Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայֆեստ» փառատոնի նախագահ. «Թու, թու, թու, ամեն ինչ լավ անցավ»

Հոկտեմբեր 10,2012 15:38

ՀՀ մշակույթի նախարարությունում այսօր կայացավ «ՀայՖեստի» ամփոփիչ ասուլիսը: ՀՀ  մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ Վարդան Գրիգորյանը նշեց, որ ապրում ենք ազատ, դեմոկրատական երկրում ու նրա արժեքների կրողն ենք. «ՀայՖեստը» ձեռք է բերել լայն ճանաչում, այն ունի հետեւյալ գաղափարը՝ ավելացնում եւ ակտիվացնում է երիտասարդների շփումը: Կարեւորում ենք միջազգային համագործակցության արդյունքներում ստեղծված փառատոնների գոյությունը»:

«ՀայՖեստ» փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանի խոսքով` չկա թատերական ինստիտուտի այնպիսի ուսանող, ով չիմանա «ՀայՖեստի» մասին. «Այն խմբերը, որ պետք է մասնակցեին` մասնակցեցին: Բացումը ամենալավն էր, իսկ միջոցառումն անցավ փայլուն ու բովանդակալից: Թու, թու, թու, ամեն ինչ լավ անցավ: Կային ոմանք, ովքեր պպզելուց եկել ու քաղաք էին մտել, թատրոնում արտահայտվում էին այսպես՝ «Արա, մորս արեւ, էս բեմի կարմիրը ով ա», նմանները հուսով ենք, որ կամաց-կամաց կքչանան մեր երկրում, կարծում եմ այս անհույս մարդիկ բացօթյա նման միջոցառումների շնորհիվ կվերանան»:

ՀՀ մշակույթի նախարարության եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ՝ հոկտեմբերի 2-9-ը Երեւանում անցկացվեց «ՀայՖեստ» 10-րդ միջազգային թատերական փառատոնը, որը կրում էր «Բաց մի թողեք» խորագիրը: Փառատոնին մասնակցում էին 18 երկրների (Ֆրանսիա, Պորտուգալիա, Էստոնիա, Ճապոնիա, Իրան, Վրաստան, Ուկրաինա եւ այլն) 25 թատերական եւ պարային խմբեր, շուրջ 200 մասնակից եւ հյուր՝ միջազգային փառատոնի ղեկավարներ ու պրոդյուսերներ:

Այս տարի հայկական թատրոններից փառատոնին ներկայացումներով հանդես են եկել «Միհր» թատրոնը, Հովհաննես Թումանյանի անվան  պետական տիկնիկային  թատրոնը, Փոքր թատրոնը եւ Երեւանի պատանի հանդիսատեսի պետական թատրոնը: Փառատոնի բազմաժանր՝ դրամատիկական, երաժշտական, պարային ներակայացումներն ընդգրկված էին հիմնական, ուսանողական, տիկնիկային եւ մանկական ծրագրերում: Ուշագրավ էր ուսանողական ծրագրիրը, որում ներգրավված էին լավագույն ուսանողական եւ երիտասարդ ռեժիսորների ներկայացումներ: «ՀայՖեստի» շրջանակներում միջազգային փորձագետների կողմից անցկացվել են վարպետության դասընթացներ: Տաս տարիների ընթացքում «ՀայՖեստ» փառատոնին իրենց մասնակցություններն են բերել ավելի քան 1500 մասնակից, շուրջ 50 երկրից, այդ թվում՝Ռուսաստանից, Անգլիայից, Շվեդիայից, Գերմանիայից, Շվեցարիայից, Ավստրիայից, Հունգարիայից, Բելգիայից, Ֆինլանդիայից, Բուլղարիայից, Սլովենիայից, Չեխիայից, Սինգապուրից, Հնդկաստանից, Հոլանդիայից, Իսպանիայից, Իտալիայից, Իրանից, Իսրայելից, Ղազախստանից, ԱՄՆ-ից, Ճապոնիայից եւ այլն: Փառատոնն իրենց մասնակցությամբ պատվել են ավելի քան 150 հեղինակավոր արվեստագետներ, արտմենեջերներ, միջազգային փառատոնի նախագահներ եւ թատերագետներ: ԱՊՀ երկրների հեղինակավոր փառատոնների շարքում «ՀայՖեստն» այժմ իր հաստատուն տեղն է  գրավում:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031