Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել. համատեղ հայտարարություն

Սեպտեմբեր 23,2026 12:38 Share

Հայկական և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության խմբերի և փորձագետների համատեղ հայտարարությունը

Մի խումբ կազմակերպություններ, ներառյալ՝ Արցախ միությունը, տարածել են հայտարարություն, որում նշվում է.

Երեք տարի առաջ հենց այս ամսին Ադրբեջանը բռնի տեղահանեց Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ողջ հայ բնակչությանն իր պատմական բնօրրանից։ Այս տարելիցի առթիվ մենք՝ ներքոստորագրյալներս, պնդում ենք, որ նրանց բռնագաղթը պատերազմի պատահական հետևանք չէր, և որ այն ավարտված չէ։ Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը, այդ թվում՝ Միացյալ Նահանգներին, Եվրոպական միությանը, Եվրոպայի խորհրդին և Միավորված ազգերի կազմակերպությանը՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել։

1915 թվականով սկիզբ դրվեց Հայոց ցեղասպանությանը, երբ Օսմանյան կայսրության հայերը՝ իբրև ժողովուրդ, դարձան զանգվածային կոտորածների ու բռնագաղթի թիրախ, նրանց հետքերը ջնջվեցին, իսկ հանցագործությունը հերքվեց ոճրագործների կողմից։ 2022 թվականի դեկտեմբերից Ադրբեջանը փակեց Լաչինի (Բերձորի) միջանցքը՝ շուրջ 120,000 մարդու մատնելով իննամսյա պաշարման՝ առանց բավարար սննդի, դեղորայքի և վառելիքի։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը ռազմական հարձակում սկսեց սովի մատնված բնակչության դեմ։ Մեկ շաբաթվա ընթացքում Արցախի գրեթե ողջ հայությունը ստիպված լքեց հայրենիքը, իսկ Արցախի Հանրապետությունը լուծարվեց։ Եվ մինչ օրս նրանցից ոչ մեկին թույլ չի տրվել վերադառնալ։

Մի ամբողջ ժողովուրդ վտարվեց, նրա պետական ինստիտուտները լուծարվեցին, եկեղեցիներն ու գերեզմանատները հարկադրաբար լքվեցին ու դարձան ոչնչացման թիրախ, իսկ տեղի ունեցածն Ադրբեջանը ներկայացրեց իբրև իրավաչափ ներքին գործ։ Թեև Հայոց ցեղասպանության միջոցներն ու մեթոդները փոխվել են, նպատակը մնացել է նույնը՝ հայ ժողովրդի՝ իբրև ազգի, և նրա ինքնորոշման իրավունքի ժխտումը։

Միջազգային հանրությունն արձագանքեց խոր ցնցմամբ։ Եվրոպական խորհրդարանը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը և Միացյալ Նահանգների Կոնգրեսը՝ յուրաքանչյուրն ընդունեցին համապատասխան բանաձևեր։ Արտաքին գործերի նախարարությունները դատապարտեցին էթնիկ զտումը։ Հնչեցին անկախ միջազգային հետաքննություններ անցկացնելու կոչեր։ 2023 թվականի նոյեմբերի 17-ին Արդարադատության միջազգային դատարանը, միջանկյալ միջոցներ կիրառելու պարտադիր որոշմամբ, Ադրբեջանին պարտավորեցրեց ապահովել 2023 թ. սեպտեմբերի 19-ից հետո Արցախը լքած անձանց անվտանգ, անխոչընդոտ ու արագ վերադարձը, ինչպես նաև պաշտպանել ու պահպանել նրանց գրանցման, ինքնության և մասնավոր սեփականության փաստաթղթերը։ Այդ որոշումը, ինչպես և նախնական շրջափակումը վերացնելու վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի 2023 թ. փետրվարի 22-ի որոշումը, մնում է չկատարված, իսկ Ադրբեջանը որևէ պատասխանատվություն չի կրել այն անտեսելու համար։

