Լրահոս
Օրվա լրահոսը

«Ս. Սարգսյանը Ր. Հովհաննիսյանին կփորձի վերադարձնել իր ճահիճն ու կազինոն»

Փետրվար 28,2013 14:15

Կարծում է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը

Երեկ Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում Ժիրայր Սեֆիլյանը կարծիք հայտեց, որ ժողովրդի համբերության բաժակը արդեն լցվել է, եւ նրանք են պահանջում արագ կարգով իշխանափոխություն: Նա երկրում ստեղծված վիճակը անվանելով բացառիկ՝ հետեւյալ մեկնաբանությունը ներկայացրեց. «Այս պոռթկումը, որը տեղի է ունեցել մեր ժողովրդի կողմից, շատերի համար, անշուշտ, անակնկալ էր: Առաջին հերթին իշխանությունների համար, որոնք, երբ նկարում էին 37 տոկոս թիվը, չէին ակնկալում, որ հաջորդ օրը ժողովուրդը պատրաստ կլինի փողոց դուրս գալու: Նրանք շատ զարմացած էին եւ վախեցած: Սակայն հաջորդող օրերին նրանք փորձեցին ցույց տալ, թե ամեն ինչ նորմալ է, նորմալ ընթացք է, ինչպես 5 տարի կամ 10 տարի առաջ էր: Սակայն երկու իրադարձություն տեղի ունեցավ, ես կնշեմ մեկը, երկրորդը չեմ նշի, որի պատճառով իշխանությունները սարսափած են: Ուրեմն՝ ես կուզեմ նշել Երեւանում ուսանողության կողմից ըմբոստացման գործողությունները, այդ պատճառով ռեժիմը ունի որոշում Րաֆֆի Հովհաննիսյանին վերադարձնել իրենց դաշտ: Երկու օր առաջ Րաֆֆի Հովհաննիսյանը հստակ ընդգծեց իր գործունեության ուղին: Այս պահին, դուք տեղյակ եք, որ խորհրդարանում գնում են խորհրդակցություններ, խմբակցությունների ղեկավարները՝ Գալուստ Սահակյանի գլխավորությամբ, փորձում են ինչ-որ արտահերթ խորհրդարանական նիստ գումարելու օրակարգ ճշտել՝ հետընտրական պրոցեսների վերաբերյալ: Ես համոզված եմ, որ այդ ամբողջը իշխանությունների սարսափից է, եւ նրանք ամեն ինչ անելու են Րաֆֆի Հովհաննիսյանին վերադարձնելու իրենց ճահիճը, իրենց կազինոն: Սակայն ես հուսով եմ, որ դա երբեք չի իրականանա»:

Ժիրայր Սեֆիլյանը համեմատություններ անցկացրեց նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ու Րաֆֆի Հովհաննիսյանի մարտավարության միջեւ, խոսեց հին քաղաքական գործիչների՝ Րաֆֆի Հովհաննիսյանին միանալու դրական ու բացասական կողմերի մասին: Ըստ նրա՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, ի տարբերություն 1996 թվականից ընտրություններում հաղթող ընդդիմադիր գործիչների, չկրկնեց նրանց սխալները, այլ դիմեց քաղաքական ստեղծագործ ոճի: Իսկ այդ ճանապարհը, բանախոսի համոզմամբ, հաղթելու ուղին է: Համեմատելով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին Րաֆֆի Հովհաննիսյանի հետ՝ Ժիրայր Սեֆիլյանն ասաց. «Նա հերթական անգամ չի պատրաստվում նախորդ գործիչների նման քայլեր կատարել դեպի փակուղի: Մի հանգամանք կուզեի մատնանշել. Լեւոն Տեր-Պետրոսյանը այդ ժամանակ գլխավորելով շարժումը՝ ուներ ինչ-որ չափով իր անվան հետ կապված սեւ բծեր. մեր ժողովուրդը երբեք չի մոռանա Տեր-Պետրոսյանի ազգային գաղափարական, այսպես ասած, հեռու լինելը ինչ-որ չափով մեր ազգի իղձերից, այդ ժամանակ հակառակորդը կարողացավ շատ լավ օգտագործել, մեր ժողովրդին փորձեց բաժանել երկու մասի՝ հանձինս այդ դեպքում Արցախի եւ ամբողջ հայության, կարողացավ ինչ-որ զատում առաջացնել՝ ասելով, թե այս մարդը պատրաստվում է Արցախը վաճառել, այս մարդուն ո՞նց կարելի է պաշտպանել եւ այլն: Այս դեպքում այդ գործոնը չկա, սա շատ եմ կարեւորում, որովհետեւ Րաֆֆի Հովհաննիսյանի դեպքում իմանալով Արցախի հետ կապված նրա հայացքները՝ նրա անձի շուրջ հայտնվելու են մարդիկ, եւ Արցախում բնակվող հայերը իրենք են միանալու այս նոր ձեւավորման շարժմանը»,- համոզմունք հայտնեց Ժիրայր Սեֆիլյանը: Նա ասաց, որ թեեւ ողջունում է Լեւոն Տեր-Պետրոսյանի այս նոր համաժողովրդական շարժմանը միանալու մտադրությունը, սակայն գտնում է, որ բեմահարթակը պետք է պահպանել մաքուր: Ժիրայր Սեֆիլյանի մեկնաբանմամբ՝ քանի որ նպատակ կա համակարգային փոփոխության, ուրեմն այդ բեմահարթակում պետք է հայտնվեն հնավորինս չվարկաբեկված գործիչներ եւ նվիրյալ մարդիկ:

Ըստ նրա՝ ռեժիմից ձերբազատվելը ամենահեշտն է, բարդությունը դրանից հետո է, երբ փորձելու են երկիրը բերել զարգացման փուլ: «Ինչքան շատ նախկին գործիչներ աջակցեն, այնքան լավ, բայց այդ գործիչները չպետք է հայտնվեն առաջին պլան: Եկել է ժամանակը քաղաքական սերնդափոխության, եւ քաղաքական սերնդափոխություն ասելով՝ մենք նկատի չունենք տարիքային տարբերությունը, այլ որակական փոփոխությունը: Եկել է քաղաքական նոր որակի գործիչների ի հայտ գալու ժամանակը»,- հայտարարեց Ժիրայր Սեֆիլյանը՝ վստահեցնելով, որ շուտով նոր բեմահարթակում կտեսնենք նոր, թարմ դեմքերի ու նվիրյալների:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Maxim says:

    Անչափ հարգելի Ժիրայր: Միանշանակ ճիշտ Եք: Իսկ գուցե իրոք ժամանակն է նոր իշխանություն
    ձևավորել, որ հանկարծ երկիրը չհայտնվի անկանխատեսելի իրավիճակում: Ավազակախոմբին զերծ
    պահելու իրենց հերթական ոճռագործություններից՝, երևի միակ և ճիշտ որոշումն է:

  2. David says:

    Ռուսական զրահամեքենա եք ուղում տեսնել հարթակում;Ավելի շուտ պուտինյան;Նրա զրահամեքենան էլ ,,ընտրյալն,, է;
    ԱՄՆ-ի Նեբրասկա նահանգի եկեղեցիներում զկրտալն ու փռշտալը համարվում է անթույլատրելի:ՀՀ-ում առանց ՌԴ-ի`մտածելը;Կեցցե հայոց մտածող ռազմաբազան;Ինչ կարևոր է, թե խելքի ,,ավելից,, ում կազինոյում կարելի է կրվել;

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728