Լրահոս
Օրվա լրահոսը

60-ամյա տիկնոջը դատախազի կաբինետից հրելով դո՞ւրս են արել

Օգոստոս 08,2013 16:39 Share

Օրերս Aravot.am-ին բողոք էր ներկայացրել Գյումրիի Բելինսկի 21 հասցե բնակչուհի, 60-ամյա Գոհար Հովհաննիսյանը` պատմելով, որ իր տան գողության գործով հունիսի 25-ին գնացել է Շիրակի մարզի դատախազություն, սակայն դատախազ Կարեն Շահբազյանի կաբինետից իրեն հրելով, ձեռքերը կապտեցնելով դուրս են արել:

«Ես Մոսկվա էի գնացել, իմ տունը վստահել էի ոստիկանության մայոր Սարգիս Խաչատրյանին, տվել էինք, որ տունս նայեր: Սա էլ իմ տուն էր բերել 5 անգամ դատապարտված Ջեյմս Սարգսյանին, որը էդ մայորի մտերիմ ընկերն էր ու տունս թալանել էին: Այդ ժամանակվա Շիրակի մարզի քննչական բաժնի պետ Կարուշ Թովմասյանն էլ փորձում էր թաքցնել գողերին: Նույնիսկ ես դատավորների դեմ հաղորդում եմ տվել, օրինակ` Հակոբյան Ռուզաննայի դեմ` Երևանի դատավոր է, հաղորդում եմ տվել նաև նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ, որ կեղծ փաստաթղթերի հիման վրա ոչնչացրել է իմ սեփական տունը, տունս գտնվում է սոսկալի վիճակում, այդտեղ բնակվել անհնարին է. այն փակել են հարավ-արևելյան կողմից: Նորահարուստ գյումրեցի Գեղամ Առաքելյանը Վարդան Ղուկասյանից գնել է կեղծված փաստաթղթեր, որի հիման վրա կառուցել է հինգ հարկանի բարձրությամբ շինություն, որը իմ տունս փակել է հարավ-արևելյան կողմից և ոչ մի արևի կաթիլ չի ընկնում տանս վրա, այն փլուզման վտանգի տակ է: Բողոքել եմ բոլոր ատյաններին, Երևան` քաղաքաշինության նախարարություն` Վարդան Վարդանյանին, բողոքել եմ կադաստրի պետին, մի հազար անգամ հեռագրել եմ Սերժ Սարգսյանին»,- պատմեց Գոհար Հովհաննիսյանը:

Սակայն, ըստ տիկնոջ, քանի որ մեր ամբողջ հանրապետությունում, հատկապես Շիրակի մարզում ոչ մի օրենք չի գործում, բոլորը զբաղված են փաստաթուղթ ծախելով, ինքը խնդրել է իր գործը քննել հանրապետության որևէ այլ քաղաքի իրավապահ համակարգում:

«Տնիցս գողություն կատարած ոստիկանության մայորին համաներման տակ գցեցին, ընդամենը 300 հազար դրամ տուգանեցին, ընդ որում՝ իմ հսկա բողոքներից հետո, որ էդքան փող եմ ծախսել, հեռագրեր եմ գրել երկրի ղեկավարությանը: Նրան զրկեցին աշխատանքից, սակայն ընկերը` Ջեյմսը, չդատվեց, նրան թաքցրեցին, մենակ մեկը դատվեց, որ խմբակային հանցագործություն չորակվեր ու ավելի ծանր պատժի չարժանացնեին: Ես դեռ բողոքում եմ վնասի փոխհատուցման համար, բայց գործը կասեցրել են Լոռու մարզի դատախազությունում: Երբ բացարկ հայտնեցի Շիրակի մարզի բոլոր ոստիկաններին, քննիչներին, դատախազներին, դատավորներին, իմ բողոքը ուղարկեցին քննության Լոռու մարզի դատախազություն, որի դատախազը, ինչպես գիտեք, այժմյան Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանն էր: Վերջերս Մոսկվայից վերադառնալով`գնացի Կարեն Շահբազյանի մոտ, որպեսզի ճշտեմ, թե էդ ինչո՞ւ են կասեցրել իմ բողոքը: Դա հունիսի 25-ին էր, դատախազության առաջին հարկում ոստիկան էր նստած, ասի` ուզում եմ բարձրանալ դատախազի մոտ` եթե կարելի է: Ինքը անցագիր գրեց ինձ ու 45 րոպե ներքևը սպասեցի մինչև վերև կանչեցին: Բարձրացա վերև, անցագիրը ստորագրեց իր քարտուղարուհին, ես նորից սպասեցի, դատախազը մոտ 45 րոպե հեռախոսով խոսում էր, դա անգործություն է… քաղաքացուն` հիվանդ կնկան էդքան սպասեցնել տա՞լ….Դա կոչվում է անգործություն դատախազի կողմից, էդ էլ է հոդված:

Հետո քարտուղարուհին ասաց` կարող ես ներս մտնել: Դուռը տուկ-տուկ արեցի, հարցրեցի` կարելի՞ է ներս մտնել, դատախազը ձայն չհանեց, ես ներս մտա, աթոռը դրված էր, սեղանի մի մասում մի աթոռ, մյուսում`մեկ այլ, հարցրեցի` կարելի՞ է նստել ու նստա, շատ հոգնած էի, դե վերջը 45 րոպե սպասել եմ, 2-րդ կարգի հաշմանդամ եմ, հասակս էլ հո փոքր չէ` 60 տարեկան եմ: Վայ, աղջիկ ջան, ոչ էի նստել, հենց նստա, առանց մի հատ շաբլոնացնելու եմ պատմում, Կարեն Շահբազյանը էնպես գոռաց իմ վրա, ես երևի արդեն շաքար էլ ունեմ, վախեցած եմ: Ասեց` էս ի՞նչ ձև է: Գոռաց, ճչաց, առաջվա թագավորները ինչպես էին, որ հրամայում էին՝ կացինը բերեք էս մարդու գլուխը կտրեք, մի 4-5 դատախազ, ներքևի ոստիկանները լցվան ներս ու ինձ հրմշտելով դուրս հանեցին, էնպես հրեցին ինձ, որ ամբողջ թևերս կապտել էր, քիչ մնաց աստիճանների վրա վայր ընկնեի»,-ներկայացրեց տիկինը:

Ըստ նրա, անմիջապես տաքսի է նստել, գնացել է ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչություն`ոստիկանապետ Կարեն Բաբախեկյանի մոտ, սակայն նրան ընդունել է տեղակալը, վերջինս էլ հորդորել է հաղորդում չտալ դատախազի դեմ:

Տիկինը շարունակեց. «Տաքսի նստեցի, գնացի ոստիկանության Մուշ բաժին`Գյումրու ոստիկանապետ Մարտիրոսյանի մոտ: Իհարկե, մարզային ոստիկանությունը պարտավոր էր իմ հաղորդումը վերցնել, բայց ես էդպես հիվանդ, ջարդված, ծեծված, լխճված կնիկ, ինձ նորից փող ծախսել տվեցին, ուղարկեցին Գյումրու բաժին: Պետը հարցուփորձ արեց, տեսավ, որ վատ վիճակի մեջ եմ, կանչեց Բադոյան Գագիկին, ասաց, որ հաղորդումը դատախազի դեմ վերցնեն, և բժիշկ կանչեն: Շտապօգնությունն էլ եկավ, բուժակ Մաքսիմ Ալեքսանյանը արյանս ճնշումը չափեց, ասեց` 130-90 է: Ասի տղա ջան, դու որտե՞ղ ես կրթվել, ոնց որ սիրտիս մեջ տաք ջուր լցնեն, քիչ մնա ինֆարկտ ստանամ, դու ասում ես ճնշումս 130-90 է, իմ ճնշումը երբեք էդքան չի եղել վերջին տարիներին: Ամենացածրը եղել է 150-160: Մի լավ վիճեցի բուժակի հետ, ասի ինչո՞ւ եք մարդկանց հիվանդությունը թաքցնում, ուզում եք ինձ սպանե՞լ, ես 5 երեխա ունեմ, որից 3-ը ամուսնացած չեն ու մի մեր ունեն, հեր չունեն: Էսպես էլ պետություն լինի՞:

Երկրորդ կարդիոբրիգադն եկավ իմ խնդրանքով, եկան չափեցին, որ ճնշումս 140-100 է, անմիջապես ներարկում արեցին: Գնացի դատական բժշկի մոտ, որոշում տվեցին ինձ, որ հեմատոմա է իմ մոտ, լխճված եմ, հետո տեսա, որ ոստիկանությունը հաղորդումս չի ուղարկել ՀՔԾ, բողոք գրեցի Սերժ Սարգսյանին: Ես ցանկություն ունեի իմանալ, հո մեր դատախազը հիվանդություն չունի՞, որովհետեւ էդ մարդը առանց պատճառի ինձ դուրս շպրտել տվեց` մի ամբողջ խումբ տղամարդկանցով: Ես իր հետ բառ չեմ փոխանակել, ինքը բյուրոկրատ է, ինքը ինձ տեսած էլ չկա, ուղղակի Կիրովականում միշտ բողոքների տակ հանդիպել է իմ անուն-ազգանվանը, դրա համար էլ ազգանունս լսելով՝ պատմություն բացեց: Հիմա գործը քննվում է ՀՔԾ-ում, քննիչ Վեքիլյանի մոտ, անընդհատ զանգում, անհանգստացնում եմ էդ Վեքիլյանին, հարցնում եմ՝ ինչո՞ւ դուք չեք հարուցում քրեական գործ: Որ ես ընդունելության եմ եղել դատախազի մոտ, էդ փաստաթուղթը մոտս է, ավելի ճիշտ մոտս էր մնացել, պիտի իրենց հանձնեի` ըստ կարգի, բայց ինձ հրելով դուրս արեցին, պատահաբար մոտս մնաց, թևիս լխճվածը կա, էլ ի՞նչ է պետք քրեական գործ հարուցելու համար, ես մեռնելուց փրկվեցի: Չնայած ինձ ասում են, թե մեր դատախազը Աղվանի բարեկամն է»:

Aravot.am-ը այս թեմայի շուրջ լսեց նաև Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանին, ով պնդում է, որ այս տիկինը զբաղված է իրեն վարկաբեկելով, և որ նրան բոլորն են ճանաչում:

Դատախազի պարզաբանումները՝ քիչ անց:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ահա և քեզ անառակաբարո,՝ Դեպի ավելի ապահով Հայաստանը:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031