Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսք հիշատակի…

Դեկտեմբեր 06,2012 13:31

Այսօր առավոտյան դեպի աշխատավայր ուղեւորվելիս պետք է մեկնեի փոստատուն, որպեսզի Ամանորի եւ Սուրբ Ծնունդի առթիվ շնորհավորական բացիկ ուղարկեի իմ հանդիպած ամենահմայիչ, ամենակենսուրախ կանանցից մեկին՝ Նորին գերազանցություն դեսպան Կարինե Ղազինյանին:

Հեռախոսազանգը, որով ամուսինս ինձ շտապեց զգուշացնել՝ չմտնել փոստատուն, կարծես ամպրոպ լիներ պարզ երկնքում: Ոչ մի կերպ չեմ կարողանում ուշքի գալ, չեմ կարողանում հավատալ, որ տիկին Կարինեն այլեւս մեզ հետ չէ: Այնքան կյանք, այնքան եռանդ, այնքան ծրագրեր կային առաջին իսկ հայացքից բոլորին դեպի իրեն մի յուրահատուկ մագնիսական ուժով ձգող այդ բացառիկ ուժի տեր կնոջ մեջ…

Անցյալ տարի Սուրբ Ծննդյան տոներին Լոնդոնում էի, որտեղ նոր էր աշխատանքի անցել Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակված տիկին Ղազինյանը: Նրա ընկերակցությամբ անցկացրած մի քանի օրերը մշտապես կմնան իմ հիշողության եւ սրտի մեջ: Ականջներիս մեջ միշտ կհնչի նրա վարակիչ ծիծաղը, որը կարծես թե նրա այցեքարտը լիներ, հիշողությանս ալբոմում միշտ կլինի նրա ժպտուն հայացքը, երբ պատմում էր իր զավակների մասին, կլսեմ նրա ձայնը, թե ինչեր եւ ինչեր է պատրաստվում անել Մեծ Բրիտանիայում՝ Հայաստանի համար, կհիշեմ այն հպարտությունը, որով ցույց էր տալիս իր նախորդ դիվանագիտական ծառայության ժամանակ՝ Գերմանիայում Հայաստանի դեսպանության համար ձեռք բերած շենքի լուսանկարները,  չեմ մոռանա սիրով լեցուն այն մեղմ թախիծը, որով խոսում էր իր վաղամեռիկ ամուսնու մասին… Եվ երբեք չեմ կորցնի այն զգացողությունը, որն ունեցա տիկին Ղազինյանի հետ հանդիպելու առաջին իսկ վայրկյանին՝ որքա՜ն հպարտ եմ, որ իմ երկիրը, իմ ազգը այսպիսի՛ Կին, այսպիսի Մարդ  է ներկայացնում աշխարհի կարեւորագույն անկյուններից մեկում:

Մնաք բարով, սիրելի տիկին Ղազինյան, Դուք Ձեր ներկայությամբ շատերին եք լույս եւ ջերմություն պարգեւել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31