«Իրականում աշխարհում բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել փոքր երկրների համար: Եվ Հայաստանն էլ կարող է բազմաթիվ օգուտներ քաղել, եթե խելացի քաղաքականություն վարվի: Հայաստանը պետք է օգտագործի Սփյուռքի հնարավորություններն ամբողջությամբ, պետք է դառնա յուրաքանչյուր հայի հայրենիքը: Այդ մասին Հայաստանում բոլորը խոսում են, գործնական քայլեր, ցավոք, դեռ չկան»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը: Պարոն Սարգսյանը մասնակցում էր հոկտեմբերի 3-8-ը հունական Հռոդոս կղզում կայացած «Քաղաքակրթությունների երկխոսության» միջազգային համաժողովին: Քննարկումների ժամանակ հնչած առկա խնդիրներից, մտահոգություններից եւ մտավախություններից հետո Արմեն Սարգսյանն ասաց, որ իր համոզմամբ՝ 21-րդ դարն այդքան էլ վատը չէ. «Ես ապրել եմ 20-րդ դարում եւ կարծում եմ, որ 21-րդ դարն ավելի լավն է՝ ապրելու համար»: Նա խորհուրդ տվեց հետինդուստրիալ խնդիրները հաղթահարելու համար ապրել գիտակցությամբ, որ Աստված գոյություն ունի, եւ յուրաքանչյուր քայլի հիմքում դնել բարոյական արժեքները:
«Առավոտ» օրաթերթ
Կարդացեք նաև



















































