրեց, որ դատական հաջորդ նիստին ներկայացվեն  բնագրերը: Ամբաստանյալ Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գեւորգյանը հայտարարեց, որ զինծառայողների մեկուսացման գրությունները պատշաճ վավերացված չեն, որ դատարանը չպետք է դրանք ընդուներ: Պաշտպան  Մնացականյանը դատարանից 10 րոպե ժամանակ խնդրեց, որպեսզի ծանոթանա այդ գրություններին: Դրանից հետո տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը դատավորին հիշեցրեց, որ դատարան ներկայացված փաստաթղթերն  իրենց միջնորդության պահանջի մի մասն են, որ Բերդի ռազմական ոստիկանությունից դատարան  պետք է ուղարկվեն Ա. Նազարյանի մահվան գործի հետ կապված  բոլոր փաստաթղթերը, նաեւ  զորամասի հրամանատարի կողմից նշանակված, զինծառայողների կարգապահական մեկուսացման հետ կապված  ծառայողական քննության արդյունքները:

Դատավոր Մարդանյանն ասաց , որ  ռազմական ոստիկանությունից պահանջվող փաստաթղթերը կապ չունեն զորամասի հրամանատար Սեյրան Ղազարյանի հարցաքննության հետ: Այդ հարցաքննությունը նախորդ դատական նիստում կիսատ էր մնացել, դատավորը կամենում էր այն շարունակել: Ռ. Մարտիրոսյանը հայտարարեց, որ  հրամանատարի հարցաքննությունը կապված է իրենց կողմից միջնորդությամբ պահանջված փաստաթղթերի հետ, որ առանց դրանց հրամանատարի  հարցաքննությունն անիմաստ է: Պարոն Մարտիրոսյանը հայտարարեց, որ ինքը  դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացնում: Դատավորը  ցանկանում էր ընդհատել  Ռ.  Մարտիրոսյանի ելույթը, սակայն վերջինս չէր  ենթակվում լռելու եւ տեղը նստելու դատավորի պահանջին: Ս. Մարդանյանը  դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար  դատական սանկցիա կիրառեց եւ դատական կարգադրիչներին հրահանգեց դահլիճից հեռացնել Ռ. Մարտիրոսյանին, նաեւ որոշելով, որ վերջինս  զրկվում է 3 նիստերին մասնակցելու իրավունքից:

Տուժողի իրավահաջորդի մյուս  ներկայացուցիչ , փաստաբան Մուշեղ Շուշանյանը դատավորին մեղադրեց ապօրինությունների մեջ եւ այն բանում, որ դատարանը հրաժարվեց Ռ. Մարտիրոսյանի հայտնած ինքնաբացարկի միջնորդությունը քննարկելուց, ասաց,որ դատավորը  Նազարյանի սպանողների պատվերն է կատարում, որ նիստը դատական ֆարս է:

Տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը եւս դատավորին մեղադրեց օրինականության  սահմանները խախտելու մեջ:  Ի նշան բողոքի Մ. Շուշանյանը եւ Ծ. Նազարյանը լքեցին  դատարանի դահլիճը: Ընդմիջումից հետո  ամբաստանյալների   պաշտպաններ Ալվարդ Մնացականյանը, Հրանտ Գեւորգյանը եւ Լեւոն Պողոսյանը դատավոր Մարդանյանին մեղադրեցին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթները խախտելու մեջ, որ կիրառված դատական սանկցիան օրինական չէր: Հակոբ Մանուկյանի պաշտպան  Հ. Գեւորգյանը դատարանին միջնորդեց վերացնել Ռ. Մարտիրոսյանի նկատմամբ կիրառած սանկցիան,քանզի զորամասի հրամանատարի  հարցաքննությունը կատարվում է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների միջնորդությամբ  եւ առաջին հերթին նրանք պետք է հարցեր ուղղեն վկային: Դատավորը  վերացրեց իր կիրառած դատական սանկցիան, նշելով նաեւ, որ Ռ. Մարտիրոսյանը փաստաբան չէ, եւ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված սանկցիայի  մյուս ձեւերը նրա նկատմամբ կիրառելի չեն: Ռ. Մարտիրոսյանը, Մ. Շուշանյանը եւ Ծ. Նազարյանը դահլիճ վերադարձան: Դատավորը որոշեց կրկին դիմել ռազմական ոստիկանություն եւ զորամասի հրամանատարությանը, որպեսզի զինծառայողների  կարգապահական տույժի հետ կապված բոլոր փաստաթղթերը ներկայացվեն դատարան:

Հետո  սկսվեց գործով քննիչ Լեւոն Պետրոսյանի հարցաքննությունը: Նրան հարցեր էր ուղղում իրավապաշտպան Ռ. Մարտիրոսյանը : Վերջինս ասաց, որ Ա. Նազարյանի  ինքնաձիգի  4 պահունակների բոլոր՝ 120 փամփուշտները տեղում են եղել, ինչպե՞ս կարող էր Նազարյանն իր ինքնաձիգով ինքնասպան լինել: Քննիչ Պետրոսյանն  ասաց,որ ինքնասպանությունն ապացուցվում է  դատաձգաբանական փորձաքննությամբ, որ պահունակը կարող է  30-ի փոխարեն 31 փամփուշտ տեղավորել եւ անխափան աշխատել: Իրավապաշտպանը  հարցրեց դեպքի վայրի տեղազննությունից վերցված 7809 համարի դաջվածքով պարկուճի մասին, որը դատական փորձագետին ուղարկվելիս փոխվել է , դարձել 6078 համարի: Քննիչն ասաց,որ չի փոխվել, դա նույնն  պարկուճն է, պարզապես տեղազննություն կատարած քննիչի կողմից թյուրիմացություն է եղել, նա սխալ է ընթերցել , իսկ դատական փորձագետը  մասնագետ լինելով՝ ճիշտ է  ընթերցել պարկուճի համարը:  Իրավապաշտպանն ասաց, որ  դատական փորձագետը պարտավոր էր այդ մասին արձանագրություն կազմել եւ հարցրեց, թե քննիչն  ինչո՞ւ  այդ կապակցությամբ չի հարցաքննել փորձագետին: :Լ. Պետրոսյանը հայտարարեց,որ ինքը  դա էական չի համարել: Ռ. Մարտիրոսյանը հարց տվեց, թե Նազարյանի մահվան դեպքից 3 ամիս հետո  Լ. Պետրոսյանն  ինչու՞ է   տեղազննություն կատարել եւ արձանագրել, որ դեպքի վայր համարվող ժայռաբեկորի մոտ հայտնաբերվել են արնանման հետքեր: Քննիչի խոսքերով՝  ինքը չէր կարողացել պարզել, թե մահվանից մեկուկես  ժամ առաջ ինչ հանգամանքներում  է Ա. Նազարյանը ալկոհոլ օգտագործել, ուստի ինքը հենակետի տարածքում որոնում  էր խմիչքի շիշ՝ ամբողջական կամ ջարդված: Իրավապաշտպանը հիշեցրեց, որ գործով առաջին քննիչ Սարգիս Մադաթյանը դեպքի օրը տեղանքի վայրի մանրակրկիտ զննություն է կատարել եւ շիշ  չի հայտնաբերել, նաեւ ասաց, որ քննիչ Պետրոսյանը  պարտավոր էր  արնանման հետքերից նմուշ ուղարկել դատական փորձագետին՝ պարզելու համար, որ դա արյո՞ւն է , մարդո՞ւ արյուն է, ո՞ր խմբին է պատկանում, Ա. Նազարյանի արյո՞ւնն է: Քննիչ Պետրոսյանն ասաց, որ որ ինքը դրա կարիքը չուներ, քանզի Նազարյանի հրազենային վնասվածքից,նաեւ  նրա կողքի արյան լճակից վերցված խծուծի փորձաքննությունից իրեն պարզ էր, որ դա Նազարյանի արյունն է:  Ռ. Մարտիրոսյանը քննիչին հարցրեց,թե ի՞նչ գույն ունեին  դեպքից 3 ամիս անց հայտնաբերված արնանման հետքերը: Քննիչը պատասխանեց՝ վառ կարմիր: Պ-ն  Մարտիրոսյանը ընթերցեց ՀՀ գլխավոր դատական բժիշկ Շոթա Վարդանյանի հեղինակած գիտական  գրքից մի հատված,որտեղ նշված էր՝ ժամանակի ընթացքում արյունը գունաթափվում է, դառնում գորշ դարչնագույն: Ռ. Մարտիրոսյանը  հարցրեց, թե Լ. Պետրոսյանն  ինչո՞ւ   Նազարյանի հագուստը  դատակենսաբանական եւ դատաքիմիական փորձաքննություն չի ուղարկել, որպեսզի պարզի՝ դրա վրա կա՞  այլ անձի արյուն,  հարցրեց նաեւ , թե  դատական փորձագետի բնորոշմամբ Նազարյանի մահից «ոչ շատ առաջ» նրա մարմնի տարբեր հատվածներում ինչպե՞ս են հայտնվել բազմաթիվ վնասվածքներ: Քննիչն  ասաց, որ դա հետեւանք է դեպքից 20 ժամ առաջ կապիտան Հակոբ Մանուկյանի կողմից Նազարյանին հասցված  ապտակի: Քննիչ Պետրոսյանի հարցաքննությունը կշարունակվի  սեպտեմբերի 12-ին:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930