Փոխարենը՝ արևմտյան կառավարությունները, աշխարհաքաղաքական ավելի լայն հաշվարկներից ելնելով, փորձել են լռելյայն ընդունելի դարձնել քաղաքական նոր ստատուս քվոն։ Արևմտյան դեսպանների և բանագնացների, այդ թվում՝ ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի և Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի վերջերս կատարած այցն Արցախ միայն ծառայեց այդ նորմալացմանը լեգիտիմության պատրանք հաղորդելուն և էլ ավելի խորացրեց այդ տարածքից վտարված մարդկանց վերքը։ Տարածաշրջանում խաղաղությանը, առևտրին և էներգետիկ գործընկերություններին աջակցելու ձգտումը լեգիտիմ է։ Սակայն խաղաղությունն ու տնտեսական զարգացումը երբեք չեն կարող կառուցվել մի ողջ ժողովրդի՝ իր պապենական հայրենիքից մշտական դուրսմղման հաշվին։

Ադրբեջանը շարունակում է պատանդի կարգավիճակում պահել Արցախից գերեվարված ղեկավարներին ու պաշտոնյաներին։ 2026 թվականի փետրվարին, դռնփակ ռազմական դատավարություններից հետո, Բաքուն նրանցից տասնվեցին, այդ թվում՝ նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանին, Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին, ինչպես նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, դատապարտեց 15 տարվա ազատազրկումից մինչև ցմահ բանտարկության։ Amnesty International-ը նրանց դատավճիռներն անվանեց «բացահայտ ծաղր» և «վիրավորանք միջազգային իրավունքով նախատեսված հանցագործությունների բոլոր զոհերի նկատմամբ»։ Ադրբեջանի պահանջով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Բաքվի գրասենյակի փակումից հետո այս բանտարկյալների հետ անկախ շփումը գրեթե իսպառ դադարել է։

Հայաստանի Հանրապետության իշխանությունները կրում են իրենց բաժին պատասխանատվությունը՝ հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի արշավը խրախուսելու համար։ Բռնի տեղահանվածների իրավունքները պաշտպանելու փոխարեն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն առաջ է քաշել «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը, որը դուրս է մղել Արցախը պաշտոնական խոսույթից։ Փաշինյանը հայրենազրկվածներին ստիպում է հրաժարվել վերադարձի իրավունքից և մոռանալ այն հողն ու հնագույն ժառանգությունը, որից նրանք վտարվել են։ Արցախի տեղահանվածները մատնվել են ծանր չքավորության։ Հայաստանում տասնյակ հազարավոր մարդիկ շարունակում են մնալ առանց ապահով կացարանի կամ կայուն աշխատանքի, իսկ պետական աջակցության կրճատումներն ավելի են խորացրել նրանց աղքատությունը։ Վերադարձի փոխարեն առաջարկվող ինտեգրումը սեփական տունը լքելու և ուրանալու գինն ունի։

Այս քաղաքականությունն ուղեկցվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, ինչպես նաև բոլոր նրանց նկատմամբ աճող ճնշումներով, ովքեր շարունակում են բարձրաձայնել Արցախի և հայ ժողովրդի համար դրա պատմական նշանակության մասին։ Փաշինյանը հետևողական արշավ է ծավալել Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ՝ ոտնահարելով կրոնի կամ համոզմունքի ազատության ներպետական և միջազգային երաշխիքները։Մի շարք հոգևորականներ իրենց հրապարակային դիրքորոշման համար պահվել են կամայական ու պատժիչ նախնական կալանքի տակ։ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը պետական հեղաշրջման մեղադրանքով 344 օր անցկացրեց անազատության մեջ՝ նախքան 2026 թվականի հունիսին տնային կալանքի տակ անցնելը։ Արցախի և «Իրական Հայաստանի» քաղաքականության հանդեպ ցանկացած այլախոհություն քրեականացվում է։

Եվ որ ամենակարևորն է՝ Արցախի ժողովուրդը զրկված է իր ձայնը լսելի դարձնելու հնարավորությունից։ Չկա որևէ ձևաչափ՝ ո՛չ Երևանում, ո՛չ Բաքվում և ո՛չ էլ Բրյուսելում, որտեղ նրանց կընդունեն որպես սեփական հայրենիքին առնչվող որոշումների կայացման կողմ։ Մենք ստորագրում ենք այս հայտարարությունը՝ տեր կանգնելու նրանց պահանջներին այնտեղ, որտեղ նրանք զրկված են այդ հնարավորությունից։ Մենք պնդում ենք, որ նրանց ձայնը պետք է լսելի լինի։

Ուստի մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ ապահովել.

  • Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ ու անվերապահ ազատ արձակումը, ինչպես նաև ԿԽՄԿ-ի անխոչընդոտ մուտքն ու տեսակցությունը կալանքի տակ գտնվող բոլոր պատանդներին.
  • Ադրբեջանի կողմից 2023 թ. նոյեմբերի 17-ի ԱՄԴ որոշման լիակատար կատարումը և արցախցիների՝ անվտանգ ու արժանապատիվ վերադարձի իրավունքի իրացումը.
  • հասցեական պատժամիջոցների կիրառումը բոլոր նրանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են Արցախի շրջափակման, 2023 թ. սեպտեմբերի ռազմական հարձակման և Արցախի ղեկավարների ապօրինի կալանավորման համար.
  • Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության (այդ թվում՝ եկեղեցիների, վանքերի, գերեզմանատների և խաչքարերի) պահպանության անկախ միջազգային վերահսկողությունը.
  • Արցախցիների լիարժեք ներկայացվածությունն իրենց վերադարձին և իրավունքներին առնչվող ցանկացած գործընթացում՝ իրենց իսկ ընտրած ներկայացուցիչների միջոցով.
  • Հայաստանի կառավարության կողմից բռնի տեղահանվածների իրավունքների անվերապահ հարգումն ու Արցախի հարցը բարձրաձայնող հոգևորականների և այլ անձանց նկատմամբ հետապնդումների դադարեցումը։

Մենք նաև հորդորում ենք միջազգային հանրությանը՝ Հարավային Կովկասում հարաբերությունների կարգավորումը պատրվակ չդարձնել այս պահանջներն անտեսելու համար, իսկ դրանց ուղղությամբ շոշափելի առաջընթացը դիտարկել իբրև Ադրբեջանի հետ հարաբերությունների խորացման պարտադիր նախապայման։ Երեք տարին այն ժամանակը չէ, որ մի ժողովուրդ կարողանա մոռանալ իր հայրենիքը, ոչ էլ կարող է արդարացում լինել մնացածիս համար՝ անգործության մատնվելու։

Ստորագրողներ՝

  • Ջոն Այբներ, «Քրիստիան Սոլիդարիթի Ինթերնեշնլ» (Christian Solidarity International) կազմակերպության նախագահ
  • Յան Ֆիգել, FOREF Europe-ի նախագահ, Եվրամիության նախկին հանձնակատար
  • Արտակ Բեգլարյան, «Արցախ միություն» ՀԿ նախագահ
  • Վարդան Օսկանյան, Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահ
  • Լարիսա Ալավերդյան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն
  • Մարիամ Ավագյան, «Կռունկ» արցախահայերի իրավունքների պաշտպանության ՀԿ նախագահ
  • Հովիկ Ավանեսով, Արցախի մշակութային ժառանգության պաշտպան (օմբուդսմեն)
  • Լիլիթ Բլեյան, «Մուզանավ» մշակութային ՀԿ
  • Էդգար Էլբակյան, «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ նախագահ
  • Մհեր Հարությունյան, «Կաճառ» գիտական կենտրոնի նախագահ
  • Արմինե Հայրապետյան, Արցախի պատմական միջավայրի պահպանության կազմակերպություն
  • Նաիրա Հայրումյան, «ՄեդիաՍտեփ» (MediaStep) ՀԿ
  • Ռաֆայել Իշխանյան, Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի նախագահ
  • Գառնիկ Քըրքոնյան, Հայ իրավական պաշտպանության ճակատի նախագահ
  • Գևորգ Մանուկյան, «Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն» ՀԿ նախագահ
  • Մարգարիտա Միրզոյան, «Լագարդեքս» (Lagardex) ՍՊԸ հիմնադիր և գլխավոր տնօրեն
  • Բագրատ Մովսեսյան, «Ազգային պատմամշակութային» ՀԿ նախագահ
  • Գեորգի Պետրոսյան, Արցախի հանրային խորհրդի նախագահ
  • Սուսաննա Պետրոսյան, «Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն» ՀԿ
  • Սերգեյ Շահվերդյան, Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալության նախագահ
  • Մանե Թանդիլյան, «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել