Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացավ Բրինկենի հայերեն օրատորիայի հայաստանյան պրեմիերան

Հոկտեմբեր 12,2012 22:01

Նվիրվում Է Հայոց Ցեղասպանության 100-ամյակին

Հոկտեմբերի 10-ին Նարեկացի արվեստի միությունում երաժշտական բացառիկ
իրադարձություն էր` հանդիպում կոմպոզիտոր Ալեքսանդր Բրինկենի հետ, ով
ներկայացրեց  Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյակին նվիրված «Երգ Հայաստանի մասին»
իր նոր օրատորիան:

Երեք խոշոր մասերից կազմված ստեղծագործությունը գրված է երկու ասմունքողի,
խառը մեծ երգչախմբի, հայկական ժողնվագարանների անսամբլի և լիակազմ սիմֆոնիկ
նվագախմբի համար: Հատկանշական է, որ օրատորիայի ողջ լիբրետոն կազմված է
Դանիել Վարուժանի, Սիամանթոյի, Ավետիք Իսահակյանի և Վահագն Դավթյանի
արևելահայերեն և արևմտահայերեն բանաստեղծություններից: Այս հանգամանքով էլ
պայմանավորված է, իր ելույթում մասնավորեցրեց կոմպոզիտորը, 2 ասմունքողի
առկայությունը օրատորիայում, քանզի նա նախատեսել է, որ արևմտահայերեն և
արևելահայերեն տեքստերից յուրաքանչյուրը պետք է ընթերցվեն լեզուներից
յուրաքանչյուրին փայլուն տիրապետող վարպետների կողմից:

Օրատորիայի առաջին մասը վերնագրված է «Հայրենի հողի երգեր» և կազմված է
Դանիել Վարուժանի բնագրերի հիման վրա ստեղծված 5 առանձին դրվագներից՝
«հայկական լեռների երգ», «հերքի երգ»,  «ձնի երգ», «ցորենի երգ», «հունձքի
երգ»:  «Ցասումի ու վշտի երգեր» վերնագրով երկրորդ մասում զետեղված են
հատվածներ Դ. Վարուժանի «Ջարդը», Սիամանթոյի «Մահվան տեսիլք» և Վ. Դավթյանի
«Ռեքվիեմ» նշանավոր բանաստեղծական ստեղծագործություններից: Երրորդ մասը՝
«Վերածնունդ, և հույսի երգեր», կազմված է երեք դրվագից. «Հայկական լեռների
երգը», «Վերածնվող հայրենիքի գովերգ»  (Իսահակյանի բանաստեղծությունների
հիման վրա), «Հրավերք պայքարի» (Դ. Վարուժանի «Ձոն» բանաստեղծության հիման
վրա):

Ողջ դասախոսությունն Ալեքսանդր Բրինկենը վարեց հայերենով, որին
կոմպոզիտորը փայլուն է տիրապետում և որը նա սկսել է ուսումնասիրել 1975թ.,
երբ, Սանկտ Պետերբուրգից այցելելով Հայաստան՝ մասնակցելու համամիութենական
երաժշտագիտական համաժողովի, սիրահարվել է հայ ժողովրդին և մշակույթին:
Վերջնականապես է սիրահարվել` ավելի տեղին կլիներ ասել, քանզի իր խոսքում նա
հավելեց.

«Դեռ ուսանողական տարիներին, երբ ուսանում էի Սանկտ Պետերբուրգի
կոնսերվատորիայում, մենք անցնում էինք  «Խորհրդային Միության ժողովուրդների
երաժշտություն» առարկան, և միակ կոմպոզիտորը, որն ինձ ամենից տպավորեց ու
մեծ հարգանք առաջացրեց ինձ մոտ` Կոմիտասն էր, ու մասնավորապես նրա
դաշնամուրի համար գրված «Չինար ես»-ը»:

Կոմպոզիտորի բացման խոսքին հաջորդեց օրատորիայի համակարգչային
պարտիտուրայի ձայնագրության ունկդրումը, որն անցավ էլեկտրական մթնոլորտում:
Ավարտին, Նարեկացի արվեստի միությունում ողջունելով կոպոզիտորին, կենտրոնի
հիմնադիր Նարեկ Հարթունյանը նրան հանձնեց Միության ավանդական նուռը և
Նարեկացի արվեստի միության հրատարակած` Վահան Արծրունու և Հասմիկ
Բաղդասարյանի «Մաշտոց. սրբազան մարգարիտներ» երաժշտական ալբոմը: Հաջորդեց
ջերմ հարցուպատասխան, որի ժամանակ, խոսելով նորաստեղծ օրատորիայի
գեղարվեստական արժեքի մասին, բոլորը նաև փաստում էին մեծակտավ երաժշտական
ստեղծագործության խորհրդանշային կարևորությունը, քանզի այն ոչ հայազգի
կոմպոզիտորի հեղինակած երաժշտական պատում է Հայոց Մեծ Եղեռնի շուրջ`
հրեշավոր այդ արհավիրքի զոհը դարձած պոետների ստեղծագործության հիման վրա:

Շվեյցարացի երգահան, դաշնակահար, երգեհոնահար և հայագետ Ալեքսանդր
Բրինկենը (ծն. 1955 թ.) նաև հեղինակել է երեք սիմֆոնիա, «Ձնե թագուհի»
բալետը, լատինական պատարագ եւ մի շարք այլ երաժշտական
ստեղծագործություններ:

Նարեկացի արվեստի միություն
Հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031