Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է դեմ գնում պետական քաղաքականությանը

Հունվար 18,2013 13:23

Շտեմարանների խնդրի հետ կրկին բարձրանում է հանրակրթության որակը բարձրացնելու, ավագ դպրոցի խնդիրները բարձրաձայնելու կենսական պահանջը: Դրա համար պե՛տք է կայանա ավագ դպրոցը, պետք է ավագ դպրոցում էլ աստիճանաբար անցնենք կրեդիտային համակարգին եւ ավագ դպրոցի մեր աշակերտները 3 տարվա կիսամյակային կուտակած գնահատականներով մասնակցեն բուհի մրցույթներին՝ վերջ տալով այսօրինակ բախտախնդիր շտեմարանային մղձավանջին:

Հայոց լեզվի եւ գրականության շտեմարանների հետ կապված սոցիալական ցանցերում աշակերտների կողմից բողոքի ալիքին պարտավոր ենք ականջալուր լինել: Ավագ դպրոցի մի աշակերտուհի գրել է, թե ինչպե՞ս կարելի է անգիր անել հայոց լեզվից 5, մաթեմատիկայից 3, անգլերենից 2 շտեմարանների հատորները: Իհարկե դրա պատասխանն է՝ իսկապես չի կարելի: Սակայն պարզվում է, որ վերոնշյալ շտեմարանների որոշ հանձնարարություններ իսկապես պետք է անգիր անել: Մեջբերում եմ 12-րդ դասարանցի Լիլիթի նամակից. «Նոր շտեմարանը ուսումնասիրելուց հետո հասկացա, որ լավ միավորներ ստանալու միակ ճանապարհը ԶՈՒԲՐԻՏ անելն է: Շտեմարանում կան այնպիսի հարցեր, որոնց լուծումների շուրջ վիճում են նույնիսկ մասնագետները, էլ ուր մնաց, թե աշակերտները լուծեն: Եվ, ի վերջո, պիտի հաշվի առնել, որ մենք դիմում ենք կրթություն ստանալու համար եւ կան այնպիսի խիստ մասնագիտական հարցեր, որոնց դեռ նոր պիտի ծանոթանանք: Ես որոշել եմ դառնալ բանասեր եւ մտածում եմ, եթե ես դառնամ մանկավարժ, ապա ինչպես պիտի աշխատեմ, որ աշակերտներս կրկնուսույցի կարիք չունենան: Երեւի պիտի ստեղծագործությունների տողերը տամ անգիր անել կամ պիտի ութսունական թվականների բառարաններից դուրս գրեմ չօգտագործվող եւ պետք չեկող բառեր եւ ստիպեմ անգիր անել, որ հետո աշակերտներս երախտապարտ լինեն քննությունները հանձնելու համար»: Իսկապես հետաքրքիր է, թե ի՞նչ նպատակ են հետապնդել հեղինակները՝ նման հանձնարարականներ ներառելով շտեմարաններում, լեզվի իմացության ո՞ր պահանջի բացահայտմանն են ուղղված դրանք: Աշակերտներից մեկի համոզմամբ, որը ես էլ եմ կիսում, շտեմարանների հեղինակները կարծես մի նպատակ են հետապնդում՝ բռնացնել դիմորդին չիմացության մեջ, որը կարծես ասում է՝ դա ես գիտեմ, արի ինձ մոտ՝ սովորեցնեմ: Իսկ մաթեմատիկայի միասնական քննական թեստերի գնահատման նորմատիվներում այդպես էլ չի վերացվում բացասական միավորով առաջադրանքները գնահատելու չարագործ մոտեցումը, ըստ որի՝ եթե դիմորդը խնդիրը չի լուծում, ապա ստանում է 0 միավոր, որը նորմալ է, բայց եթե սխալ պատասխանն է նշում, ապա ստանում է մինուս մեկ: Փաստորեն, դիմորդը մեկ սխալի համար պատժվում է կրկնակի:

