Լրահոս
Օրվա լրահոսը

Նշանավոր սրբավայրն անորակ են նորոգում

Մայիս 24,2013 11:36

Տավուշի մարզի  Բերդի տարածաշրջանի Վարագավան գյուղի տարածքում գտնվող «Նոր Վարագավանք»  վանական համալիրը  նորոգվում է: Վերանորոգման գումարը տրամադրել է «Իդեալ համակարգ» խանութների ցանցի սեփականատեր Նորայր Խաչատրյանը: Որոշ տվյալներով՝ այդ նպատակով տրվել է մեծ գումար՝ շուրջ 1 միլիոն դոլար: Շինարարության պատվիրատուն մշակույթի նախարարությունն է, վերանորոգման առաջին փուլի համար տրամադրվել է 120 միլիոն դրամ: Նորոգման աշխատանքները կատարվել են անորակ, եւ այդ առթիվ  Բերդի տարածաշրջանից բողոքներ են եղել: Վարագավանի գյուղապետ Սամվել Մանուչարյանն ասաց, որ վերանորոգման աշխատանքները սկսվել են 4-5 ամիս առաջ եւ կտեւեն մի քանի տարի: Նրան հարցրեցի շինարարական աշխատանքների որակի, դրա հետեւանքով նշանավոր կառույցի հնամենի տեսքի  աղճատման մասին:

«Դե ճարտարապետներ են գնում-գալիս: Ես ճարտարապետությունից ի՞նչ եմ հասկանում»,-պատասխանեց գյուղապետը: Նրան հարցրեցի, թե վերանորոգումը  ո՞ր կազմակերպությունն է կատարում:

«Տարբեր տեղերից շինարարներ կան, մեր մարզից կան, Եղեգնաձորից կան»,ասաց Սամվել Մանուչարյանը:

Նշենք, որ 2012թ. ապրիլի 26-ին Տավուշի մարզ այցելության ժամանակ Սերժ Սարգսյանը եղել է վանական այդ համալիրում, քննարկել դրա նորոգման խնդիրը: Վանքը 1193-1198 թվականներին հիմնել է Դավիթ Բ Կյուրիկյան թագավորը, հետագայում՝ 1234-1237 թվականներին նրա թոռը՝ Վասակ Բ-ն  վանական համալիրն ընդարձակել է: Այն «Նոր Վարագավանք» անունը ստացել է  հռչակավոր Վարագավանքը մոնղոլների կողմից ավերվելու պատճառով: Վարագավանքի հոգեւոր առաջնորդ Ղուկասը 1213թվականին այստեղ է  տեղափոխել Վարագավանքում պահվող մասունքները, այդ  թվում՝ Սուրբ Խաչափայտի կտորը, որ բերել էին Հռիփսիմյան կույսերը:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031