Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջապահության պատասխանատուի կարծիքով, շիրակցի բժիշկները սուրբ են, և նախագահի շշպռոցը ամենևին էլ նրանց չի վերաբերում

Հոկտեմբեր 04,2012 17:07

Այսօր լրագրողները Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` առողջապահական ոլորտի պատասխանատուներին ուղղված շշպռոցները, և իր կարծիքով նախագահի խոսքի ո՞ր մասն էր վերաբերում Շիրակի մարզին: Վարչության պետը, մատնացույց անելով այդ պահին իր կողքին նստած Գյումրու նորակառույց հիվանդանոցի տնօրեն Արմեն Իսահակյանին, ով մինչ այդ զբաղեցնում էր Գյումրու ծննդատան տնօրենի պաշտոնն, ասաց. «Ես վերադառնամ մեր երեկվա իրավիճակին, որովհետև սա արդեն այսօր է. երեկ Իսահակյանը աշխատում էր Գյումրու ծննդատանը, դուք երբևէ լսե՞լ եք, որ Գյումրու ծննդատանը ծննդօգնությունից և այլն, փող պահանջեն: Դուք լսե՞լ եք, եթե լսել եք, ինչո՞ւ եք լռում, եթե լրագրողը լսում ու լռում է, ես կարծում եմ լռելու բան չէ, բայց բոլորդ էլ գիտեք, որ նման բան չի եղել»:

Լրագրողները նշելով, որ Գյումրու ծննդատունը այս առումով բացառիկ կառույց է եղել հանրապետությունում, վարչության պետին խնդրեցին անդրադառնալ մյուս հիվանդանոցների օրինակին: Սակայն պարոն Հովհաննիսյանը ապշահար արեց լրագրողներին` աստվածացնելով իր ղեկավարած ոլորտը, նշելով, որ այստեղ կոռուպցիա չկա, և նախագահի խոսքն ամենևին էլ Շիրակի մարզին ուղղված չէր: «Չկա կոռուպցիա, միգուցե մե՞նք ենք վատ աշխատում, որ չենք հայտնաբերում, միգուցե, համենայնդեպս, եթե մենք ենք վատ աշխատում, բա դուք ինչի՞ չեք լսում, դուք էլ կներեք այս երկրի աչքերն ու ականջներն եք, չէ՞ որ ձեր միջոցով շատ մարդիկ հասնում են մի իրավիճակի, որտեղ մեր խնդիրները բարձրացնում են: Չկարծեք մենք թերություններից զուրկ ենք , մենք շատ խնդիրներ ունենք կատարելու, որոնց ուղղությամբ պլաններ ենք մշակում, ժամանակացույց` վերացնելու համար, բայց որ ասեմ նախագահի ելույթի ուղղվածությունը մեր կողմն էր, խնդիրը մեզ չի վերաբերում այս պահին, որովհետև այս մարզը պարտքերի մեջ է, կոպեկը կոպեկին ենք հասցնում, որ այդ պարտքերից դուրս գանք: Ինչո՞ւ, որովհետեւ անգամ մեր առողջապահության նախարարը ֆինանսավորման համամասնության մասին է ներկայացրել, թե ինչ համամասնությամբ են ֆինանսավորվել մարզերը և Երևան քաղաքը: Էս պայմաններում, երբ որ մենք հազիվ մի կերպ յոլա ենք գնում, ի՞նչ կոռուպցիայի մասին է խոսքը, երբ որ առաջին եռամսյակում արդեն պետպատվերների, սոցխմբերում գտնվող մարդկանց բուժելու խնդիրն ենք ունենում»,-նեղսրտեց վարչության պետը:

Լրագրողների այն դիտարկմանը, թե ֆինանսը չբավարարելու դեպքում է կոռուպցիան ծաղկում, վարչության պետն այսպես արձագանքեց. «Դե գիտեք ի՞նչ կա, ֆինանսները քիչ են, չեն հերիքում, մարդիկ կան, ովքեր դեռևս այդ խմբում չեն գտնվում, սոցիալապես անապահով մարդկանց քանակը շատ է, խոսքը դրա մասին է, քիչ առաջ ինձ մի քաղաքացի էր դիմել, խնդրել էր, վիրահատությունը իջեցրել ենք զեղչով, չնայած դրա պատճառով տվյալ հիմնարկի ղեկավարը հայտնվում է պարտքի տակ` 30 հազար դրամ ենք ասել: Հիմա զանգում, ասում է` գիտեք էդ 30 հազարն էլ չունեմ, դուք ի՞ նչ եք կարծում, հիմա էդ մարդուց կարելի է նորից փող պահանջե՞ լ: Ի՞ նչ կոռուպցիա, արդեն մենք համավճարների հետ կապված բարդություն ունենք, եթե մի տեղ գումարը սակավ է տրամադրվում, կարծում եմ, էս հարցին պատասխանելը իմաստ չունի»,- եզրափակեց առողջապահության վարչության պետը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031