Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի է ունեցել Երևանի ավագանու հերթական նիստը

Հոկտեմբեր 31,2013 18:55

Երևանի ավագանին հոկտեմբերի 31-ին գումարված նիստում միաձայն կողմ քվեարկությամբ հավանության է տվել քաղաքական,  հասարակական  գործիչ  Ֆրունզե  Խառատյանի, արձակագիր  Զորայր  Խալափյանի և Հայաստանի  առաջին  կին  օդաչու  Նինել  Ղարաջյանի հիշատակը  հավերժացնող  հուշատախտակներ տեղադրելու որոշումների մասին առաջարկներին:

Ավագանին հավանություն է տվել նաև Երևան  քաղաքի  ավագանու  «Հանրապետական կուսակցություն»  խմբակցության  անդամ  Հ.  Թոքմաջյանի  `  Երևան քաղաքի  Նոր  Նորք  վարչական  շրջանի  Գայի  պողոտայի  և  Ջրաշխարհի հարևանությամբ  տեղակայված  զբոսայգու 5.637  հա մակերեսով մասը բարեկարգելու,  կանաչապատելու և հանգստի գոտու վերածելու վերաբերյալ առաջարկությանը։ Հ.  Թոքմաջյանի  առաջարկության  համաձայն՝  մշակվող բարեկարգման  և  կանաչապատման  նախագծա-նախահաշվային  փաստաթղթերն ավագանու որոշմամբ ընդունվել է որպես նվեր:

Ավագանու միաձայն հավանությանն են արժանացել նաև Երևան համայնքի սեփականություն համարվող մի շարք բնակարաններ անհատույց օտարելու, հողամասի նպատակային նշանակությունը փոխելու, ինչպես նաև «Ա. Իսահակյանի  անվան  կենտրոնական  գրադարան»  համայնքային  ոչ  առևտրային կազմակերպությանը անհատույց  օգտագործման  իրավունքով գույքեր ամրացնելու մասին որոշումների նախագծերը:

Ավագանու որոշմամբ՝ Երևանի ավագանու հաջորդ նիստը կգումարվի նոյեմբերի 25-ին:

Հայտարարված ընդմիջմանը հաջորդել է հարցուպատասխանը, որի ժամանակ ավագանու «Հանրապետական կուսակցություն»  խմբակցության  անդամ Ռոզա Սիրունյանի՝ մայրաքաղաքում իրականացվող առողջապահական ծրագրերի մասով բարձրացված հարցին ի պատասխան ՝ քաղաքապետարանի առողջապահության վարչության պետը նշել է, որ անցած ամիսների ընթացքում քաղաքապետարանի կողմից իրականացված բարեգործական երկու միջոցառումների ընթացքում բժշկական տարատեսակ անվճար ծառայություններից օգտվել է ավելի քան  8 հազար մարդ: Բացի այդ, այս տարի առաջին անգամ Երևան քաղաքի բյուջետային միջոցներով անհրաժեշտ նոր բուժսարքավորումներ են ձեռքբերվել: Ինչ վերաբերում է թ.7 և թ.8 համաբուժարանների միավորման ծրագրին, ապա այս ուղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են:

ԲՀԿ խմբակցության անդամ Թամար Պողոսյանի՝ այս կամ այն շինարարության մասին օրենքով սահմանված կարգով հանրությանն իրազեկելու հարցին ի պատասխան նշվել է, որ բարձրացված հարցի վերաբերյալ ապահովվում է գործող օրենսդրության պահանջը, և գործընթացներն իրականացվում են բացառապես օրենքի շրջանակում:

Երևանի արտաքին լուսավորության և ընդհանրապես վերգետնյա մալուխային ցանցի վերաբերյալ «Բարև Երևան» խմբակցության անդամ Գագիկ Բաղդասարյանի հարցի առնչությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ հարցը քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում է, և խնդրի լուծմանն ուղղված կոնկրետ քայլեր արդեն իսկ ձեռնարկվել են: Ներկայում, մասնավորապես, ստորգետնյա ցանցի անցկացման պիլոտային ծրագիր է իրականացվում: Բավական ծավալուն այս ծրագրի իրականացման համար զուգահեռաբար բանակցություններ են ընթանում մասնավոր, այդ թվում նաև միջազգային ընկերությունների ու կազմակերպությունների հետ: Բացի այդ, նոր կառուցվող բոլոր փողոցներում լուսավորության ցանցը ստորգետնյա է:

Մայրաքաղաքի աղբավայրերի ճակատագրի վերաբերյալ ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Ջիվան Պողոսյանի կողմից բարձրացված հարցը պարզաբանելիս  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տեղեկացրել է, որ մայրաքաղաքում սանմաքրման աշխատանքներ իրականացնելու համար հայտարարված մրցույթը կայացել է, և միջազգային 2 կազմակերպություններ արդեն հաղթող են ճանաչվել ու, համաձայն պայմանագրի, 2014 թվականի ապրիլի 1-ից կսկսեն իրականացնել մայրաքաղաքի սանմաքրման ու աղբահանության աշխատանքները: Ավելին, արդեն եկող գարնանը կհայտարարվի նաև աղբի վերամշակման գործարանի կառուցման և շահագործման միջազգային մրցույթ:

Երևանի և Ստեփանակերտի միջև գործակցության պայմանագրի ընթացքի վերաբերյալ ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանի  հարցին ի պատասխան նշվել է, որ նախանշված բոլոր ուղղություններով կոնկրետ քայլեր արդեն իսկ ձեռնարկվել և հաջողությամբ իրականացվում են: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից, ի թիվ այլ հարցերի, գործակցության մասով առանձնացվել է Ստեփանակերտում Ազատամարտիկների այգի հիմնելու համատեղ ծրագիրը՝ հատկանշելով, որ այն լինելու է Երևան քաղաքի նվերը Ստեփանակերտին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031