Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե դեմ ենք ԱԺ-ի ներսում, ուրեմն դեմ ենք ամեն տեղ»

Փետրվար 05,2014 14:25

ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանի օգնականներ  Արմեն Ասլյանն ու Արման Թաթոսյանը, ովքեր ըստ էության նախաձեռնել էին ԱԺ աշխատակազմի ղեկավարին ուղղված ԱԺ աշխատակիցների դիմումը` պարտադիր կուտակային բաղադրիչի մասով աշխատավարձից պահումներ չիրականացնելու խնդրանքով, տեղեկացրեցին, որ դեռեւս պատասխան չեն ստացել: Հիշեցնենք, որ այդ նամակի տակ ստորագրել էին ԱԺ 50 աշխատակիցներ:

Երեկ, սակայն, «Ա1+» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը պարզաբանել էր, որ պահումները կատարվել են այն պատճառով, որ ՊԵԿ-ի փաստաթղթերում նշվում է պարտադիր կուտակային կենսաթոշակայինի տող, ուստի իրենք չէին կարող այդ պահումներն իրականացնել:

Հիշեցնենք, երեկ նմանատիպ պարզաբանումներ էր տվել նաեւ ԱԺ ֆինանսական եւ հաշվապահական հաշվառման վարչության պետը:

Armen-Asryan

Լուսանկարում Արմեն Ասլյանն է

Արմեն Ասլյանը, սակայն, ասում է, որ մինչեւ աշխատավարձերի փոխանցումը`հունվարի մեկը ներկայացված դիմումի նպատակը հենց այն էր, որ հունվարի 24-ին ՍԴ-ն կասեցրել է օրենքի 76 հոդվածը եւ 83 հոդվածի երրորդ մասը`քաղաքացուն ազատելով պարտադիր սկզբունքից:

Մեր զրուցակիցը եւս մեկ մեջբերում կատարեց մեկ այլ`իրավական ակտերի մասին 45 հոդվածի երրորդ կետից, որը սահմանում է. «Նորմատիվ իրավական ակտերում չպետք է կիրառվեն նորմեր, որոնց կատարումն անհնար է, կամ անընդունելի, կամ որոնց չկատարման համար իրավական հետեւանքներ նախատեսված չեն»: Պատգամավորի օգնականն այս ամենից հետեւություն է անում. «Կարծում եմ, պահումը կարող էին չկատարել»:

Նա նաեւ հարկ համարեց հավելել, որ երբեւէ չեն խուսափում հարցազրույցներից կամ պարզաբանումներից ու հավելեց, որ պատրաստվում է պայքարել իր ոտնահարված իրավունքները պաշտպանելու համար:

Arman-Tatoyan

Լուսանկարում Արման Թաթոսյանն է

Արման Թաթոսյանն էլ տեղեկացրեց, որ շատերը դեմ են արտահայտվել նրան, որ երեկ հրապարակվել են դիմումի տակ ստորագրող մարդկանց անունները ու սոցիալական ցանցերում շրջանառվել են այդ մարդկանց անունները: «Բայց, կարծում եմ, եթե մարդը ստորագրել է`դրանից ավելի հիմք էլ չկա: Եվ եթե դեմ ենք ԱԺ-ի ներսում, ուրեմն դեմ ենք ամեն տեղ»,- ասաց Արման Թաթոսյանն, որը չի ընդունում պատճառաբանությունները, որ ՍԴ-ի վերջնական որոշումից հետո պահված գումարների ճակատագրերը կհստակեցվեն. «Իմ աշխատած գումարը թող ինձ մոտ լինի: ՍԴ-ի որոշումից հետո`խնդիր չկա…,այսինքն, էլի խնդիր կա պարտադիր բաղադրիչի հետ կապված, բայց գոնե այդ ժամանակ ինչ-որ հիմքեր կլինեն: Մենք, համենայնդեպս, պայքարելու ենք մինչեւ վերջ»:

Aravot.am-ին հայտնի դարձավ, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարն այնուհանդերձ պատասխանել է դիմումատուներին: Պատասխանն ուղարկվել է սահմանված կարգով` փոստով եւ, հավանաբար, դա է պատճառը, որ այն դեռ չի հասել հասցեատերերին: Դիմումում, մասնավորաբար, ասված է. «Ձեր գրության կապակցությամբ հայտնում ենք, որ համաձայն «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի, պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցների կուտակային վճարի չափը կազմում է բազային եկամտի 10% –ը , որից 5% –ը վճարվելու է մասնակցի կողմից:

Միաժամանակ, համաձայն նույն օրենքի 8-րդ հոդվածի, վարձու աշխատող և պայմանագրային եկամուտ ստացող մասնակիցների համար /անունից/ կուտակային վճարները հաշվարկելու և փոխանցելու պարտականությունը կրում են գործատուները, որպես հարկային գործակալներ: Գործատուները օրենքով սահմանված ժամկետներում և կարգով հարկային մարմնում գրանցում են իրենց հետ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ գտնվող աշխատողներին, սահմանված դրույքաչափով հաշվարկում և փոխանցում են մասնակից հանդիսացող վարձու աշխատողների և պայմանագրային եկամուտ ստացողների կուտակային վճարները:

Քանի որ Ազգային ժողովի աշխատակազմը հանդիսանում է Ազգային ժողովի աշխատակազմում կուտակայինի մասնակիցների կուտակային վճարը հաշվարկելու և փոխանցելու գործակալ և ելնելով նրանից, որ 2014 թվականի հունվարի 24-ի ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ կասեցված չեն վերոնշյալ օրենքի 5-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածները, Ազգային ժողովի աշխատակազմը կատարել է օրենքով իր վրա դրված պարտականությունը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728