Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխան Զաքարյան. «Համահայկական ձմեռային խաղերի ծախսերը հոգում են հովանավորները»

Փետրվար 04,2014 11:34

«Առավոտի» հարցին, թե Համահայկական ձմեռային 1-ին խաղերի անցկացման համար պետբյուջեից որքա՞ն գումար է հատկացվել, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը պատասխանեց. «Մարզիկների ճանապարհածախսի, հագուստի, ծախսերը հոգում են այն կազմակերպություններն ու հովանավորները, որոնք նրանց գործուղում են Հայաստան: Քանի որ ձմեռային խաղերն առաջին անգամ են անցկացվելու, ես հստակ հանձնարարական ունեմ նախագահ Սերժ Սարգսյանից` այս անգամ մեր հայրենակիցներին օգնելու, աջակցելու նպատակով կազմակերպել նրանց գիշերավարձը, սնունդը, հոգալ բացման եւ փակման արարողությունների, բազաների տրամադրման, մրցումների անցկացման հարցերը: Նախապես ասեմ, որ պետական բյուջեից գումար չի հատկացվել: Մի բան կա, որը, կարծում եմ, շատ ճիշտ ու արդարացված որոշում է: Եթե Սիրիայից պատվիրակություն ժամանի, մենք կհոգանք նրանց բոլոր ծախսերը: Կրկնում եմ` ամեն բան արվելու է հովանավորների միջոցով, որոնց արդեն դիմել եմ»:

Հարցին, թե ովքե՞ր են հովանավորները, պարոն Զաքարյանը ձեռնպահ մնաց անուններ տալուց` նշելով. «Խաղերի անցկացմանն աջակցողների անունները կհրապարակվեն դրանց ավարտից հետո: Խնդիր կարող է լինել ամառային 6-րդ խաղերի ժամանակ, որը կայանալու է 2015 թվականի օգոստոսին, Հայոց Ցեղասպանության 100-ամյակի տարում: Այն ընդգրկվել է պետական միջոցառումների ցանկ եւ շատ խոշոր մարզական իրադարձություն է լինելու: Ծրագրում ավելացվել է 7-8 մարզաձեւ եւ արդեն ակնկալվում է մոտ 7 հազար սփյուռքահայ երիտասարդների մասնակցություն: Շատ ծանր աշխատանք է սպասվում: Հնարավոր է, որ այդ ժամանակ դիմենք կառավարության աջակցությանը: Թեեւ չեմ բացառում, որ լինեն մեկ-երկու հովանավորներ, որոնք ամբողջ ծախսերը կվերցնեն իրենց վրա: Եվ նշանակություն չունի, թե նրանք որտեղից են: Հայ են: Ու տեսնում են, որ գաղափարը ճիշտ է, լավն է»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728