Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Մի հոդվածի հետքերով

Փետրվար 08,2014 14:41

Անկեղծ ասած, գրիչը ձեռքս չէի վերցնի եւ չէի շարադրի այս պատմությունը, եթե հեռուստատեսությամբ չտեսնեի այն արատավոր երեւույթը, թե ինչպես մի խումբ պատանիներ ծեծի էին ենթարկել իրենց ֆիզկուլտուրայի ուսուցչին, եւ կամ մի խումբ ուսանողների վարմունքը՝ արգելելու լրագրողների մուտքը քաղաքապետի թեկնածուական ատենախոսության պաշտպանությանը։

Թող ընթերցողին չթվա, թե ես հատուկ հակակրանք ունեմ այսօրվա երիտասարդության նկատմամբ, քավ լիցի, ինքս երկար տարիներ դասավանդել եմ եւ լավ գիտեմ մեր այժմյան ուսանողության առօրյա հոգսերն ու ձգտումները, չնայած այն բանին, որ այսօր էլ ուսանողության շրջանում կան այնպիսիք, որոնք այս կամ այն բուհն րնդունվելով վճարում են ուսման վարձ՝ չսովորելու, ժամանակ վատնելու, ամեն գնով դիպլոմ ստանալու նպատակռվ:

doc-01

Սակայն, դրանց կողքին ունենք նան ուսանողներ, որոնք շատ լավ գիտակցում են իրենց կարգավիճակը, ակտիվորեն մասնակցում են ուսումնական դասընթացներին, տաղանդավոր են եւ ունեն հեռանկար։ Նշեմ, որ հենց այդպիսի ուսանողներն են, որ ոգեւորում են այսօրվա դասախոսներին, որոնք հենվելով նրանց վրա, ջանք չեն խնայում իրենց գիտելիքները հաղորդելու ուսանողությանը, հակառակ դեպքում՝ դասախոսի մուտքը լսարան կդառնար անիմաստ։

1960- ականներին էր, երբ ավարտելով ԵՊՀ-ի քիմիայի ֆակուլտետը, նշանակվեցի նույն ֆակուլտետի ֆիզիկական քիմիայի ամբիոնին կից պոլիմերման պրոցեսների կինետիկայի ուսումնասիրման պրոբլեմային լաբորատորիայում, որպես լաբորանտ։

Նշված ամբիոնի վարիչը եւ լաբորատորիայի գիտական ղեկավարը մեր հանրապետության քիմիական գիտության ասպարեզում, ինչպես նաեւ Խորհրդային Միությունում, արտերկրում ճանաչված գիտնական, ակադեմիկոս Հովհաննես Հակոբի Չալթիկյանն էր, որին ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի որոշմամբ հատկացվել էր նշված պրոբլեմային լաբորատորիան, որի ուսումնասիրությունների կարիքը ուներ ոչ միայն Հայաստանը, այլեւ ամբողջ միության քիմիական արդյունաբերությունը։

Անցել էր արդեն մոտ երկու տարի, երբ հարգարժան պրոֆեսորը մի առավոտ, մտնելով լաբորատորիա, ինձ հանձնեց մի գիտական հոդված, որը տպագրված էր «Տեղեկագիր ՀՍԽՀ գիտությունների ինստիտուտի» 1931 թվականի համարում՝ «Բենգոիլ պերօքսիդ եւ բենզիլ ամին» վերնագրով, եւ ասաց. «Այս աշխատանքը կատարվել է համալսարանի եւ անասնաբուժական ինստիտուտի օրգանական քիմիայի լաբորատորիայում եւ զեկուցվել 1931թ. փետրվարի 10-ին Ստեփան Ղամբարյանի կողմից։ Մենք այս ուսումնասիրությունները կատարել ենք Ղամբարյանի հետ, սակայն նշված ռեակցիայի մեխանիզմը մինչեւ այսօր պարզաբանված չէ: Այժմ դու ուսումնասիրիր այն, որը եւ կդառնա քո դիսերտացիայի թեման»:

Ես շատ ուրախացա, որ հարգելի պրոֆեսորը վստահում եւ ինձ հանձնարարում էր գիտական ուսումնասիրություն կատարել։ Նշված հոդվածը ձեռքից վերցնելով՝ սկսեցի ծանոթանալ։

Սակայն մի փոքր անց նա ասաց, որ այդ հոդվածն ընդամենը մեկ օրինակ է եւ այն պետք է վերադարձնեմ իրեն։ Եվ այն ժամանակ չունենալով այսօրվա պատճենահանելու հնարավորությունները, ամբողջ հոդվածը նույնությամբ մեքենագրեցի՝ պահպանելով նրա տպագրական տեսքն ու կառուցվածքը։ Երբ մեքենագրում էի հոդվածի հեղինակների անունները, նկատեցի, որ առաջին հեղինակի անունն ու ազգանունը ծածկված է ծխախոտի սոսնձված բարակ թղթով, որից հետո գալիս էր՝ Հ. Չալթիկյան, Ա. Բաբայան անունները։ Հետաքրքրությունս ինձ թելադրեց տեսնելու ծխախոտի թղթի տակ եղած հեղինակի անունը։ Սակայն թուղթն այնպես էր փակցված, որ մեծ դժվարությամբ կարողացա կարդալ «Ս. Ղամբարյան» անունը, որն անմիջապես գրեցի մեքենագրվող թղթի վրա։ Այս անվան առեղծվածը հետագայում ավելի հաստատվեց, երբ լաբորատորիայի գիտական հոդվածներում հայտնաբերեցի «ՀՍԽՀ Պետական համալսարանի գիտական տեղեկագրի» 1930թ. փետրվարի 26-ի թիվ 5-ում «Ոնիկ Չալթիկյանի» հեղինակությամբ տպագրված «Բենզոիլ պերոքսիդի ռեակցիայի արագությունը սեկունդեր ամինների հետ» հոդվածը, որի հենց սկզբում հեդինակը՝ Չալթիկյանը նշում էր, որ դեռ 1925թ.-ից հետո (այնուհետեւ թղթով փակված էր հեղինակի անունը) կատարել է ուսումնասիրություն եւ այլն։ Երբ թուղթը զգուշությամբ հանեցի, նկատեցի «Ս. Ղամբարյան» անունը, որի կիսանդրին այսօր դրված է ԵՊՀ գլխավոր մասնաշենքի ճեմասրահի երախտավոր գիտնականների հուշարձանների շարքում։

