Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհված ազատամարտիկի այրին դիմել է ՀՀ նախագահին ու ՀՀ պաշտպանության նախարարին

Հուլիս 02,2013 23:52

Չորրորդ աստիճանի վթարային տան մեջ ապրող Կապանի Վաչագան թաղամասի բնակչուհի, զոհված ազատամարտիկի այրի Լուսիկ Թեւանյանը օրերս նամակով դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին՝ խնդրելով աջակցել իրեն նոր բնակարանով ապահովելու հարցում, քանի որ տունն ամեն պահի կարող է փլվել, իսկ իրենք ապրելու այլ տեղ չունեն:

qandvox-tun

Արցախյան գոյամարտի տարիներին զոհված Կորյուն Թեւանյանը Վաչագան թաղամասում  սեփական տունը գնելուց հետո վերանորոգել էր ու իր ընտանիքի հետ տեղափովել այնտեղ ապրելու, սակայն կռվի տարիներին զոհվելուց հետո այս տան վրա հետագայում ոչ մի աշխատանք այդպես էլ չի տարվել, ընտանիքի անդամները հնարավորություն չեն ունեցել նորոգելու տարիների ընթացքում վթարային դարձող տունը եւ այսօր կանգնել են փաստի առաջ:

Լուսիկ Թեւանյանի խոսքով՝ արդեն 5 տարի է բարձրաձայնում են խնդրի մասին, բազմիցս դիմել են պաշտպանության նախարարությանը, սակայն պատասխանել են, որ տունը վթարային կարգավիճակ չունի: Միայն 2010թ.-ին վթարայնության աստիճանը որոշող համապատասխան կառույցի կողմից 4-րդ աստիճանի վթարայնությունը հաստատող եզրակացությունը ներկայացնելուց հետո հաշվառվել է բնակարանով ապահովման կարիք ունեցող զոհված ազատամարտիկների ընտանիքների ցուցակում, սակայն մինչեւ օրս դեռեսւ ոչ մի արձագանք չի ստացվել:

«Այլեւս հնարավոր չի մնալ այդ տանը, հորդառատ անձրեւների, երկրաշարժի արդյունքում տան  մուտքն ամբողջովին փլվել է եւ մենք տուն մուտք ենք գործում պատուհանով, տունը վերանորոգման ենթակա չէ, այլ՝ կազմաքանդման: Վտանգ կա որ մի օր էլ առաստաղը կփլվի, այդ տանն ապրում եմ անչափահաս թոռներիս հետ, իսկ ես երրորդ կարգի հաշմանդամ եմ եւ տառապում եմ անբուժելի հիվանդությամբ: Իմ խնդրանքն է, որ գոնե տուն տրամադրելու պրոցեսը մի քիչ արագացնեն, գնալու տեղ չունեմ, իսկ տունն ամեն պահի կարող է փլվել: Ամուսինս, որ կենդանի լիներ, հաստատ մեր տունն էս օրը չէր ընկնի, մենք էլ դռնեդուռ չէինք ընկնի…», – ասաց զոհվածի այրին, ով ցավով նշեց, որ հայրենիքի համար զոհված տղաների ընտանիքներն այսօր արժանի վերաբերմունքի չեն արժանանում:

Ամուսնու մահից հետո նա ստիպված է եղել մենակ մեծացնել ու ամուսնացնել իր երեխաներին, այժմ էլ աշխատանք չունենալու պատճառով տղան իր կնոջ հետ արտագնա աշխատանքի է մեկնել, իսկ թոռներին ինքն է  խնամքի տակ առել ու միասին ապրում են վթարային տանը: Հարեւաններն են ժամանակ առ ժամանակ տան ամրակայման աշխատանքներ տանում, բայց արդեն դա էլ չի օգնում:

koryun

Լուսիկ Թեւանյանն ասում է, որ իր ամուսինը շատերին է ժամանակին օգնել, լավություն արել, գյուղում նա մեծ հարգանք է վայելել, դրա համար էլ հարեւանները միշտ հոգատար վերաբերմունք են ցուցաբերել իրենց ընտանիքի հանդեպ:

