Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ թե բոյկոտ, այլ «սովորական դասալքություն»

Հունվար 09,2013 13:17

Ըստ Ռուբեն Մեհրաբյանի՝ իշխանությունների «ծտի լեզվով» արտասանած «ազգային» ճառերը կապ չունեն 21-րդ դարի ՀՀ քաղաքացու խնդիրների հետ:

– Պարոն Մեհրաբյան, նախագահական ընտրություններից մեկ ամիս առաջ ինչպե՞ս եք գնահատում հայաստանյան քաղաքական դաշտը: Բավական հաճախ է հնչում այն տեսակետը, թե Սերժ Սարգսյանը ընտրապայքարում չունի ազդեցիկ մրցակից: Նման իրավիճակում ընտրությունների ելքը՝ բացի այն, որ կանխատեսելի է, ի՞նչ վտանգներ է պարունակում: Իշխանությունները ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն, որպեսզի Հայաստանը չնմանվի ասիական որեւէ երկրի:

– Հայաստանում քաղաքական դաշտն ամայացած է եւ դեֆորմացված: Կա իշխանություն՝ իր հայտնի թեկնածուով, եւ տարբեր կարգի եւ որակի քաղաքական սուբյեկտներ, որոնք ֆունկցիոնալ տեսակետից «հում» են եւ մասնատված, կարեւորագույն նիշաները մնում են դատարկ կամ լցված են «սուռոգատներով»: Այո, արդյունքում Սերժ Սարգսյանը ներկայումս չունի այն Ձեր ասած՝ ազդեցիկ մրցակցին, որն ուղղակի անհրաժեշտ է թե հանրությանը, թե պետությանը: Եվ մնում է արձանագրել, որ ընտրությունների ելքը կանխատեսելի է, հանրությունը դա լիովին հասկանում է եւ արձագանքում խորը, աննախադեպ անտարբերությամբ: Ստեղծված իրավիճակը վտանգավոր գայթակղություններ է առաջացնում իշխանության մոտ, ամենազորության պատրանք, եւ իշխանությունը չպետք է կորցնի իրականության զգացումը: Իսկ իրականությունն այն է, որ նման իրավիճակում չի կարող ստեղծվել, ձեւավորվել ուժեղ իշխանություն, որովհետեւ իշխանությունը չի կարող ուժեղ լինել, լեգիտիմ լինել, եթե չունի քաղաքացիական լայն հենարան: Սրա ընկալումից են բխելու իշխանությունների հետագա քայլերը կամ չընկալումից: Քաղաքական պատասխանատուներն ի վերջո պետք է սովորեն մարդկանց հետ մարդկային լեզվով խոսել, այն, ինչ այսօր ուղղակի չկա: Նրանց մոտ նույնիսկ մարդավարի Նոր տարի շնորհավորել չի ստացվում, «ծտի լեզվով» արտասանած այդ կեղծ ավանդապաշտական, «ազգային» ճառերը կապ չունեն 21-րդ դարի Հայաստանի քաղաքացու խնդիրների եւ էության հետ: Դրանով արդեն իսկ Հայաստանը չի նմանվում ասիական երկրներին: Ուրիշ բան, որ իշխանությունն է ձգտել ու ձգտում «բաշիական» բարքերի: Բայց դա անիմաստ ջանք է: Ինչքան էլ անշնորհք, ոչ ադեկվատ ու անպետք լինի ընդդիմությունը, ինչքան էլ 2008-2011 թվականների ընդդիմադիր քաղաքացիները լինեն այսօր անտարբեր, միեւնույն է՝ Հայաստանը, Հայաստանի քաղաքացին չի՛ հանդուրժում ու չի՛ հանդուրժելու տիրակալներին: Եվ դա փաստ է, մնացյալը՝ կապրենք կտեսնենք:

– ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը եւ ՀՅԴ-ն չառաջադրեցին թեկնածու նախագահական ընտրություններում եւ որեւէ թեկնածուի չեն պաշտպանում, նույնիսկ ՀԱԿ-ը՝ իր խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին: Ըստ էության բոյկոտելով նախագահական ընտրությունները՝ այս ուժերը ի՞նչ հարց են լուծում,  ինչո՞ւ նրանք գնացին այդ քայլին, եւ ընդհանրապես՝ բոյկոտը ո՞ւմ օգտին կարող է աշխատել: Եվ հաջորդը՝ ընդդիմադիր ընտրազանգվածը ինչպե՞ս է կողմնորոշվելու այս իրավիճակում:

– Անցած տարիների ընթացքում նրանց դրսեւորած խայտառակ կոնֆորմիզմը եւ մարդկանց հանդեպ, մարդկանց մտավոր ունակությունների եւ բանականության նկատմամբ նրանց արհամարհանքը բերել են մի իրավիճակի, որ նրանց այլ բան չի մնում, քան մի այսպիսի «գեղեցիկ» պոզա ընդունել եւ հետ քաշվել ոչ միայն ընտրական, այլեւ քաղաքական պրոցեսից: Ուշագրավ է, որ նույն որոշմանը հանգեցին հենց այն ուժերը, որոնք, այսպես կոչված, «միասնական շտաբում» ոչ իշխանության կողմից որեւէ էական ընտրախախտում տեսան, ոչ էլ սեփական տրակտորները, որոնք ընտրական շտաբների բակերում էին կայանած, բայց գնացին «վայելելու» պատգամավորական աթոռները ԱԺ-ում՝ մոռանալով ամեն տեսակի տեղի եւ անտեղի արմատական հռետորաբանություն, դարձնելով դա ուղղակի ինքնանպատակ: Իհարկե, սա չի վերաբերում առանձին պատգամավորների, որոնք ուժերի ներածին չափով փորձում են իրավիճակի մեջ փոփոխություն մտցնել, բայց նրանք բացառություններ են, որոնք, ցավոք, հաստատում են դրան հակառակ օրինաչափությունը: Ասում եք՝ «բոյկոտ»: Ուրեմն՝ չկա՛ բոյկոտ: Կա չմասնակցություն, ինչը բոյկոտ չէ, այլ սովորական դասալքություն: Բարեբախտաբար, դա գիտակցում են առանձին քաղաքական գործիչներ, որոնցից մեկն, անշուշտ, Հրանտ Բագրատյանն է: Իհարկե, նրա որոշումը խիստ ուշացած էր, բայց նա չընկրկեց ո՛չ ժամանակի սղության, ո՛չ էլ նախկին կողմնակիցների սանձազերծած բարոյական տեռորի առաջ եւ փորձում է հանդես գալ իր ասելիքով, իր ծրագրով՝ ստիպելով իշխանությանը հակադարձել կամ համաձայնել իր հետ, ինչի արդյունքում շահելու է թե՛ քաղաքացին, թե՛ պետությունը: Իսկ Բագրատյանի՝ կոնգրեսական զինակիցների ներկայիս դիրքորոշումը, խղճահարությունից բացի, այլ բան չի առաջացնում եւ որեւէ քննության չի դիմանում, եւ ընտրողի կողմնորոշվելու հարցն էլ առայժմ մնում է բաց:

– Ձեր կարծիքով՝ Եվրասիական միությանը եւ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցում Հայաստանի իշխանություններին կհաջողվի՞ մանեւրել, թե՞ Ռուսաստանը ՀՀ իշխանություններից կստանա ցանկալի զիջումը:

– Այդ ներուժի առկայությունը կախված է վերջին հաշվով մեզնից, յուրաքանչյուրից: Ասեմ, թե ինչու: Այդ պուտինյան միությունները» կոչված են կոնսերվացնելու Ռուսաստանի եւ հետխորհրդային երկրներում առկա արատավոր՝ «մոնղոլա-բուզանդական» համակարգերը: Պուտինի՝ իր դարն ապրած, գերկոռումպացված եւ կրիմինալի մեջ թաթախված ռեժիմը փորձում է լուծել իր ինքնապահպանման խնդիրը, եւ նրա հետ իբր համաձայնվող այլ հետխորհրդային ռեժիմները մտահոգված են նույն ցավով: Այս կեղծ գաղափարների իրական շարժառիթներից է նաեւ խաթարել կամ գոնե դանդաղեցնել հետխորհրդային երկրների բնական եւ անխուսափելի մերձեցումը Եվրոպայի հետ: Վստահ եմ, որ պատմական առումով անհեռանկար այդ գաղափարից կհրաժարվեն առաջին հերթին հենց իրենք՝ ռուսները, ինչպես ժամանակին հրաժարվեցին ԽՍՀՄ-ից: Եվ վստահ եմ, որ դա տեղի կունենա շատ կարճ ժամանակ անց: Եվ ինչքան էլ ասեն, թե ԵՄ մերձեցմանը դա խոչընդոտ չէ, խաբեություն է: Կրեմլը փորձում է իր ազդեցությունը պահպանել Հայաստանում, եւ այդ, այսպես կոչված, Մաքսային միությունը բռնապետությունների, մակաբույծ կրիմինալ-օլիգարխիաների մաքսային միություն է, որը նպատակ ունի փակելու մեր ճանապարհը դեպի Միասնական Եվրոպա: Եվրոպական ընտանիքին անդամակցելը ոչ միայն բխում է մեր ազգային-պետական եւ ազգային անվտանգության շահերից, այլեւ դա վերադարձ է դեպի մեր քաղաքակրթական բնօրրան: Այդ ընտրությունն արդեն կատարվել է 301թ.: Ուստի դրանք ոչ միայն իրար հակասող, այլեւ ուղղակի փոխբացառող բաներ են: Հաշվի առնելով այս ամենը՝ յուրաքանչյուրիս պարտքն է ստիպել իշխանությանն անել ամեն անհրաժեշտը, որպեսզի օր առաջ ստորագրենք ԵՄ հետ Քաղաքական ասոցացման ու Ազատ առեւտրի մասին պայմանագրերը եւ հնարավորություն չտանք, որ տեղ մնա մերձիշխանական կլաններին տարբեր պատրվակներով, խորամանկ ասիացու «խաղերով» պահպանել այս հետխորհրդային ճահիճը: Սա հազար անգամ ավելի կարեւոր է, քան այն, թե Հայաստանի ներկա կամ ապագա նախագահի անունն ինչ է:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031