Լրահոս
Օրվա լրահոսը

Օլիգարխներն իրենց վատ չեն զգացել Սերժ Սարգսյանի օրոք

Հոկտեմբեր 25,2012 13:22

2007թ. Լ. Տեր-Պետրոսյանի կանխատեսումը՝ «եթե Ս. Սարգսյանը զբաղեցնի նախագահի պաշտոնը՝ օլիգարխները «բոմժ» կդառնան…», չի իրականացել

Հոկտեմբերի 23-ին «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը կարծիք հայտնեց, թե 2013-ին վերընտրվելու դեպքում Սերժ Սարգսյանն ամեն ինչ անելու է խոշոր տնտեսական եւ ֆինանսական հնարավորություններ ունեցող Գագիկ Ծառուկյանին եւ Ռոբերտ Քոչարյանին քաղաքական դաշտից հեռացնելու համար: «Ով իշխանության գլուխ է, նա է տիրանում սեփականությանը։ Ուստի այն մարդը, ով կորցնի իշխանությունը, կորցնելու է նաեւ սեփականությունը»,- նշել էր ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավարը:

Այս հայտարարությունը երկու օր է, ինչ բավական աղմուկ է բարձրացրել թե՛ լրատվամիջոցներում, թե՛ սոցիալական ցանցերում: Հաշվի առնելով դեռեւս 5 տարի առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանի գնահատականները Ռ. Քոչարյանի վարչակազմի հասցեին, որը նա անվանում էր «թաթար-մոնղոլական տիպի խանություն», թոհուբոհը միանգամայն հասկանալի է։ Սակայն եթե վերհիշենք 2011թ. նոյեմբերի 25-ի հանրահավաքում Լ. Տեր-Պետրոսյանի ելույթը, ապա որպես «քաղաքագիտական վերլուծության» տրամաբանական շարունակություն՝ ՀԱԿ համակարգողի հայտարարությունը ամենեւին էլ անսպասելի չէր: «Իհարկե, առայժմ դժվար է գուշակել, թե որքան հեռուն կգնան իշխանական կոալիցիայի ներսում ծագած տարաձայնությունները, բայց եթե պարզվի, որ «Բարգավաճ Հայաստանն» անկեղծորեն մտադիր է դուրս գալ կոալիցիայից եւ պայքարել իրապես արդար ու օրինական ընտրություններ անցկացնելու համար, ապա, իմ կարծիքով, Հայ ազգային կոնգրեսն այդ պարագայում պետք է պատրաստ լինի լրջորեն քննարկել նրա հետ համագործակցելու հնարավորություններն ու հեռանկարները։ Այդ համագործակցությունը կարող է ունենալ տարբեր դրսեւորումներ, որոնք կհստակեցվեն քննարկումների ընթացքում՝ բացառելով միայն միասնական ցուցակով ընտրություններին մասնակցելու տարբերակը։ Հավատացած եմ, որ Հայ ազգային կոնգրեսի եւ «Բարգավաճ Հայաստան»-ի համագործակցությունն ի զորու է արմատապես փոխելու քաղաքական ուժերի դասավորությունը»,- մեկ տարի առաջ նշել էր ՀԱԿ առաջնորդը։

«Քաղաքագիտական վերլուծությունից» գրեթե մեկ տարի անց դժվար է ասել, թե ԲՀԿ-ՀԱԿ համագործակցության վերաբերյալ հրապարակ նետված գաղափարը կոնկրետ ինչ շոշափելի արդյունքներ է տվել ՀԱԿ-ին։ ԲՀԿ առաջնորդն առայժմ շարունակում է խորհրդավոր լռություն պահպանել նախագահական ընտրություններին իր մասնակցության վերաբերյալ, եւ ակնհայտ է, որ ՀԱԿ վերնախավը սպասում է նրա որոշմանը։

Ամենաուշագրավը, սակայն, Լ. Զուրաբյանի կողմից Ռ. Քոչարյանի անունը հիշատակելու փաստն էր, քանի որ ԱԺ ընտրություններից հետո, երբ ինտենսիվացել էին ԲՀԿ-ի հետ նրան նույնացնելու հայտարարությունները, ՀԱԿ համակարգողը վերջակետ դրեց այդ խոսակցություններին՝ նշելով. «ԲՀԿ-ի հետեւում Ռ. Քոչարյանի ականջներ տեսնողներն ունեն հատուկ տեսողություն կամ ինչ-որ հատուկ ռենտգեն սարք, որն անձամբ ես չունեմ», ավելին՝ Ռ. Քոչարյանին համարում էին «մարած քարտ»:

Մինչդեռ պետք է փաստել, որ Քոչարյանի վերադարձի վտանգով անհանգստացած գործիչներ կային ՀԱԿ-ի ներսում, որոնք հետագայում ՀԱԿ-ից հեռանալով՝ արժանացան ՀԱԿ-ամերձ կոնտինգենտի քննադատությանը։ Օրինակ՝ 2011թ. փետրվարին այն ժամանակ դեռեւս ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը «Հայացք» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ընդգծել էր. «Ռոբերտ Քոչարյանը, իրեն բնորոշ գործելակերպով մնալով ստվերում, ԲՀԿ-ի օգնությամբ փորձում է ապակայունացնել Հայաստանի ներքաղաքական կյանքը: Նրան հաջողվել է որոշակի ապակայունացում մտցնել իշխող կոալիցիայի ներսում»: 2011թ. դեկտեմբերին Դ. Շահնազարյանը մամուլի ասուլիսում պատասխանելով հարցին, թե ինչու առայժմ պատասխան չկա ԲՀԿ-ի կողմից ՀԱԿ-ի «քաղաքագիտական վերլուծությանը»՝ շեշտել էր. «ԲՀԿ-ն ինքն իրեն պետք է տա հետեւյալ մի քանի հարցերի պատասխանը. արդյոք ԲՀԿ-ն ի վիճակի՞ է ձերբազատվել Ռ. Քոչարյանի ազդեցությունից կամ ազատվա՞ծ է արդյոք մի անձնավորությունից, ով հայ ժողովրդին ավելի մեծ դժբախտություններ է պատճառել, քան Օսմանյան կայսրությունը եւ Ադրբեջանը՝ միասին վերցրած: Արդյոք ԲՀԿ-ն ի վիճակի՞ է հանդես գալու որպես ընդդիմադիր ուժ։ Պատրա՞ստ է արդյոք ԲՀԿ-ն տալ 2008թ. ընտրությունների քաղաքական գնահատականը, պատրա՞ստ է արդյոք ԲՀԿ-ն դավանել այն գաղափարին, որին դավանում են ՀԱԿ բոլոր կուսակցությունները, եւ վերջապես՝ ԲՀԿ-ն պատրա՞ստ է դուրս գալ կոալիցիայից»։ Ամիսներ անց արդեն Դ. Շահնազարյանը ամրագրեց, որ քաղաքական դաշտում «քոչարյանիզմն» էապես վերակենդանացվել է եւ հենց ՀԱԿ-ի ջանքերի շնորհիվ. «ՀԱԿ-ը իր վարկանիշի, իր ձայների հաշվին ամեն ինչ արեց, որպեսզի կանաչ լույս վառի քոչարյանիզմի համար»։

Ինչեւէ, այսօր ՀԱԿ համակարգողի մակարդակով քաղաքական դաշտից Ռ. Քոչարյանի եւ ԲՀԿ-ի հեռացման վտանգի մասին է հայտարարվել, կգնահատվի՞ այդ հայտարարությունը, կարժանանա՞ Ռ. Քոչարյանի եւ Գ. Ծառուկյանի ուշադրությանը՝ ցույց կտա ժամանակը։

«Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը երեկ «Առավոտ»-ի հետ զրույցում նշեց, թե կարծում է, որ Լ. Զուրաբյանի հայտարարությունն անթաքույց մեսիջ է՝ ուղղված Ռ. Քոչարյանին եւ նրան հարակից ուժերին: «Սակայն իրականությունը փոքր-ինչ այլ է. նախ՝ Ռ. Քոչարյանին հազիվ թե պետք լինի ներկայիս ՀԱԿ-ի մնացորդի ծառայությունները, եւ կարծում եմ, որ այդ հայտարարությունը կմնա ընդհանուր առմամբ անպատասխան։ Հարցի մյուս կողմն այն է, որ նման առաջարկություն ներկայիս քաղաքական կոնտեքստում հնարավոր է երկու դեպքում. առաջինը՝ կա՛մ մենք գործ ունենք պարզապես անմեղսունակության աստիճանի հասնող բթամտության հետ, կա՛մ էլ բարոյական իդիոտիզմի պարագայում է միայն հնարավոր այդ աստիճան ձգտել մոլորեցնել հանրությանը՝ նպատակներին ամեն գնով հասնելու համար, առանց մտածելու դրա հետեւանքների մասին, ինչը պարզապես կարող է սպառնալիք դառնալ պետականության համար, քանի որ Հայաստանի ներկայիս համակարգի կնքահայր ես համարում եմ Ռ. Քոչարյանին: Նրան սատարող բոլոր ուժերը փաստորեն ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի կոնսերվացնեն թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական իրավիճակը։ Ներքաղաքականը կրիմինալ-օլիգարխիկ համակարգն է, որի կնքահայրն է Ռ. Քոչարյանը, եւ արտաքինը՝ Ռուսաստանից Հայաստանի վասալային կախվածությունը, որի կնքահայրը նույնպես Ռ. Քոչարյանն է»,- նշեց Մեհրաբյանը։

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը «Առավոտ»-ի հետ զրույցում մեկ ուշագրավ դրվագ հիշեցրեց. «Եթե մենք հետ գնանք ուղիղ հինգ տարի, ապա կհիշենք՝ 2007թ. նախագահական ընտրություններից առաջ նախագահի թեկնածու Լ. Տեր-Պետրոսյանը Ազատության հրապարակում գրեթե նույն հայտարարությունը արեց՝ «եթե Սերժ Սարգսյանը զբաղեցնի նախագահի պաշտոնը, բոլոր օլիգարխները «բոմժ» կդառնան…»: Նման է, չէ՞, Լ. Զուրաբյանի հայտարարությանը»։ Կ. Քոչարյանի կարծիքով՝ թեեւ հինգ տարի անցել է Լ. Տեր-Պետրոսյանի նշյալ ելույթից, համենայնդեպս՝ Ս. Սարգսյանի պաշտոնավարման առաջին փուլում գոնե օլիգարխները իրենց վատ չեն զգացել, այդ թվում՝ նույն Գագիկ Ծառուկյանը կամ մի քանի այլ հանրապետականներ, որոնց անունը նույնպես նա տալիս էր այն ժամանակ։ «Մեսիջը ուղղված էր դեռեւս հինգ տարի առաջ, բայց այն ժամանակ էլ այն մնաց անպատասխան, հիմա էլ՝ «քաղաքական վերլուծություններից» սկսած մինչ օրս, ես գոնե որեւէ պատասխան չեմ տեսել, բացառությամբ, երբ ոչ թե կոնկրետ ՀԱԿ-ի, այլ Միասնական շտաբով փորձեցին գործել։ Ես այլ արձագանք չեմ տեսել, չգիտեմ՝ կտեսնե՞մ, թե՞ ոչ, ժամանակը ցույց կտա»,- նկատեց քաղտեխնոլոգը։

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031