Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի հոդվածն, որը դարձավ իր իշխանազրկման թրիգերը, կրկին արդիական է, բայց ոչ նույն գումարելիներով։ Եթե նախկին հոդվածի բանաձևը հանդիսանում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում, ազատագրված տարածքների վերադարձ, իսկ դրա դիմաց հայկական ինքնավարություն Ադրբեջանի ներսում, խաղաղություն՝ դրանից բխող դրական հետևանքներով, ապա հիմա բանաձևը լրիվ այլ է․ Ադրբեջանից ստորացման հանդուրժում, Հայաստանի տարածքների մասնատում, դրա դիմաց չկրակել, կամ թե նույնն է թե՝ կեղծ խաղաղություն։
Ինչու եմ ես այս ամենը կոչում կեղծ խաղաղություն, քանի որ խաղաղությունն, որը հիմնված է մեկ կողմի մյուսի պահանջմունքների անընդհատական բավարարման վրա, չի կարող լինել հարատև շատ պարզ մեկ պատճառով․ Ադրբեջանի անընդհատական ստորացուցիչ պահանջմունքներն ինչ-որ մի պահ այլևս հնարավոր չի լինելու բավարարել, և դա բնականաբար բերելու է պատերազմի։
Կոնկրետ մի օրինակ․ Տիգրանաշենի հանձնումը։ Ենթադրենք Տիգրանաշենը հանձնվեց Ադրբեջանին՝ Քյարքի անունով։ Հիմա հարց․ այդ տարածքն Ադրբեջանը բնականաբար բնակեցնելու է ադրբեջանցիներով, իսկ արդյոք իրավունք ունի՞ այնտեղ տեղակայել իր զորքերը։
Իհարկե ունի, քանի որ Միջազգային իրավունքի բոլոր կանոններով, պետությունը կարող է իր տարածքի ցանկացած մասում տեղակայել ինչ ցանկանա՝ ներառյալ զորքեր։ Ի դեպ, կարող են զորավարժություններ էլ անցկացնել։
Կարդացեք նաև
Երկրորդ հարց․ ենթադրենք Ադրբեջանը ցանկանա այնտեղ ատոմակայան կառուցել, արդյոք իրավունք ունի՞ այնտեղ կառուցել ատոմակայան։
Իհարկե ունի, քանի որ նույն Միջազգային իրավունքի բոլոր կանոնների պահպանմամբ, եթե կառուցվելիքը վերաբերվում է խաղաղ ատոմին, ապա իհարկե ունի։
Երրորդ հարց․ ենթադրենք Ադրբեջանը այնտեղ ցանկանա տեղակայել իր բոլոր ծայրահեղ վտանգավոր բանտարկյալներին, արդյոք իրավունք ունի՞ դա անել։
Պատասխան։ Իհարկե ունի։
Ու եթե հանկարծ այդ բանտարկյալները, բանտի պետ Աբդուլահ Սաֆարովի անգործության արդյունքում փախնեն, ապա որտե՞ղ կարող են հայտնվել։ Բնականաբար ազատության մեջ և հավանաբար անցնեն նաև Հայաստանի տարածք։
Եվ այսպիսի հարցերը շատ են։ Շատ-շատ են։
Անհնար է անդադար բավարարել մոլագարի պահանջները։ Նա մի օր, միևնույնն է, իր զոհին սպանելու է, քանի որ կամ պահանջմունքը չի կարող բավարարել զոհը, կամ նոր պահանջմունք չկարողանալով հորինել՝ մոլագարը կընկնի խելագարության մեջ և դրա պատճառով կսպանի իր զոհին։ Այլ խոսքով ասած՝ կձանձրանա զոհի հետ մուկն ու կատու խաղալուց։
Զոհը, միևնույնն է, զոհվելու է, եթե շարունակի բավարարել մոլագարի պահանջները։
Դրա դեմն առնելու կա միայն և միայն և բացառապես մեկ տարբերակ։ Ասել «ոչ» մոլագարին և ասել «այո» սեփական իրավունքներին։
Սակայն ավելի ահավորն այն է, որ ժողովրդին հրամցվում է, որ մոլագարը թշնամի չէ, իսկ ժողովուրդն էլ զոհ չէ։ Իսկ ամենից մեծ տառապանքն այն է, որ ժողովրդի մի մասն էլ արդեն հավատացել է այդ երկու կեղծիքին՝ զոհ չլինելու և մոլագարի թշնամի չլինելու կեղծիքներին։
Տվեցիք Արցախը, նա ուզեց Տիգրանաշենը, տվեք Տիգրանաշենը և նա ուզելու է Երևանում իր ադրբեջանցիների վերաբնակեցումը։
Պետք է առերեսվել իրականությանը և իրականությունն այն է, որ քանի դեռ չունես վստահելի և ուժեղ դաշնակից, և քանի դեռ քո հարևանները սրանք են, հայ ժողովուրդ, ցավոք. խաղաղությունը մնալու է բաղձանք։ Մի շփոթեք չկրակելը խաղաղության հետ։
Իսկ ի՞նչ ենք ուզում մենք, որպես էթնոս, որպես հայ ժողովուրդ։ Ունենք արդյոք միասնական համազգային նպատակներ և իղձեր։ Ունեինք, ավաղ ունեինք։ Իսկ հիմա՞․․․
Այս կապակցությամբ հիշում եմ, Հայաստանի ամերիկյան համալսարանում սովորելուս տարիներին ամերիկահայ դասախոսներիցս մեկի հետ իմ կարճ բանավեճն, որի ընթացքում ասում էի, որ եթե հանես Հայոց Ցեղասպանության ճանաչումն և Արցախի հարցը, Սփյուռքի հետ միասնության ուրիշ կամուրջ չկա այլևս։ Դրա պատճառով առաջարկում էի, որ ստեղծվեր Հայկական երազանքի կոնցեպտը, որի շուրջ կհամախմբվեին բոլոր հայերը։
Եվ դա հենց հիմա մեր աչքերի առջև տեսնում ենք։ Այդ երկու հարցը դուրս է բերվել օրակարգից, և Սփյուռքն իր տեղը չի գտնում, իսկ ներկայիս իշխանություններն էլ կամ չեն ցանկանում կամ չեն կարողանում այլ օրակարգ առաջարկել Սփյուռքին։ Սփյուռքը կառչած է այդ երկու հարցից, քանի որ դա իր հայ մնալու, այլ խոսքերով ասած հայապահպանման, հիմնական միջոցն է համարում։ Իսկ ուրիշ բան դեռ ինչը չի գտել, կամ իրեն չի առաջարկվել։
Իսկ ի՞նչ անել հիմա։ Ներկայիս իշխանությունները կարծես թե համակերպվել են Չկրակել=խաղաղություն բանաձևի հետ, և կարծես դրա դիմաց պատրաստվում են շարունակել բավարարել Ադրբեջանի հերթական պահանջմունքները՝ Տիգրանաշենի և նոր Սահմանադրության ընդունման տեսքով։ Ընդդիմությունը չունի այն աստիճան լեգիտիմություն և ներուժ, որպեսզի կարողանա համախմբել հասարակությանը և երկնել ու ծնունդ տալ Հայկական երազանքին, որը հենց կլինի համազգային իղձը։
Պետք է ստեղծել այդ Հայկական երազանքը՝ համազգային իղձը, որը կկիսեն Հայաստանի և Սփյուռքի հայերի բացարձակ մեծամասնությունը։ Հարցն այն է, թե ով պետք է ստեղծի և թե ինչպես։
Առաջին հարցի պատասխանը հեշտ է՝ ցանկացած մեկն, ով ոչ մի աղերս չունի Ռուսաստանի և Թուրքիայի հետ, քանի որ այս ժողովուրդը անգամ ենթագիտակցական մակարդակում վանելու է այն ամենն ինչ գալիս է այդ երկուսի հետ կապված անձանցից։ Երկրորդ հարցի առնչությամբ, պատասխանը թաքնված է Սփյուռքում՝ ոչ ռուսական և ոչ թուրքական։
Խնդիրն այն է, որ հայ ժողովրդի սրտի 3 անոթներից՝ Հայաստան, Արցախ, Սփյուռք, մեկը վերացել է, մյուսը գտնվում է մի աննորմալ իրավիճակում, երբ անգամ Անկախության հռչակագրից հրաժարումն ընդունելի է դառնում, իսկ երրորդը՝ Սփյուռքը, լճացման մեջ է, և կառչած է երկու բանից, որոնք այլևս ըստ էության չկան։
Սակայն հենց Սփյուռքն է, որ ներկայիս իրավիճակում, միակն է, ով կարող է ենթարկվել մետամորֆոզի և երկնել ու հրամցնել հասարակությանը՝ Հայկական երազանքն, այն իղձը համազգային, որը կվարակի հայերի բացարձակ մեծամասնությանը։ Ի ընդդիմության Իրական Հայաստանի, Սփյուռքը պետք է առաջ բերի Հայկական երազանքը, քանի որ գործնականում Հայաստանի ներկայիս քաղաքական դաշտը պարզապես ունակ չէ դա անել։
Խաչիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































