Լրահոս
Օրվա լրահոսը

Հանձնարարվել է քայլեր ձեռնարկել մայրաքաղաքի ջրահեռացման համակարգի կարգաբերման ուղղությամբ

Մայիս 29,2013 16:34

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ   «Երևան ջուր»  ընկերության տնօրենը զեկուցել է, որ նախօրեին մայրաքաղաքում տեղացած առատ տեղումների հետևանքով որոշ փողոցներում գրանցվել է անձրևաջրերի առատ հոսք, ինչի արդյունքում մայրաքաղաքի որոշ փողոցներում կարճ ժամանակով նկատվել են անձրևաջրերի կուտակումներ: Ընկերության տնօրենի հավաստմամբ՝ ջրի կուտակման պատճառը ջրահեռացման գործող համակարգի թողունակության ներկայիս հնարավորություններով է պայմանավորված եղել, ինչն, այդուամենայնիվ, քաղաքապետարանի և վարչական շրջանների, ինչպես նաև ընկերության մասնագետների օպերատիվ արձագանքման արդյունքում արագ կարգավորվել է:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ, որը կարճ ժամանակում կքննարկի և հատկապես խոցելի համարվող փողոցների մասով կներկայացնի առաջարկություն՝ ջրահեռացման համակարգերի թողունակության բարձրացման ուղղությամբ.

«Շինբարեկարգման այս տարվա ծրագրերով ավելի քան 30 փողոցներում իրականացվելու են հիմնանորոգման աշխատանքներ: Աշխատանքներն իրականացնելիս պետք է հատուկ ուշադրություն դարձնել նաև ջրահեռացման համակարգերին: Այդ առումով կարող է նաև ջրահեռացման խողովակների և հորերի ավելացման անհրաժեշտություն առաջանալ, ինչը պարտադիր պետք է իրականացնել:  Իսկ այն հատվածներում, որտեղ հիմնանորոգման աշխատանքներ չեն իրականացվելու, կփորձենք որոշակի միջոցներ ձեռնարկել, որպեսզի հարցին լուծում տանք» ,- ընդգծել է քաղաքապետը:

Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում արգելված վայրերում ավտոմքենաների կայանման 23 և ծխելու 12 դեպքերի մասով կազմվել են վարչական արձանագրություններ: Երեկոյան ժամերին ներքաղաքային միկրոավտոբուսների և ավտոբուսների երթուղիների սահմանված ժամանակացույցով ոչ պատշաճ սպասարկում իրականացնելու համար էլ վարչական տույժի են ենթարկվել երթուղի սպասարկող 6 ընկերություններ:

Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջանների աշխատակազմերում գործող թեժ գծերի աշխատանքների, ինչպես նաև բնակիչների ընդունելությունների հետ կապված` քաղաքապետը հանձնարարել է մշտական հսկողություն իրականացնել բարձրացված հարցերի կատարման ընթացքի նկատմամբ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ նաև անձամբ է մասնակցելու քաղաքապետարանում և վարչական շրջաններում կազմակերպվող բնակիչների ընդունելություններին:

Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը զեկուցել է, որ քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքի բոլոր տնտեսվարողներին ուղարկվել են ծանուցումներ` մինչև մայիսի 29-ը օրենսդրության պահանջներին հակասող գովազդները շտկելու նպատակով: Լեզվի պետական տեսչության հետ համատեղ շրջայցերի շրջանակում համապատասխան օրենքների խախտումով գովազդային վահանակները կապամոնտաժվեն:

Շարունակվում են վարչական շրջանների շենքերի արտաքին տեսքի բարեկարգման և ձևավորման աշխատանքները: Ընթացքի մեջ են նաև շենքերի պատերի և կամարանցումների նկարազարդման աշխատանքները: Բակային տարածքների ձևավորման և նկարազարդման մասով Երևանի գլխավոր դիզայները զեկուցել է, որ 64 հասցեներում աշխատանքներն ավարտված են, ևս 25-ում դեռ շարունակվում են:

Զեկուցվել է նաև, որ Երևան-Ստեփանակերտ համագործակցության ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ քաղաքապետարանի, վարչական շրջանների, հասարակական կազմակերպությունների ավելի քան 90 ներկայացուցիչ է մասնակցել մայիսի 24-ից 27-ը ԼՂՀ-ում կազմակերպված վրանային մարզաառողջարարական արշավին: Այցի շրջանակում պատվիրակությունը հանդիպել է Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ: Երևանի քաղաքապետարանի կողմից ԼՂՀ մարզադպրոցին է նվիրաբերվել մարզական գույք և համակարգչային տեխնիկա:

«Հին Երևան»  ծրագրի իրականացման, ինչպես նաև ժամանակակից արվեստի թանգարանի և համազգային թատրոնի նոր շենքերի կառուցման հետ կապված՝ հանձնարարվել է ներկայացնել նախագծանախահաշվային անհրաժեշտ փաստաթղթեր:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031