
– Դուք ժամանակին մտերմիկ հարաբերությունների մեջ էիք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, տեղեկություններ կային անգամ, որ ցանկանում էիք ԲՀԿ-ական դառնալ։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է մտադիր անել Ծառուկյանը։
– Ես, ճիշտ է, շատ մոտիկ հարաբերությունների մեջ եմ եղել, եւ այժմ էլ նորմալ հարաբերությունների մեջ ենք, բայց ինձ երբեք առաջարկություն չի եղել ԲՀԿ-ական դառնալ։ Իսկ ինչ վերաբերվում է նրա առաջադրվելուն, ապա կարծում եմ, որ շատ ավելի ճիշտ կլինի՝ Ծառուկյանը չառաջադրվի, որվհետեւ, իմ կարծիքով դեռ ժամանակ է պետք ավելի խորքային մտածելու, ավելի շատ կայանալու համար։ Մի քիչ սպասել է պետք, մի քիչ ժողովրդի վստահությունը վաստակել է պետք՝ աշխատանքով։ Եթե իմ խորհուրդը կլսի, ապա ես կառաջարկեի, որ այս ամենից հետո նոր առաջադրվի։
– Բա ասում էիք՝ մայիսի ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ն արդեն կայացել է։ Այսինքն՝ Գագիկ Ծառուկյանը չունի՞ նախագահ դառնալու պոտենցիալ։
Կարդացեք նաև
– Ինքը ունի, բայց որ ինքը մրցելու է արդեն իսկ պետության պատասխանատվությունը վերցրած քաղաքական ուժի հետ, դա արդեն շարքերի հարաբերակցությունը պակասեցնում է։ Ես կարծում եմ, որ հիմա չպետք է առաջադրվի, այլ հաջորդ նախագահական ընտրություններում, որովհետեւ վայելում է ժողովրդի հարգանքն ու սերը, վստահությունը, պարզապես այս անգամ չպետք է առաջադրվի։ Ավելի լավ ու մանրակրկիտ պետք է պատրաստվի մյուս նախագահական ընտրություններին։
– Տեղեկություններ կան, որ անգամ Ծառուկյանը չգիտի, թե ինչ անի, ինչպես լուծի այդ հարցը եւ ինչ-որ հուշումների է սպասում։ Նշվում է նաեւ, որ հիմնականում սպասում է Մոսկվայի պատասխանին։
– Ես կարծում եմ՝ Ծառուկյանն իմ նման է մտածում, եթե ես չեմ սխալվում՝ ինքը չի առաջադրվի, դա իմ կարծիքն է։ Ախր միայն առաջադրվելը չէ, պետք է նաեւ հաղթի, հետագա զարգացում ապահովի երկրի համար։ Գիտեք ինչ, 70-80 տարի է՝ մենք ամեն ինչը կապում ենք Մոսկվայի հետ՝ թե՛ դրական առումով, թե՛ բացասական։ Եթե այնտեղ կլինեն այնպիսի ուժեր, որոնք կփորձեն թելադրել ինչ-որ բաներ, ապա ես դա բացասական եմ գնահատում։ Մենք անկախ պետություն ենք, եւ երբեք չէի ուզենա, որ այլ պետության ղեկավարները կամ քաղաքական գործիչները մեզ ուղղորդեին։ Կարող են խորհուրդներ տալ, բայց ոչ ուղղորդել, դա հասարակությունը չի ընդունի, եւ կարծում եմ՝ ոչ ոքի համար էլ դա ընդունելի երեւույթ չէ։
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Ժողովուրդ»


















































