Լրահոս
Օրվա լրահոսը

Լույս են տեսել Orange Գրքի մրցանակ 2012-ում հաղթած ստեղծագործությունները

Սեպտեմբեր 02,2013 22:55

Օգոստոսի 30-ի երեկոյան «Բյուրոկրատ» գրատանը տեղի ունեցավ «Orange Գրքի մրցանակ 2012»  գրքի մրցույթում հաղթող ճանաչված ստեղծագործությունների` արդեն հրատարակված չորս գրքերի շնորհանդեսը: Դրանք են Հովհաննես Թեքգյոզյանի «Մաշկացավ» վեպը, Նարե Սահակյանի «Համոյի սիրած ծաղիկը» պատվածքը, Երազիկ Գրիգորյանի «Ձերդ գերազանցություն վատ կախարդ պառավ» հեքիաթը և Շուշանիկ Թամրազյանի «Մոգ արքաներ» բանաստեղծությունների ժողովածուն:

Orange-4

«Ուրախությամբ և հպարտությամբ ենք այսօր ներկայացնում գրքերը, որոնք ստեղծվել են մրցույթի, ժյուրիի աշխատանքի, ընթերցասերների հետաքրքրության ու ներգրավվածության արդյունքում: Orange Գրքի մրցանակն ընթերցողի և գրքի սիրահարների մրցանակ է: Մենք այս ընթացքում արեցինք հնարավորը` հանրային ընթերցանությունների միջոցով խթանելու հետաքրքրությունն ընթերցանության նկատմամբ: Մրցույթը նաև թույլ տվեց նոր անուններ բացահայտել », ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Orange-5

Շնորհանդեսին ներկայացված գրքերից «Մաշկացավը» ժամանակակից պատմություն է: Այն հեղինակի բնորոշմամբ անտիվեպ է, որը ներկայացնում է նույն պատմության տարբեր պատառիկները տարբեր տեսանկյունից, տարբեր հերոսների աչքերով, իրականության տարբեր ըմբռնումներով:

«Համոյի սիրած ծաղիկը» պատմվածք է մի ընտանիքի մասին, որի անդամները հաճախ չեն զրուցում միմյանց հետ, որի ամենօրյա կյանքի շիկացած մթնոլորտում, շահերի բախման կենտրոնում մարդկանց ճակատագրերն են հայտնվում:

«Ձերդ գերազանցություն վատ կախարդ պառավ» հեքիաթի գլխավոր հերոսները մանկական ստեղծագործություններում հաճախ հանդիպող կերպարներ են` կախարդ պառավն ու ագռավը: Այս հեքիաթը սակայն փորձ է անում բոլորովին այլ տեսանկյունից նայելու, ընկալելու այս կերպարներին, անգամ` ընդառաջ գնալու իրենց չարության մեջ այնքան անհետևողական, հաճախ` ոչ թե չար, այլ չարաճճի, երբեմն միամիտ, մշտապես ծիծաղելի, նաև հանկարծակի հուզող այս երկու ընկերներին, որոնց չարությունը ոչ թե նրանց ուժն է, այլ թուլությունը:

Շնորհանդեսին ներկայացված «Մոգ արքաներ» բանաստեղծությունների ժողովածուն տարբեր ժամանակներում ու վայրերում հեղինակի որսացած բառերն ու հույզերն են, որոնք պարզ ու ազատ՝ առանց մտքի կամ բովանդակության կանխորոշման, միավորվել են մեկ յուրօրինակ ռիթմում:

Հիշեցնենք, որ մրցույթին մասնակցել են նրանք, ովքեր ներկայացրել են նախկինում երբևէ չհրատարակված գրական երկ: Orange Գրքի մրցանակ 2012-ին առաջին անգամ մասնակցեցին նաև Սփյուռքի` արևելահայերեն կամ արևմտահայերեն գրված ստեղծագործություններ: Մրցույթին ընդհանուր թվով մասնակցել է 470 ստեղծագործություն: Յուրաքանչյուր ժանրում հաղթող ճանաչված ստեղծագործությունը հրատարակվել է առանձին գրքով, 500 տպաքանակով, իսկ հեղինակը ստացել է դրամական մրցանակ 500,000 դրամի չափով:

Orange Գրքի մրցանակի նպատակն է խթանել հետաքրքրությունը ընթերցանության նկատմամբ, բացահայտել ժամանակակից հայ գրողներին, օրեցօր զարգացող էլեկտրանային մեդիայի միջոցով տարածել նրանց ստեղծագործությունները ընթերցողների առավել լայն զանգվածներին, աջակցել սկսնակ և արդեն հայտնի գրողներին հրատարակել իրենց անտիպ ստեղծագործությունները:

Orange գրքի մրցանակն արդեն երկրորդ անգամ կազմակերպվում և իրականացվում է «Հայ գրքի կենտրոն» հասարակական կազմակերպության հետ միասին:

Orange Գրքի մրցանակն ամենամյա մրցանակ է: 2013 թվականի մրցույթի մեկնարկի մասին կհայտարարվի հավելյալ: Բոլոր մանրամասները` https://orangearmenia.am/book-prize/ էջում:

 

Orange Արմենիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30