Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ազդարարեց Khachaturian Rooftop-ի հանդիսավոր բացումը

Հուլիս 30,2026 18:15 Share

«Արամ Խաչատրյան» համերգասրահի պատմության մեջ գրանցվեց նոր էջ․ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն առաջին անգամ դուրս եկավ ավանդական բեմի սահմաններից՝ հանդիսատեսին ներկայանալով անմիջապես բաց երկնքի տակ։

«Երևան գալա» առանձնահատուկ համերգով հանդիսավոր կերպով ազդարարվեց համերգասրահի մեծ տանիքի՝ Khachaturian Rooftop-ի բացումը։

Մայրամուտի գունազարդված շողերի ներքո մայրաքաղաքի ամենագեղեցիկ տանիքում հնչեցին Երևանի մասին բոլոր ժամանակների սիրված ու հարազատ երգերը՝ «Գարուն Երևան», «Իմ Երևան», «Երևան, իմ բարի քաղաք», «Երևանի սիրուն աղջիկ» և այլ ստեղծագործություններ։

Հայաստանի առաջին և գլխավոր՝ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ դրանք ստացան հարուստ սիմֆոնիկ հնչողություն։ Կատարումներն ուղեկցվում էին շքեղ 3D լուսային անիմացիաներով և մեծ էկրանին ցուցադրվող տեսաշարերով, ինչն էլ ավելի տեսարժան ու տպավորիչ դարձրեց այդ յուրահատուկ երեկոն:

Համերգը ղեկավարում էին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը և դիրիժոր Յարոսլավ Բիչկովը։

Ազգային ֆիլհարմոնիկի հետ Khachaturian Rooftop-ում բեմ բարձրացան սիրված կատարողներ՝ Սոնա Ռուբենյանը, Մաշա Մնջոյանը, Սյուզաննա Մելքոնյանը, Արթուր Աղաջանովը, Գուրգեն Բավեյանը և Ռոման Խնկոյանը։

Երեկոյի հատուկ հյուրն էր սիրված օպերային երգիչ, տենոր Լիպարիտ Ավետիսյանը:

 

Khachaturian Rooftop-ի նախագծի գաղափարի հեղինակ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և «Արամ Խաչատրյան» համերգասրահի տնօրեն Նորայր Նազարյանը Aravot.am-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ դեռևս 5 տարի առաջ տնօրենի կարգավիճակում այս համերգասրահ ոտք դնելուց ի վեր իր գլխավոր նպատակներից է եղել այն, որ մեր երկրի ամենագեղեցիկ և պատմական համերգասրահներից մեկն ամեն առումով համապատասխանի միջազգային բարձր ստանդարտների. «Շատ աշխատանքներ արդեն արված են: Khachaturian Rooftop-ը, կարելի է ասել, համերգասրահի վերջին տարածքն էր, որ դեռևս չէր շահագործվել ի նպաստ մեր հանդիսատեսի և աշխատակիցների: Կարծում եմ, որ Թամանյանն անգամ նախատեսել էր, որ ապագայում նման բան կլինի, քանի որ շենքի ճարտարապետությունն այնպիսին է, որ այս տարածքը պարզապես հնարավոր չէ պարապ թողնել: Վստահ եմ, որ համերգասրահի այս նոր, բացօթյա հարթակում բազում իրադարձային երեկոներ ենք վայելելու»:

Վերջին տարիներին «Արամ Խաչատրյան» համերգասրահն ապրում է իր իսկական վերածնունդը․ իրականացվել են հսկայական բարեփոխումներ, և բազմաթիվ նորամուծություններ են կյանքի կոչվել համերգասրահի տնօրինության նախաձեռնությամբ։ Khachaturian Rooftop-ի բացումն այդ լայնամասշտաբ ծրագրերի կարևորագույն փուլերից մեկն է, որը երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին կպարգևի մշակութային նոր ձևաչափի միջոցառումներ վայելելու հնարավորություն։

Համերգն ավարտվեց հանդիսատեսի ջերմ ծափահարությունների ներքո՝ դառնալով անկեղծ սիրո խոստովանություն մեր Երևանին։

 

Սամվել Դանիելյան

Լուսանկարները տրամադրել է «Արամ Խաչատրյան» համերգասրահի PR բաժինը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել