Լրահոս
Օրվա լրահոսը

Կ. Ավագյանը՝ Լ.Տեր-Պետրոսյանի՝ փոթորիկ առաջացնելու մասին. «Տեսնենք, թե փոթորիկն ո՞ւմ է սրբելու տանի քաղաքական թատերաբեմից»

Հոկտեմբեր 31,2012 17:27

Արդեն որերորդ անգամ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի անդամները տարբեր առիթներով հայտարարում են այն մասին, թե ինչպիսի բնական աղետներ են սպասվում ՀՀ առաջին նախագահի՝ ՀՀ նախագահական ընտրություններում առաջադրվելու պարագայում: Առաջին նախագահի թիմակիցները մեկ հայտարարում են, թե «Երբ Տեր-Պետրոսյանը խոսի, ամպրոպի նման է լինելու», երկու օր առաջ էլ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը հայտարարեց, թե «Տեր-Պետրոսյանի առաջադրումը փոթորիկ է առաջացնելու քաղաքական դաշտում»: Լ. Տեր-Պետրոսյանը տարիների դադարից հետո քաղաքական դաշտ մուտք գործելով՝ փոթորկալի հայտարարություններ անցյալում արել է, օրինակ՝ այդպիսիք էին նրա հայտարարությունները «ավազակապետության», կամ  «կազմաքանդելու» մասին,  «քաղբանտարկյալների» խնդրով հնչեցված հայտարարությունները: Կամ այն, որ ՀԱԿ-ը համագործակցեց ԲՀԿ-ի հետ, որին Լ. Տեր-Պետրոսյանը «ռեժիմի հիմնասյուներից եւ «մարտի 1-ի» գլխավոր մեղավորներից» մեկն էր համարում:

Որքանո՞վ է հավանական, որ այսքանից հետո ՀՀ առաջին նախագահը փոթորիկ կառաջացնի քաղաքական դաշտում, Aravot.am-ը փորձեց պարզել տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ զրույցում: ՀՀԿ-ական Մկրտիչ Մինասյանը մեզ հետ զրույում ասաց. «Ընդամենը այդ հայտարարությունը ընդունում եմ՝ որպես քաղաքական տեխնոլոգիա, որը կիրառվում է իրենց կողմից: Դրան հանգիստ եմ վերաբերվում»: Հետաքրքրվեցինք՝ Լ. Տեր-Պետրոսյանի առաջադրումը ինչ-որ բան կփոխի՞ ՀՀ ներքաղաքական կյանքում: Պարոն Մինասյանը պատասխանեց. «Ինչ-որ բան՝ այո, բայց ոչ որոշակի»: Մեր հստակեցմանը՝ ո՞րը կլինի այդ փոփոխությունը, Մ. Մինասյանն այսպես արձագանքեց. «Այն, որ ՀԱԿ-ը կունենա իր թեկնածուն»:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ Լ.Տեր-Պետրոսյանի առաջադրման հետ փոթորիկ ու ամպրոպ կապողներին խորհուրդ է տալիս. «Թող մի պինդ բանից բռնվեն, որ հանկարծ փոթորիկն իրենց չքշի: Ամպրոպի համար էլ գործիքներ կան. անձրևանոցներ, տարբեր տեսակի ծածկոցներ: Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրումից ոչ քաղաքական ամպրոպ է առաջանալու, ոչ էլ փոթորիկ: Առանձապես նոր երևույթ չի լինելու, քանի որ Տեր-Պետրոսյանը գլխավորեց Կոնգրեսի ցուցակը և փոթորիկ ու ամպրոպ չառաջացավ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, մանդատը վայր դրեց, ևս փոթորիկ ու ամպրոպ չառաջացավ, եթե առաջադրի իր թեկնածությունը, այդ դեպքում ևս փոթորիկ չի առաջանա: Լ. Տեր-Պետրոսյանի՝ փոթորիկ առաջացնելու ժամանակը 2007-2008 թվականն էր: Դրանից հետո նա այլևս փոթորիկ կամ ամպրոպ չի կարող առաջացնել»:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանն էլ ՀՀ առաջին նախագահի՝ փոթորիկ առաջացնելու մասին նրա թիմակցի հնչեցրած հայտարարությանն այսպես արձագանքեց. «Եթե Տեր-Պետրոսյանի առաջադրումից հետո փոթորիկ լինի, այս պարագայում տեսնենք, թե փոթորիկն  ո՞ւմ է սրբելու տանի քաղաքական թատերաբեմից»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031