Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ-ն գործեց իշխանության թելադրանքո՞վ, թե՞ Ր. Հովհաննիսյանի շտաբը թերացավ

Մարտ 15,2013 20:21

«ՍԴ-ն, ինչպես նաև ՀՀ ցանկացած դատարան, գործում է իշխանության թելադրանքի ներքո»,- Aravot.am-ի հետ զրույցում «Իրավունքի և ազատության կենտրոն» ՀԿ-ի նախագահ, իրավապաշտպան Վարդան Հարությունյանն այսպիսի կարծիք հայտնեց՝ պատասխանելով մեր հարցին, արդյոք հիմնավոր էին ՀՀ նախագահի թեկնածուներ Ր. Հովհաննիսյանի և Ա. Ղուկասյանի դիմումների հիման վրա կայացրած որոշման մեջ ներառված փաստարկները:

Նշենք, որ ՍԴ-ն որոշման մեջ անդրադարձել է այն փաստին, որ տեղամասերում հենց ընտրությունների ամփոփումից հետո հնարավորություն է եղել կազմված արձանագրություններին կից ներկայացնել հատուկ կարծիքներ կամ չհամաձայնել արդյունքների հետ՝ չստորագրելով դրանք, սակայն այդ հնարավորությունը չի օգտագործվել, և գրանցվել են բողոքարկման հատուկենտ դեպքեր: Գագիկ Հարությունյանի դիտարկմամբ՝ Ր. Հովհաննիսյանի ներկայացուցիչների միջնորդությունները ևս անիրագործելի էին դատարանի համար: Ըստ նրա՝ կողմը ընդամենը փորձում էր դրանցով տպավորություն ստեղծել, որ ՍԴ-ն ցանկություն չունի դրանք բավարարելու: «Մեր երկրում առկա հետընտրական քաղաքական իրավիճակը չի կարող դիտարկվել իրավաբանական վեճի շրջանակներում»,-նշել էր  Գ. Հարությունյանը:

Վարդան Հարությունյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ բոլոր ընտրությունների վերջում էլ ՀՀ-ում դիմել են Սահմանադրական դատարան և միշտ էլ ՍԴ-ն կայացրել է այն որոշումը, որը թելադրել է նրան իշխանությունը: Վ. Հարությունյանը նշեց. «Նրանք կամավոր հանձն են առել իշխանության փաստաբանի դերը և կատարում են այն: 2008-ին էլ է այդպես եղել, 2003-ին էլ, այդպես է և այսօր: Ուստի լրջորեն քննարկել նրանց որոշումը այնքան էլ տեղին չէ»:

Մեր այն դիտարկմանը, թե իշխանության ներկայացուցիչների կողմից էլ է բերվում 2008-ի օրինակը, սակայն նշելու համար, որ այն ժամանակ հայցադիմումը շատ ավելի հարուստ էր փաստերով, քան Ր. Հովհաննիսյանի ներկայացրածը: Այս առիթով պարոն Հարությունյանն ասաց. «Իմ համեմատությունը ընդամենը նրա համար էր, որ ցույց տրվեր հերթական մի դրվագ ՍԴ-ի կենսագրության մեջ, որ կայացրել են ամոթալի վճիռ: ՍԴ յուրաքանչյուր անդամի համար առանձին վերցրած ամոթալի վճիռ են կայացել: Եթե նրանք էլ են հիշատակում 2008-ը, ապա դա արդեն ծիծաղելի է: Անկասկած սա էլ է այդ ամոթալի որոշումներից մեկը: Ցավոք, բայց մեզանում դատական կառույցները չեն կարող հասնել նրան, որ ոչ միայն իրենց անկախ դրսևորեն, այլև գոնե զգան: Այնինչ նրանք անհամբեր սպասում են իշխանավորի շուրթերից հնչած խոսքին, որի հիման վրա իրենց որոշումը կայացնեն: Վերջին հաշվով, ՍԴ անդամներից մեկն իր կարծիքը հայտնել էր 2008-ի կապակցությամբ, Վիքիլիքսն էլ դա հրապարակեց»:

Փաստաբան Հովիկ Արսենյանն էլ նշեց, թե իր մոտ այնպիսի տպավորություն է, որ ՍԴ անդամներն այս երկրում չեն ապրում, չգիտեն, առաջին անգամ լսեցին, միայն նայում են՝ կա՞ փաստ, թե՞ ոչ, կա՞ հիմնավորում, թե՞ ոչ: Նա հիշեցրեց, որ երբևէ չենք տեսել, որ համապետական ընտրությունների արդյունքում, երբ քննարկում կամ բողոք է եղել, որևէ դրական արդյունք գրանցվի ՍԴ-ից:

Դառնալով Ր. Հովհաննիսյանի դիմումին՝ պարոն Արսենյանը նշեց. «Պիտի համաձայնել նաև, որ նրա նախընտրական շտաբը պարտավոր էր նախապես իմացած լինել, քանի որ քաջ հայտնի էր, թե կեղծիքներ են տեղի ունենալու և ընտրություններին պատրաստ լինեին համապատասխան արձանագրություններ կազմելու, և ոչ թե պատճառ բերվեր, թե ժամանակի առումով չեն հասցրել: Բարի լինեիք ապահովեիք դա: Օրենսդիրը դա է պահանջում: Դա չի արվել, թե չէ հասարակական գիտակցությամբ բոլորին էլ հայտնի է՝ իրավիճակն ինչպիսին է եղել: Բայց օրենսդրությանը համապատասխան քայլերն ու գործողությունները պիտի կատարված լինեին: Ընդունենք, թե խախտումներ կան, բայց ասելով չէ, համապատասխան բողոքներ պիտի արձանագրվեին, ժամանակին տեղեկացվեր: Մի քիչ էլ օբյեկտիվ պետք է լինենք այդ առումով, ոչ թե միայն ասենք իշխանության զոհն են դարձել: Թող այդ ամենը լիներ, հետո ասեինք, որ նույնիսկ սահմանադրական արդարադատություն գոյություն չունի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031