Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորների միության խորհուրդը ՄԻՊ-ի զեկույցը համարում է հակապետական

Դեկտեմբեր 11,2013 12:19

Հայաստանի Հանրապետության դատավորների միության խորհուրդը խստորեն դատապարտում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից 09.12.2013թ. հրապարակված «Արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ» հակապետական, հակաօրինական, իրականությանը բացարձակ չհամապատասխանող, սիրողական մակարդակի ուսումնասիրությունների վրա հիմնված, դատական իշխանությունն ու դատավորի բարձր կոչումը նսեմացնող արտահերթ զեկույցը:
Հայաստանի Հանրապետության դատավորների միության խորհուրդը
հայտարարում է.
•    հիմնազուրկ դատողություններից բաղկացած հիշատակված զեկույցը պետական և հասարակական կարգի ապակայունացման լուրջ վտանգ է պարունակում, որը միտված է դատական իշխանության նկատմամբ հանրության շրջանում թյուր պատկերացումների ձևավորմանը
•    զեկույցն ամբողջությամբ երևակայության արդյունք է և արժեզրկում է ոչ միայն արդարադատության իմաստն ու բովանդակությունը, այլ նաև այդօրինակ երևակայություն ունեցողի իրական առաքելության իմաստը
•    պրոֆեսիոնալ մարմինը գրավոր, թե բանավոր խոսքով հանդես գալու ժամանակ պետք է և պարտավոր է ներկայացնել միայն փաստ, եղելություն կամ վերլուծություն ու, բնականաբար, ուսումնասիրությունների չափելի ու համադրելի արդյունքներ, որպիսիք զեկույցում իսպառ բացակայում են
•    զեկույցում փողոցային բամբասանք հիշեցնող անհեթեթ տեղեկություններ ներառելը հարիր չէ իրավական պետության Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտին՝ ընդհանրապես և այդ պաշտոնը զբաղեցնող անձին՝ մասնավորապես:

Հայաստանի Հանրապետության դատավորների միության խորհուրդն ավելորդ չի համարում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հիշեցնել.
•    Պաշտպանն իր լիազորություններն իրականացնելիս պարտավոր է ղեկավարվել օրինականության, հասարակական համակեցության և սոցիալական արդարության հիմնարար սկզբունքներով, ենթարկվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին, ինչպես նաև միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին և նորմերին («Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 2-րդ և 5-րդ հոդվածներ)
•    Պաշտպանը պետք է տեղյակ լիներ բազմաթիվ միջազգային ակտերի գոյության մասին, որոնցում ամրագրված է դատարանների հեղինակությունը հարգելու և այն արատավորող գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալու պահանջը, որն ուղղված է դատարանների անկախությունն ապահովելուն:
Հայաստանի Հանրապետության դատավորների միության խորհուրդը, անթույլատրելի համարելով հանրության մոտ դատարանների ու դատավորների վերաբերյալ անվստահություն սերմանելու դիտավորությունը, կարևորելով դատարանի՝ որպես արդարադատություն իրականացնող միակ մարմնի հեղինակությունը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանից պահանջում է.
• հարգել դատավորի սահմանադրական կարգավիճակը
• անշեղորեն պահպանել օրինականության սկզբունքը
• ձեռնպահ մնալ դատարանի հեղինակությունն արատավորող հիմնազուրկ դատողություններ հրապարակելուց:

ՀՀ դատավորների միության խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լևոն Մելքումյան says:

    Բավական է մի հայացք քցել այսօրվա Հայաստան պետության վրա և միանգամից հստակ պատկերացում կարելի է կազմել մեր, այսպես կոչված, արդարադատության համակարգի որակների մասին: Այդ պատկերը դուք եք կերտել, “հարգելի”դատավորներ, և դրա համար պատասխան եք տալու հայ ժողովրդի զավակներին, եթե նույնիսկ այդ ժողովրդի զավակները հայրենազրկված ու ցրված լինեն աշխարհով մեկ՝ ձեր արգասաբեր գործունեության հետևանքով…

  2. Anahit says:

    Դուք դատավորներով եք մեղավոր,որ դարձել եք խամաճիք պատվեր կատարող ,անգամ հաշվի չառնելով դիմացինի վիշտը երիտասարդ կյանքի կորուստը,որբացած երեխան ազատամարտիկ հիմնադիր հրամանատար հորը հանուն ձեր խամաճիկության խեղխթուրեգիք խեղխթուրված գոտծը բառդելով անպաշտպան երկկողմանի ծնողազուրկի վրա դատապարտելով նրան 8տարի ժամանակով իսկ կազմակերպիչ երկու եղբայրներին ընդամենը 118հոդ,իսկ երկուսը դարցան վկաներ,ձեր խամաճիկության պատճառով,այսօր եղբայրներից մեկը մի նոր ցավ չեր պատճառի մեկին դանակահարելով եվ այժմ չեր գտնվի բեռդում,մնացած փակագծերը շուտով:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031