«1992թ.-ին տղաս գնաց ծառայության, մի քանի օր հետո ամուսինս մեկնեց սահմանները պաշտպանելու: Ուռած քարում էր պոստի գնում, 1993 թվականի մարտի 18-ին թեժ մարտերի ժամանակ գնաց պոստի ու էլ չեկավ: Մարտի 23-ին զոհվեց, դիակը 8 օր թուրքերը չեն տվել, հեռվից ընկերները տեսել են ոնց են տանում զոհվածների դիակները, մոտ 10 օր հետո հաջողվեց դիակը ետ վերցնել՝ հակառակորդի դիակների հետ փոխանակելով:

Ես տղա թոռներ ունեմ, եթե կռիվ լինի՝ չեմ թողնելու ոչ մեկը գնա կռվի, քանի որ ես տեսնում եմ, որ զոհվածի ընտանիքներին ինչ վերաբերմունքի են արժանացնում», – հուսալքված ու հիասթափված ձայնով ասաց զոհված ազատամարտիկի այրին: Սակայն նրա թոռները կողքից նշեցին, որ եթե վտանգ լինի, առաջին հերթին հենց իրենք են մեկնելու հայրենիքը պաշտպանելու՝ հետեւելով իրենց պապիկի օրինակին:

Կապանի «Ազատամարտ» կոմիտեի նախագահ Խորեն Հարությունյանի խոսքով՝ 2009թ-ից սկսած Կապանում ազատամարտիկների ընտանիքներին բնակարանի աջակցություն չի եղել, իսկ մինչ այդ ամեն տարի 5-9 ընտանիք ապահովվել է բնակարանով: Ասում է, որ նմանատիպ բազմաթիվ ընտանիքներ են իրենց դիմում՝ բնակարանի բարեկարգման, ֆինանսական, առողջական  խնդիրներով, սակայն բոլորին աջակցել չի հաջողվում, բավարար ֆինանսական հնարավորություններ չկան: «Պետական մոտեցումն այնպես պետք է լինի, որ նմանատիպ կոմիտեներ չլինեն», – նշեց նա:

Սյունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության  բնակարանային եւ ենթակառուցվածքների բաժնի պետ Արմեն Աբգարյանի փոխանցմամբ՝ Լուսիկ Թեւանյանը դիմել է 2011թ.-ին, իսկ 2003թ.-ից հերթագրված ընտանիքներ կան, որոնք դեռեւս սպասում են  իրենց հերթին:

«Այս պահին մարզում 11 նմանատիպ ընտանիք կա: 2003թ.-ից սկսած՝ Սյունիքի մարզում մոտ 153 զոհված եւ հաշմանդամ դարձած ազատամարտիկների ընտանիքներ ապահովվել են բնակարանով կամ  ստացել են բնակարան ձեռքբերելու պետական անհատույց ֆինանսական աջակցություն: 2004թ.-ին նաեւ «Հովարդ Կարագյոզյան» հիմնադրամն է 28 ընտանիքի համար բնակարանի գնում կատարել: Մինչեւ ճգնաժամը պաշտպանության նախարարության կողմից տարեկան 22-23 ընտանիք ապահովվում էր բնակարանով, իսկ ճգնաժամից հետո արդեն քչացավ այդ թիվը: 2012թ.-ին մարզում զոհված ազատամարտիկների երեք անօթեւան ընտանիքի է աջակցություն եղել, իսկ ընթացիկ տարվա վերաբերյալ դեռեւս տեղեկացված չենք», – նշեց պարոն Աբգարյանը:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ահա և ռոբիկա- շեռժիկաբարո՝ ,,Դեպի ավելի Ապահով Հայաստանը,,: Ֆինանսներ չկա զոհվածի ընտանիքներին աջակցելու, քանի որ համատարած թալան է գնում երկրից,՝ Նժդեհի պատգամներով ապրողների կողմից: Գետինը մտնեն ավելի լավ կլինի, քան այսքան ստոր կյանքով ապրեն:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031