Լրահոս
Օրվա լրահոսը

Ա. Աշոտյան. «Գիտական աստիճանաշնորհման համակարգը գնում է խստացման»

Փետրվար 05,2014 12:27

Կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի խորհրդի նիստ, որը վարել է նախարար Արմեն Աշոտյանը: Ծրագրի խորհրդում ներգրավված երիտասարդ գիտնականները նախարարին են ներկայացրել նոր առաջարկներ՝ գիտական դրամաշնորհների մրցույթներում նոր ուղղություններ ներառելու վերաբերյալ:

Մասնավորապես երիտասարդ գիտնականներն առաջարկ են ներկայացրել մրցութային հայտերի մեջ գիտական սարքավորումների և նյութերի ձեռքբերման, ինչպես նաև գիտական գրքերի հրատարակության պահանջ դնել: ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ առաջարկն ընդունելի է որպես գիտական ծրագրի բաղադրիչ և իրականացման տարբերակները պետք է մշակվեն ՝հաշվի առնելով օրենսդրության պահանջները: Արմեն Աշոտյանը հանձնարարել է՝ գիտական գրքերի հրատարակման մրցույթներում Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ անպայման ներառել նաև Հայոց ցեղասպանության մասին գիտական ուսումնասիրություններ: Կարևորվել է նաև գիտական խմբերի միջև համագործակցության խթանման նպատակով համատեղ ծրագրային մրցույթների կազմակերպումը: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաև գիտական համաժողովների մասնակցությանը, ցիտման բարձր ինդեքս ունեցող միջազգային գիտական ամսագրերում տպագրմանն ու ԵԳԱԾ կայքի զարգացմանն առնչվող հարցերի:

ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը խորհրդակցության ընթացքում տեղեկացրել է երիտասարդ գիտնականերին, որ նախարարության Բարձրագույն որակավորման հանձնաժողովն այժմ սկսել է գիտական աստիճանաշնորհման կարգի փոփոխության գործընթաց և ակնկալում է նաև ծրագրի շահառուների առաջարկություններն ու դիտողությունները:

«Մենք հիմա սկսում ենք գիտական աստիճանաշնորհման համակարգի փոփոխություններ և խնդրում եմ ուղարկել Ձեր առաջարկություններն ու դիտողությունները՝ գործող կարգի վերաբերյալ: Մեր քաղաքականությունը միտված է գիտական աստիճանաշնորհման համակարգը տանել դեպի խստացում, միաժամանակ հստակեցնել թեկնածուական և դոկտորական աշխատանքների պահանջները, որպեսզի մասնագիտական խորհուրդները և ԲՈՀ-ը հանդես գան ավելի շատ որպես “օպերացիոն”, քան որոշում կայացնող մարմիններ: Որակի չափանիշները պետք է փորձենք դնել անկախ մարմինների վրա, որոնց գնահատականը պետք է լինի չափելի: Այն ասպիրանտը, ով կունենա թեկնածու դառնալու ցանկություն, գալով խորհուրդ, պետք է հստակ ապահովի սահմանված պահանջները և անցնի այնպիսի ճանապարհ, որպեսզի որևէ մեկի մտքով անգամ չանցնի վիճարկել գիտական աշխատանքի որակը»,- դիմելով ներկաներին ասել է նախարար Ա. Աշոտյանը՝ հավելելով, որ խստացվել են նաև ԲՈՀ-ի ցանկում ներառվող գիտական ամսագրերի համար սահմանված չափանիշները:

 ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. voter says:

    Դե բանակից փողով տարեկետման իրավունք ստանալն ավելի թանգ ա քան գիտական աստիճան կեղծելն, դրանից էլ ուզում են «խստացնեն»…

    Բայց մեկ ա անորակ գիտնականների պակաս էլի չի լինելու ուղղակի կյանքը թանգացել ա գիտխորհուրդներն էլ ավելի թանգով են ծախելու կոչումներն…

  2. nvard says:

    Մինչև կարգերը փոխեք` ողջ հհկ-ն գիտությունների թեկնածու կամ դոկտոր կդառնա…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728