Երեկ տեղի ունեցավ Երեւանի պետական համալսարանի ռեկտորի մրցույթը։ Փակ, գաղտնի քվեարկության արդյունքում ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը Հովհաննես Հովհաննիսյանին հինգ տարի ժամկետով վերընտրեց ԵՊՀ ռեկտորի պաշտոնում։
Հիշեցնենք, որ նա միակ թեկնածուն էր: Ըստ էության, սա ոչ թե մրցույթ էր, այլ՝ նշանակում: Արդար ընտրությունների կարգախոսով իշխանության եկած ուժը 9 տարում ոչնչացրել է ընտրական համակարգը բոլոր ոլորտներում: Իսկ ժամանակին ԵՊՀ ռեկտորի պաշտոնի համար 7-8 թեկնածու էր առաջադրվում։ Վերջին մրցույթը 2020-ին էր, որին 5 թեկնածու էր դիմել:
Այժմ, քանի դեռ ՔՊ-ի «դաբրոն» չկա, ոչ ոք չի համարձակվում մասնակցել: ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի նախկին դեկան, գրականագետ Արծրուն Ավագյանը մեզ հետ զրույցում պատմեց՝ առաջներում չի հիշում, որ ռեկտորի թեկնածություն դներ մեկ անձ: «Ռեկտորի ընտրությանը միշտ մի քանի թեկնածու էր առաջադրվում, սակայն, օրինակ, դեկանի ընտրություններին լինում էին դեպքեր, որ մեկ թեկնածու էր առաջադրվում, բայց՝ հազվադեպ, դեկանի ընտրություններին էլ բազմաթիվ թեկնածուներ էին լինում։ Հիմա, փաստորեն, իրավիճակն այլ է: Ես կարծում եմ, որ ճիշտը մրցակցության պայմաններում կայացած ընտրությունն է, լավ կլիներ, որ թեկնածուները շատ լինեին, բայց, միեւնույն ժամանակ, եթե մարդիկ չեն ուզում դիմել եւ չեն դիմում, դա չի նշանակում, որ այդ միակն էլ չպիտի դիմեր։ Կդժվարանամ ասել, թե ինչու այլ թեկնածուներ չեն եղել, բազում տարբերակներ կան»:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում


















