Շտեմարաններ ստեղծելու պարտավորությունն այսօր դրված է ԳԹԿ-ի ՊՈԱԿ-ի վրա, որի խորհրդի նախագահը կրթության փոխնախարարն է, ով որպես հանրակրթության ոլորտը ղեկավարող փոխնախարար, անմիջական պատասխանատվություն է կրում այս գործընթացի համար: Շտեմարանների մասին այս խոսակցությունները կրկին առիթ են տալիս բարձրաձայնել այն մասին, թե ո՞վ է պատասխանատու այն բանի համար, որ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 20-րդ կետի պահանջով եւ նախարարի հրամանով հաստատված կարգի համաձայն, ուսումնական ձեռնարկների փորձաքննությունը, որոնց մեջ մտնում են նաեւ շտեմարաններն ու թեստերը, պետք է փորձաքննվեին ԿԱԻ-ում, սակայն չեն փորձաքննվել եւ շտեմարանների բովանդակության ամբողջ պատասխանատվությունը փաստորեն ընկնում է ԳԹԿ-ի կողմից ընտրված հեղինակային խմբի վրա: Նկատեմ, որ պատճառն, իմ կարծիքով, նաեւ այն է, որ հեղինակային խմբի մեջ են նաեւ ԿԱԻ-ի մասնագետները եւ իրենք իրենց, բնական է, փորձաքննության չէին ենթարկելու: Այնինչ ավելի ճիշտ կլիներ, եթե շտեմարանները գրվեին մի խմբի կողմից եւ փորձաքննվեին այլ խմբի կողմից:

Այս պատմությունից շատ անհանգստացնող եզրակացություններ կարելի է անել: Առաջին, որ ի վերջո շտեմարան ու թեստ գրելը մասնագիտություն է եւ մեզանում որեւէ բուհ չի տալիս նման որակավորում եւ այդ բացի մասին պետք է մտահոգվեն համապատասխան բուհերը, երկրորդ՝ տարբեր առարկաների շտեմարանների հեղինակային խմբերում տարբեր տարիներին ռոտացիոն, թե ո՞ր սկզբունքով հավաքվում են նույն մասնագետները: Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում նոր, երիտասարդ մասնագետներ չեն աճում, այս ոլորտում գիտական թեզեր չեն պաշտպանվում: Հարյուր տարի է՝ նույն մասնագետների անուններն ենք կարդում, ովքեր շտեմարան, թեստ գրողներն ու նաեւ թանկարժեք կրկնուսույցներն են, ովքեր գրում են այն, ինչ տարիներ շարունակ գրել են, քննադատվել են, բայց շարունակում են մնալ իրենց անփոխարինելի դիրքերում: Երբեւէ հարց չենք բարձրացնում այն մասին, թե արդյո՞ք ուղիղ կապ չկա այս փաստի եւ հանրակրթության որակի անկման միջեւ, ավագ դպրոցների չկայանալու եւ կրկնուսույցների ինստիտուտը աստիճանաբար ոչ միայն չվերացնելու, այլ ուժեղացնելու միջեւ: Տեղին է հիշեցնել, որ 2011 թվականի ավագ դպրոցի աշակերտների գիտելիքների արտաքին գնահատման արդյունքները հայոց լեզվից ու մաթեմատիկայից ուղղակի անբավարար են ու մինչ օրս չեն տրվել հետեւյալ հարցերի պատասխանները՝ ի՞նչն էր այդ ցածր արդյունքների պատճառը՝ առարկայական ծրագրե՞րը, դասագրքե՞րը, ուսուցիչների գիտելիքների ու հմտությունների ցածր մակարդա՞կը, նրանց վերապատրաստման ցածր որա՞կը, թե՞ շտեմարանների ու թեստերի անհամապատասխանությունն առարկայական ծրագրերին ու դասագրքերին կամ բոլորը միասին վերցրած:

Եթե ԳԹԿ-ն պարբերաբար իրականացներ սովորողների գիտելիքների ստուգումների եւ քննությունների արդյունքների ամփոփումը, վերլուծությունների իրականացումն ու դրանց հրատարակումը, որի իրավունքը կանոնադրությամբ տրված է միայն իրեն, եւ դրանցից բխող եզրակացությունները համապատասխան ցուցումներով ուղղահայաց կերպով տրվեին կրթություն իրականացնող պատկան կառույցներին, ապա մեր աշակերտներն ու ծնողներն իսկապես ավելի կվստահեին ավագ դպրոցին, այլ՝ ոչ կրկնուսույցներին, իսկ 2008 թվականին ՀՀ կառավարության կողմից ընդունված «Ավագ դպրոցների համակարգի ստեղծման ռազմավարական ծրագրում» հենց այս նպատակն է գրված, որին տրամագծորեն հակառակ գործունեություն է ծավալվում, ի դեմս հրապարակում առկա հայոց լեզվի եւ գրականության շտեմարանների:

ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆ

կրթության ոլորտի փորձագետ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031