
Թերեւս ժամանակին սխալը խոստովանելը եւ հանձնվելը մեզ՝ տեսանելի աշխարհում ապրողներիս համար, նույնպես հաղթանակի ճանապարհ է: Քանի որ ինչպես անապակ ջուրը մեղավոր չէ, որ, մարդու միջով անցնելով, իր մաքրագործ անմեղությունը զոհաբերած՝ դառնում է պղտոր հեղուկ, այդպես էլ ամենալուսավոր գաղափարները մեղավոր չեն, որ բեկվելով մեր հոգեւոր խաթարության, նյութապաշտության, մեր եսի անձնապաստանության մեջ՝ կարող են դառնալ արժեզրկված սովորական հայտարարություններ: Չնայած որ ցանկացած լուսավոր միտք, եթե չի դառնում կյանքին, այսինքն թե՝ ապրողներին օգտակար, կարող է մնալ մեզ անհաղորդ, հեռու վերեւներում՝ նման այն հին աստվածներին, որոնք պարտադրում էին երկրպագել եւ զոհ մատուցել իրենց պատվին: Թերեւս ցանկացած լուսավոր գաղափար պետք է ընկալելի, հասկանալի լինի մեզ համար եւ մեր միջեւ, քանի որ հավատում եմ, որ ամեն մարդ ծնվում է իրեն ի վերուստ տրված առաքելությամբ, բայց լրիվ այլ խնդիր է՝ ծնվածը գտնո՞ւմ է իր առաքելության ճանապարհը, թե՞ մոլորվում ի վերուստ տրված առաքելությունների միջեւ՝ չհասնելով անգամ այն պարզ թվացյալ չգիտակցությանը, որը ունեն ծառը, ջուրը եւ հավքը երկնքի…
Ինչ տխուր է, որ օրերը սկսում են կարճանալ:
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ


















































