Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանովին բացարձակապես չի՞ մտահոգում, որ հիմա արդեն «ապաքաղաքական մասսան» էլ է իրենց հանցագործ համարում. «Չորրորդ իշխանություն»

Հունվար 21,2014 12:48

Հունվարի 18-ի հանրահավաքից հետո իշխանական քարոզչամիջոցներն առանց հատուկ ազդանշանի սպասելու միանգամից սկսեցին պատվերով համերգը, որի ընդհանուր մոտիվն այն էր, թե աչքներդ լույս՝ վերջապես Հայաստանում քաղաքացիական հզոր բեւեռ ձեւավորեց, եւ վաղուց բոլորին ձանձրացրած ընդդիմությունը երկրորդ պլան մղվեց։

Զարմանալի է, իհարկե, որ մինչ այդ «քաղաքացիական հզոր բեւեռի» բողոքի ակցիաներին մասնակցում էր առավելագույնը 5 հարյուր մարդ, իսկ «երկրորդ պլան մղված» ընդդիմության մասնակցությամբ հանրահավաքին ներկա էր 10 հազար հոգի, բայց սա դեռ մի կողմ թողնենք։

Մեզ ավելի շատ զվարճացրեց իշխանությունների արձագանքը։ Դա մինչեւ վերջ չգիտակցված խուճապի ու հորթային հրճվանքի ինչ-որ անհասկանալի խառնուրդ էր, եւ քանի որ նման իրավիճակներում միշտ էլ առաջինն արձագանքում էր բացառիկ կայտառությամբ աչքի ընկնող Էդուարդ Շարմազանովը, հենց նա էլ առաջինը հիացրեց իր տրամաբանության փայլատակումներով։

Նրան անսպասելի հրճվանք էր պատճառել այն հանգամանքը, որ թեեւ հունվարի 18-ի հանրահավաքին մասնակցում էին խորհրդարանական չորս կուսակցություններ, սակայն հանրահավաքի «տերը» քաղաքացիական ակտիվիստներն էին, ովքեր ընդամենը կենսաթոշակների կուտակային համակարգի դեմ են պայքարում եւ քաղաքական կարգախոսներով չեն առաջնորդվում։

Փորձենք հասկանալ այս հրճվանքի իմաստը։ Քաղաքացիական շարժումը գտնում է, որ «կուտակային համակարգը» թալան է։ Բայց եթե կա թալան՝ կան նաեւ թալանչիներ, հետեւաբար՝ ենթադրվում է, որ քաղաքացիական շարժումն այս իշխանություններին համարում է թալանչիներ։ Բայց՝ քաղաքական պահանջներ առաջ չի քաշում եւ քաղաքականությամբ չի զբաղվում։ Իսկ ընդդիմությունը քաղաքական պահանջներ է առաջ քաշում եւ ձգտում է իշխանության։ Սա նշանակում է, որ երբ ընդդիմությունն է իշխանություններին «թալանչի» անվանում, դա կարող է նաեւ զուտ քաղաքական հնարք համարել՝ դա «հինավուրց, գեղեցիկ սովորույթ է», միշտ էլ ընդդիմությունը հայհոյում է իշխանություններին։ Իսկ երբ քաղաքականությամբ չզբաղվողներն են իշխանություններին «թալանչի» անվանում, դա շատ ավելի օբյեկտիվ գնահատական է։

Իսկ Էդուարդ Շարմազանովն առանց հասկանալու հրճվում է՝ «ուռա՜, քաղաքականությամբ չզբաղվողները երկրորդ պլան են մղել ընդդիմությանը եւ իրենք են հայհոյում մեզ»։ Փաստորեն՝ նրան բացարձակապես չի մտահոգում, որ հիմա արդեն «ապաքաղաքական մասսան» էլ է իրենց հանցագործ համարում։ Այս իմաստով իշխանությունները Շմայսից ոչնչով չեն տարբերվում՝ «Փաթթած ունեն», թե ժողովուրդն իրենց մասին ինչ է մտածում եւ ինչ բնույթի հայհոյանքներով է արտահայտում իր ցանկությունները, կարեւորը՝ որ չկարողանա իրականացնել դրանք։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031