Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Դանիելյանի «Բնության գույները»

Նոյեմբեր 02,2013 14:05

Հայաստանի բնության պետական թանգարանի  գործունեության  հիմնական  նպատակը  բնակչության  բնապահպանական  դաստիարակությանը  եւ բնապահպանական  կրթությանը   նպաստելն  է,  ինչը  հնարավոր  է  միայն  բնության  վերաբերյալ  գիտելիքների  խորացման  եւ վերջինիս նկատմամբ սեր  ու  հոգատարություն  սերմանելու  միջոցով:  Իսկ   բնությունն իր գեղեցկությամբ, խորհրդավորությամբ ու գույների բազմազանությամբ միշտ էլ ոգեշնչել  է տաղանդաշատ արվեստագետների: Այս օրերին Հայաստանի բնության պետական թանգարանում գործում է «Բնության գույները» խորագիրը կրող ցուցահանդեսը, որի հեղինակն է հայ նկարիչների երիտասարդ սերնդի  ներկայացուցիչ Դավիթ Դանիելյանը: Ցուցահանդեսում ներկայացված է շուրջ 50 աշխատանք: Դրանց մեծ մասը հեղինակը նկարել է պաստելով, ջրաներկով, գուաշով, յուղաներկով. ամեն նկար թելադրում է իր նյութը: Սկսելով գրաֆիկայից՝ Դավիթը  զգացել է, որ աշխարհը գունավոր է` թեեւ գրաֆիկան ավելի լավ է արտահայտում պատկերը:

Դեպի մեծ արվեստ տանող իր ճանապարհի սկիզբը եղել է ընտանիքը` հայրը, ապա Երեւանի գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիան: Դավիթի կտավներից սերն ու գեղեցկությունն է հորդում, նա կարողանում է նկատել գեղեցիկը, անցկացնել հոգու եւ սրտի միջով ու փոխանցել թղթին, կտավին, թերեւս հենց այստեղ է նկարչի առավելությունը: «Ես սիրահարվում եմ, դա իմ հոգու փոթորկումն է, առաջնահերթ ապրում եմ պատկերելով իմ ապրումները, խոսում եմ նկարներիս հետ եւ ստանում հարցերիս պատասխանները»,- ասում է նկարիչը:

Հարուստ է երիտասարդի ստեղծագործական ուղին. ունեցել է ցուցահանդեսներ, պարգեւատրվել պատվոգրերով: 2008 թ. մասնակցել է միջազգային մրցույթի Ղրղըզստանում եւ Ղրղըզստանի  առաջին տիկնոջ կողմից արժանացել հատուկ մրցանակի: Պատվոգրի է արժանացել Հայաստանի բնության պետական թանգարանի կոցմից, որը հանձնեց տնօրեն  Գայանե Ղազարյանը:

Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930