Լրահոս
Օրվա լրահոսը

«Շեփորի Պագանինի». Դուք հայերդ ի՜նչ խղճի ու սրտի տեր եք

Մարտ 14,2013 17:40

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հերթական համերգին, որ կկայանա վաղը, «Արամ Խաչատրյան» համերգասրահում, հրավիրված են երեք հայտնի անուններ՝ շեփորահար Սերգեյ Նակարյակովը (Իսրայել), դաշնակահար Մարիա Մեյերովիչը (Բելգիա) եւ դիրիժոր Ջոն Վիկտորին Յուն (Հարավային Կորեա): Ներկայացվող ծրագիրը բաղկացած է պրեմիերաներից: Ֆիլհարմոնիկի հետ առաջին անգամ  դաշնակահարն ու շեփորահարը կհնչեցնեն Հայդնի թավջութակի կոնցերտը՝ փոխադրված շեփորի համար, լարային նվագախմբի ընկերակցությամբ երաժիշտները հանդես կգան Շոստակովիչի դաշնամուրի, շեփորի եւ լարային նվագախմբի համար գրված կոնցերտի կատարմամբ, իսկ նվագախումբն էլ կներկայացնի Բրուքների թիվ 3 սիմֆոնիան:

Խորհրդային տարիներին շեփորը ասոցացվում էր Ալեքսանդր Հարությունյանի Շեփորի կոնցերտի հետ, եւ այդ կոնցերտի հիանալի մեկնաբաններն էին Հայկազ Մեսիայանը ու ԽՍՀՄ-ում հայտնի երաժիշտ Տիմոֆեյ Դոկսիցերը: Իհարկե, հիշյալ ստեղծագործությունը վաղուց իր տեղն ունի այլազգի շեփորահարների երգացանկում: Ժամանակին Հարությունյանի կոնցերտը Հայաստանում հնչեց նաեւ լավագույն շեփորահարների ցանկը գլխավորող Սերգեյ Նակարյակովի մեկնաբանմամբ:

Aravot.am-ը մեկ հարց ուղղեց աշխարհում  «շեփորի Պագանինի»,«շեփորի Կարուզո» մականուններով հայտնի երաժշտին՝ հետաքրքրվելով, թե համերգային շրջագայություններով ծանրաբեռնված հայտնի համերգասրահների, նվագախմբերի, դիրիժորների ցանկալի ու սպասված հյուր շեփորահարին ի՞նչն է այս էլ չորրորդ անգամ բերում Հայաստան: «Ոչ միայն ձեր երկրի տաք կլիման, այլեւ հանդիսականի՝ բառերով աննկարագրելի ջերմությունը եւ, անշուշտ,  Ֆիլհարմոնիկ նվագախմբի իսկապես բարձր պրոֆեսիոնալիզմը»,- պատասխանեց Նակարյակովը:

Ի դեպ, երիտասարդ արվեստագետը 9-10 տարեկանում ստիպված էր թողնել դաշնամուրի դասերը՝ ողնաշարի վնասվածքի պատճառով: Հետաքրքրվեցինք՝ արդյոք դրանից հետո առողջական «բողոքներ» չունի՞, քանի որ հայտնի է՝ փողային գործիքների երաժիշտներից առաջին հերթին պահանջվում է 100 տոկոսանոց առողջություն: «Մոսկովյան  «Կուլտուրա» հեռուստաալիքով վերջերս Սաթի Սպիվակովան հրավիրել էր ինձ հարցազրույցի: Ես գիտեմ, որ նա հայուհի է, եւ տիկին Սպիվակովան նույնպես հետաքրքրվեց իմ առողջությամբ. նման հարց ինձ չի ուղղել աշխարհի եւ ոչ մի լրագրող: Ուրեմն դուք հայերդ նաեւ ի՜նչ խղճի ու սրտի տեր ժողովուրդ եք»:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031