«Մոսկվա» կինոթատրոնում երեկ տեղի ունեցավ բրիտանական ֆիլմերի 11-րդ ամենամյա փառատոնի բացումը: Փառատոնի հիմնական թեման լինելու է ջուրը, քանի որ 2013 թվականը ՄԱԿ-ը հայտարարել է ջրային համագործակցության տարի:
Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը նշեց, որ այս տարի իրենց գործընկերների շնորհիվ կարողացել են բրիտանական ֆիլմերի փառատոնն ավելի հասանելի դարձնել: Փառատոնը կլինի նաև երեք մարզերում, հատուկ հրավերով կլինի նաև զորամասերում, ինչպես նաև կլինեն տարբեր ցուցադրություններ տարբեր համալսարաններում:
ԱրմենՏել ընկերության հասարակության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Պեղլոյանն էլ հավելեց. «Լինելու է ուսումնական ծրագիր, որի շրջանակներում անգլիական կինոյի մասնագետները կայցելեն Հայաստան և դասընթացներ կանցկացնեն տեղական կինոերիտասարդ, կինոմեկնաբանների համար: Իրենք նաև կսովորեցնեն ինչպես մեկնաբանել կինոարվեստը, գրել համապատասխան մեկնաբանություններ: Դա մշակույթների երկխոսություն է, որը Բրիտանական խորհրդի համար գլոբալ նպատակներից մեկն է»:
Մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանն էլ ասաց. «Արդեն 11-րդ անգամ է ինչ հայաստանցի հանդիսականը, արվեստագետը կարող է հաճույքով դիտել եվրոպական կինոարվեստում կարևոր բաղադրիչ կազմող անգլիական ֆիլմերը: Այսօր Մշակույթի նախարարության քաղաքականության հիմնական ուղղություններից է միևնույն ժամանակների ավանդականության պահպանությունը և մշակութային բազմազանության ապահովումը»:
Փառատոնի կազմակերպիչներն են` Բրիտանական խորհուրդը, Երևանում Բրիտանական դեսպանատունը և ԱրմենՏել ՓԲԸ-ն:
Տասը օր Հայաստանում կգտնվի Մեծ Բրիտանիան՝ ֆիլմերի միջոցով: Ֆիլմերը կցուցադրվեն «Մոսկվա» կինոթատրոնում մարտի 2-ից 7-ը և «Նաիրի» կինոթատրոնում մարտի 8-ից 10-ը: Իսկ փակման օրը` մարտի 11-ին, հայ ռեժիսորների կողմից կներկայացվեն կարճամետրաժ ֆիլմեր` ջրի թեմայով:
Արմինե ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ






















































