Խորհրդարանի հինգերորդ գումարման չորրորդ նստաշրջանի առաջին նիստը, ինչպես եւ սպասվում էր, մեկնարկեց բուռն բանավեճով`կապված Սերժ Սարգսյանի մոսկովյան այն հայտարարության հետ, թե Հայաստանը պատրաստվում է անդամակցել Մաքսային միությանը։
Քառօրյայի առաջին օրը 131 պատգամավորներից նիստին ներկա էր 105 պատգամավոր։
Նիստը մեկնարկեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի`ԱԺ նախագահին ուղղված հարցով: Նա հիշեցրեց, որ ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովը խորհրդարան էր հրավիրել ԱԳՆ ներկայացուցիչներին՝ Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ քաղաքական ուժերին տեղեկատվություն տրամադրելու համար։ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ մինչ որոշում կայացնելը պետք է տրամադրվեր այդ տեղեկատվությունը, իսկ հիմա այդ հարցի քննարկումը հրատապ է և անհետաձգելի։
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ մինչ Մոսկվա մեկնելը՝ հանրապետության նախագահը կոալիցիոն ուժերի հետ քննարկել է այդ որոշումը, իսկ համապատասխան պաշտոնյաները խորհրդարան անպայման կհրավիրվեն։
Կարդացեք նաև
Ապա ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ-ն կանգնել է աշխարհաքաղաքական ճգնաժամի նախաշեմին եւ այժմ առկա է մի իրավիճակ, որ երբևէ այդպիսի սրությամբ արտահայտված չի եղել։ «Այս ֆոնին հնչում են գնահատականներ, որ այս ճանապարհի վերջը Հայաստանի ինքնիշխանության կորուստն է։ ԱԳ նախարարի ափալ-թափալ այցերը և եվրոպացիների հետևից ընկնելը շատ հրատապ հարցեր են առաջացնում։ Խորհրդարանը մեկուսացած է այդ պրոցեսից և անգամ նվազագույն տեղեկատվություն չունի այդ որոշումից»,- ընդգծեց պատգամավորը։ Փաշինյանը գտնում է, որ այդ հարցը պետք է հրատապ քննարկվի, որ ԱԺ նստաշրջանը պետք է սկսել միջազգային պայմանագրի քննարկմամբ`Մաքսային միությանն անդամակցության հարցով, ԱԺ հրավիրվեն Էդվարդ Նալբանդյանն ու Սերժ Սարգսյանը՝ տեղեկատվություն տրամադրելու հայ ժողովրդի ճակատագրի վերաբերյալ։
«Սերժ Սարգսյանն այդ հարցը քննարկել է ՀՀԿ ԳՄ-ում, բայց խորհրդարանն է այն ներկայացուցչական մարմինը, որտեղ պետք է պարզաբանումներ տրվեն»,- ասաց Փաշինյանը:
Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Այո, ես նույնպես գտնում եմ, որ դրա անհրաժեշտությունը կա, և, կրկնում եմ, համապատասխան պաշտոնյաները կհրավիրվեն ԱԺ։ Բայց ոչինչ ափալ-թափալ չի, և մենք որևէ մեկի հետևից չենք վազում։ Ամեն համաձայնագրի հիմքում դրված է մեր ժողովրդի շահը։ Մաքսային միությանն անդամակցության հիմքում դրված է այդ շահը։ Եվ ես համաձայն չեմ, որ այս որոշումով մենք կորցնում ենք մեր ինքնիշխանությունը»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Տեսանյութը՝ a1plusnews-ի


















































