Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչի մասին է լռում Երևանի փոխքաղաքապետը. «Ժամանակ»

Հունվար 23,2014 10:26

Երևանի քաղաքապետարանը անցյալ տարի ավելի քան կես մլն ԱՄՆ դոլար է ծախսել թափառող շների դեմ պայքարի համար, սակայն հանրությանն այդպես էլ որևէ բացատրություն չի տրվում, թե ինչու է նման շռայլություն թույլ տալիս քաղաքապետարանը հարկատուներիս հաշվին, և արդյոք այդքան գումարի աշխատանք կա՞ անելու թափառող շների հետ: Ի դեպ, այս տարի ևս քաղաքապետարանը շարունակելու է «հուժկու պայքարը» թափառող շների դեմ: Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի նախագծով քաղաքապետարանը կրկին 220 մլն դրամ գումար է հատկացրել եկող տարի շների դեմ պայքարելու համար: Սա մոտ 550 հազար ԱՄՆ դոլար գումար է: Հիշեցնենք, որ մրցույթը ավանդաբար շահում է «Յունիգրաֆ-Իքս» ընկերությունը:

Բնապահպանները նշում են, որ քաղաքապետարանի բյուջեից հավելյալ գումարներ ստանալու նպատակով հայտամրցույթում ուռճացված կերպով նշված է, թե Երևանում 46 հազար թափառող շուն կա: Սա այն դեպքում, երբ օրինակ` Մոսկվայում այդ թիվը 25 հազար է: Ընդ որում՝ նույն թիվը քաղաքապետարանն արդեն մի քանի տարի ներկայացնում է, ուստի և պետական միջոցների ոչ նպատակային օգտագործման դեմ պայքարի շրջանակում կարելի է հարցնել` եթե «Յունիգրաֆ-Իքս»-ը շներին լայնածավալ քնեցնում կամ ստերիլացնում է, ինչպե՞ս է, որ թափառող շների՝ քաղաքապետարանի ներկայացրած թվաքանակը չի պակասում:

Օրինակ` վերելակների նորոգման համար նախատեսված է մոտ 97 մլն դրամ: Սա այն դեպքում, երբ ամռանը Կենտրոն համայնքի բնակիչներից մեկը մահացավ վերելակի անսարքության հետևանքով` ընկնելով վերելակի հորը: Իսկ չորրորդ աստիճանի վթարային շենքերի քանդման հետևանքով բնակտարածություններից զրկված բնակիչների փոխհատուցման համար բնակարանների ծրագրով նախատեսվել է 500 մլն դրամ: Ընդամենը մոտ երկու անգամ ավելի շների դեմ պայքարի համար շռայլորեն տրվող գումարից:

Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի նախագծով քաղաքապետարանը կծախսի 69,4 մլրդ դրամ, ինչը այս տարվա բյուջեի ծախսային մասից ավելի է 3,4 մլրդ դրամով, իսկ 2012 թվականի փաստացի ծախսերից 10,4 մլրդ դրամով:

Քաղաքապետարանի ծառայողական մեքենաների շահագործման ու պահպանման համար նախատեսված է 100,8 մլն դրամ` նախորդ տարվա 96,1 մլն-ի փոխարեն: Մեքենաների և սարքավորումների նորոգման և պահպանման գծով ևս 275 մլն դրամ է նախատեսվել, ինչը նախորդ տարվանից ավելի է 3,7 մլն դրամով: Բացի դա, քաղաքապետարանը ծրագրում է 6 նոր ավտոմեքենա գնել` վարչական շրջանի ղեկավարների տեղակալների մեքենաները փոխելու համար: Դրա համար նախատեսում է Երևանի բյուջեից ծախսել 30 մլն դրամ:

Քաղաքապետարանի պաշտոնյաների և ավագանու, վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի գործուղումների համար նախատեսվել է 70,5 մլն դրամ:

Քաղաքապետարանը եկող տարի 6,4 մլն դրամի ծաղկային կոմպոզիցիաներ և ծաղկեպսակներ ձեռք կբերի` մշակութային միջոցառումների, տոնական և հիշատակի օրերի և այլ դեպքերի համար:

Ամենաթանկը քաղաքապետարանի վրա ավտոմեքենաներն են նստում. պարտադիր վճարների գծով ծրագրվել է 3,1 մլն դրամ, որը նախատեսվել է ավտոմեքենաների տեխնիկական զննման ծախսերի և տուրքերի վճարման համար:

2014-ի բյուջեով մայրաքաղաքի դրոշների սպասարկման համար նախատեսված է 80 միլիոն դրամ` մոտ 200 հազար ԱՄՆ դոլար, ինչը Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը արդարացված ծախս է համարում… «Պետական դրոշը իր ներկայությունը պետք է ունենա մայրաքաղաքում` «Պետական դրոշի մասին» օրենքի համաձայն… Քաղաքում տարբեր դիրքերում տեղադրված է մեծ ֆորմատի պետական դրոշը, այս մշակույթը աշխարհի շատ քաղաքներում կա… Այդ դրոշների սյունն է մաշվում, մթնոլորտային ազդեցություններից վնասվում է, կտորն է մաշվում, ստեղծվել է մի ցանց, որը պետք է պահպանել, սպասարկել, ինչի համար այդ ծախսը արդարացված է մեր բյուջեում»,- ասաց փոխքաղաքապետը:

Մարինե Խառատյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031