Լրահոս
Օրվա լրահոսը

Al-Monitor. Թուրք գիտնականը պատմել է, թե ինչպես է իր ընտանիքը կոտորել հայերին

Նոյեմբեր 11,2013 21:29

Ստամբուլում նոյեմբերի սկզբին անցկացված «Մահմեդականացած հայեր» գիտաժողովի ժամանակ գիտնական Նեվին Յիլդիզ Թահինջիօղլուի ելույթը խորապես հուզել է ներկաներին: Գրում է «Ալ-Մոնիտոր» լրատվականը:

Գիտնականը պատմել է Սառա անունով 15-ամյա հայ աղջկա մասին, որն ապրում էր Սանլիուրֆա նահանգից Վիրանսեհիր քաղաքի հայկական գյուղում:

«Շրջանի հեղինակություններից մեկի՝ Այուփ Աղայի, կամ ինչպես տեղի բարբառով ասում էին «Այիփ Աղա», մարդիկ հարձակվում են Սառայի գյուղի վրա, շրջափակում տղամարդկանց ու տանում իրենց հետ: Մեկ ամիս անց լվացք անելիս Սառան հոշոտած ձեռք է տեսնում, որի վրա ճանաչում է իր քեռու ժամացույցը: Մի շուն վերցնում է ձեռքը ու տանում քարանձավ: Սառան, շանը հետևելով, քարանձավում, որը մինչ այսօր անվանում են «Հայկական քարանձավ», հայտնաբերում է գյուղի տղամարդկանց շների հոշոտած մարմինները:

Ողջ մնացածները որոշում են հեռանալ գյուղից, սակայն Այիփ Աղան նրանց բռնում ու փակի տակ է պահում՝ օրերով ջուր ու հաց չտալով: Մի օր Այիփը, որն արդեն երկու կին ուներ, «բանտարկվածների» մեջ տեսնում է Սառային, սիրահարվում ու ասում, որ պիտի  ամուսնանա հետը: Սառան մերժում է, Այիփը սպառնում է, որ կսպանի նրա մորը ու այդպես էլ անում է: Հետո սպառնում է, որ հորը կսպանի, սակայն Սառան շարունակում է անդրդվելի մնալ, ու Այիփը հորն էլ է սպանում: Հետո սպառնում է, որ եղբորը կսպանի: Այդ ժամանակ Սառան համաձայնում է ամուսնանալ նրա հետ երկու պայմանով. «Նախ՝ իմ եղբայրը չպիտի սպանվի, երկրորդ՝ դու չես փոխի անունս, որն ինձ տվել է հայրս»: Թեպետ Այիփը համաձայնում է, բայց Սառայի եղբայրը մեկ տարի անց մահանում է կասկածելի հանգամանքներում:

Ամուսնությունից հետո Այիփ Աղան տանջում է աղջկան, որը շարունակում է վզին խաչ կրել: Դաշույնով, որով նա սպանել էր տասնյակ հայերի, Այիփը խաչեր է դաջում Սառայի մարմնին: Նա բռնաբարում է աղջկան ամեն անգամ, երբ ուզում է քնել հետը, քանի որ Սառան հրաժարվում է անկողին մտնել նրա հետ: Ականատեսները պատմել են, որ այդ բռնաբարությունների ժամանակ Սառայի ձայնն արձագանքում էր տան բակում»:

Վկաների և բանավոր պատմությունների հետազոտության վրա հիմնված այս պատմությունը վերջացնելուց հետո, Թահինջիօղլուն անակնկալի է բերել ունկնդիրներին՝ ասելով հետևյալը. «Այս պատմության մեջի վատ մարդիկ իմ ընտանիքից են»:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930