Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուսանող դեսպանների ծրագիրը» շուտով կհյուրընկալվի Վանաձորում

Դեկտեմբեր 05,2012 23:17

 Միջազգային կրթության Ամերիկյան Խորհուրդներ ACTR/ACCELS հայաստանյան գրասենյակը, Education USA կրթական խորհրդատվական կենտրոնը ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ դեկտեմբերի 10-ին Վանաձորում մեկնարկելու է   ԱՄՆ բարձրագույն կրթության հնարավորությունների մասին դասախոսությունների շարքը:

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են ուսումը շարունակելու ԱՄՆ համալսարաններում, քոլեջներում, «Ուսանող դեսպանների ծրագրի» շրջանակներում շուրջ երեք ամիս տեւողությամբ դասախոսությունների շնորհիվ մանրամասն տեղեկատվություն եւ խորհրդատվություն կստանան ԱՄՆ բուհերի ընթացակարգի վերաբերյալ:

Դասընթացավար, Լոռու մարզի ուսանող-դեսպան  Շուշաննա Աբովյանը, ով ԱՄՆ-ում ուսման ընթացքում ստացած իր փորձն է կիսելու  ծրագրի մասնակիցների հետ, Aravot.am –ի հետ հարցազրույցում նշում է, որ   դասախոսությունների շարքը երիտասարդներին ոչ միայն հնարավորություն կտա լիարժեք պատկերացում կազմելու ԱՄՆ կրթական համակարգի մասին, այլեւ մասնակիցները կստանան խորհրդատվություն, ինչպես նաեւ ծրագրի ավարտին լիարժեք պատկերացում կկազմեն բուն համալսարաններ դիմելու ձեւերի, չափորոշիչների վերաբերյալ:  «Կլինեն նաեւ գործնական պարապմունքներ, քանի որ դասախոսությունների շարքը ներառում է TOEFL, GRE, ստանդարտացված թեստերի մասին քննարկում, էսսե-շարադրություններ գրելու հմտությունների ձեռքբերում »: Շուշաննա Աբովյանը նշում է, որ ծրագիրը միտում ունի  Education USA ծառայությունները  հասանելի դարձնել նաեւ մայրաքաղաքից դուրս գտնվող հեռանկարային ուսանողների համար:«Այսինքն` ուսանողներին տալիս ենք մաքսիմալ ռեսուրսներ ԱՄՆ բուհական կրթության վերաբերյալ: Շատերը ցանկանում են, օրինակ, դիմել ԱՄՆ որեւէ համալսարան, սակայն չգիտեն, թե որտեղից սկսեն, ինչ անեն: Այստեղ նրանց օգնության է հասնում  “Ուսանող դեսպանների ծրագիրը»:

Ծրագիրը իրականացվել է նաեւ անցած տարի` ընդգրկելով 5 մարզ՝ Լոռի (Վանաձոր), Շիրակ (Գյումրի), Սյունիք (Կապան), Կոտայք (Չարենցավան) եւ Տավուշ (Իջեւան): Այս տարի ծրագիրը իրականացվում է Վանաձորում,  Գյումրիում, Չարենցավանում, Արմավիրում եւ Աշտարակում:

Լոռու մարզի ուսանող-դեսպան Շուշաննա Աբովյանը տեղեկացնում է, որ ծրագրի արդյունքում ունեցել են մասնակիցներ, ովքեր մասնակցել են ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող ծրագրերի, եղել են նաեւ  այնպիսի մասնակիցներ, ովքեր ինքնուրույն դիմել են ԱՄՆ համալսարաններ եւ այժմ շարունակում են իրենց ուսումը ԱՄՆ-ում:

Նա հավելում է, որ  դասախոսությունների ընթացքում մասնակիցների հետ իրենց փորձն ու ու գիտելիքներն են  կիսելու նաեւ հրավիրված  այլ մասնագետներ:

«Յուրաքանչյուր դասախոսությանը մենք ունենալու ենք նաեւ հյուր-խոսնակներ՝ ԱՄն կառավարության կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանավարտներ, Խաղաղության Կորպուսի կամավորներ, ովքեր գալիս են կիսելու իրենց փորձը ԱՄՆ կրթության վերաբերյալ: Անցյալ տարի, օրինակ, հյուրընկալել էինք նաեւ Հայաստանի Ամերիկյան Համալսարանի ներկայացուցիչներին, ովքեր ներկայացնում էին համալսարանը եւ առաջարկվող ծրագրերը: Այս տարի եւս նույն կերպ ենք աշխատելու, հնարավոր է` հյուրեր ունենանք նաեւ ԱՄՆ դեսպանատնից»,-եզրափակում է Լոռու մարզի ուսանող-դեսպանը:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

ՀԳ. Առաջին դասախոսությունը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին, ժամը 15:30-ին Վանաձորի ամերիկյան անկյանը, Վարդանանց 25 հասցեում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31