Չալթիկյանի պատմածներից մեզ հայտնի էր դարձել, որ Ստեփան Ղամբարյանը եղել էր այն մեծագույն գիտնականներից մեկը, որն իր կատարած գիտական աշխատանքները թողնելով Գերմանիայում, եկել էր Հայաստան՝ ծառայելու իր ժողովրդին, եւ հանդիսացել էր քիմիայի ֆակուլտետի հիմնադիրներից մեկը:

Տարիներն անցնում էին, սակայն այս երկու հոդվածների առեղծվածներն ինձ հանգիստ չէին տալիս, իսկ մյուս կողմից՝ համարձակություն չունեի այդ մասին հարցնելու հարգարժան պրոֆեսորին՝ չցանկանալով ալեկոծել նրա հոգեկան անդորրը։ Նա եւս անցել էր 1937-ի բռնությունների բովով։ 1972-ին մենք կորցրեցինք մեր սիրելի պրոֆեսորին, որն այդպես էլ իր հետ տարավ հիշյալ երկու հոդվածների առեղծվածը։

1988 թվականն էր, երբ ֆակուլտետի լաբորատորիաներից մեկում գործընկերներով նստած զրուցում էինք մեր համալսարանի անցած ուղու մասին: Երբ խոսք բացվեց 1937-ի մասին, նշվեց, որ այդ ժամանակները համալսարանի համար եղել են շատ ծանր տարիներ, տեղի են ունեցել ժողովներ, որտեղ որոշվել են այս կամ այն պրոֆեսորի ճակատագիրը։ Նրանցից մեկն էլ եղել է հայտնի լեզվաբան Հրաչյա Աճառյանը։

Մեզ հետ նստած էր նաեւ մեր հարգարժան դոցենտներից մեկը՝ Ռաֆայել Մխիթարյանը, որը իր էությամբ ճշմարտախոս եւ սկզբունքային անձնավորություն էր, շատ բան տեսած ու լսած։

Նա շեշտեց, որ այդ տարիներին համալսարանում վախի մթնոլորտը այնպես էր իշխում, որ նույնիսկ Աճառյանին շատ մոտ կանգնած մարդիկ խուսափում էին իրենց ընկերոջը կամ ուսուցչին բարեւ տալ։ Ամիջապես միտքս եկան այդ երկու հոդվածները, եւ ես Ռ. Մխիթարյանին հարցրեցի, թե Հ. Չալթիկյանի՝ ինձ տված այդ հոդվածներում ինչո՞ւ պետք է, որ ծածկված լիներ Ս.Ղամբարյան անունը։ Մխիթարյանը բացականչեց. «Է՜, դուք դեռ շատ բան չգիտեք, եւ լավ է, որ չգիտեք»։ Ապա պատմեց, որ այդ օրերին քիմիայի ֆակուլտետում եղել է մի կոմսոմոլի քարտուղար՝ Վաղո Սարգսյան անունով, որը սիրել է մարդկանց զրպարտել։

Ես տեղիցս վեր թռա ու հայտնեցի, որ այդ անձնավորությունը եղել է իմ սովորած թիվ 51 դպրոցի քիմիայի ուսուցիչը։ Ռ Մխիթարյանը, խոսքը շարունակելով, տվեց մի շատ խելոք ասպիրանտի անուն, որը Ս. Ղամբարյանի ղեկավարությամբ պաշտպանել էր թեկնածուական ատենախոսությունը։

Պաշտպանությունից որոշ ժամանակ անց, Վաղո Սարգսյանը մոտեցել է Ս. Ղամբարյանին եւ դիմել, որ ինքն էլ է ցանկանում թեկնածուական թեզ պաշտպանել։ Սակայն Ղամբարյանը նրան մերժելով, հայրական տոնով ասել է. «Բայց դու ի վիճակի չես գիտական աշխատանք կատարելու»։ Վ. Սարգսյանը գնացել է այն ժամանակվա «ՉԿ»-ն եւ հայտնել, որ Ս. Ղամբարյանը հանդիսանում է գերմանական լրտես։ Չանցած որոշ ժամանակ՝ Ս. Ղամբարյանին աքսորել են Սիբիր։

Ես պատկերացրի Հ. Չալթիկյանի այդ օրերի հոգեկան ապրումների եւ մտավախության պատճառը եւ մտքովս անցավ դպրոցական տարիներում կատարած չարություններիցս մեկը, երբ Վաղո Սարգսյանն ինձ տարավ իր կաբինետը, վրաս հոխորտալով՝ ասաց. «Յառլիկդ կտամ՝ կգնաս կկորչես»։

Ճիշտ է, անցել էին տարիներ, նա մեծացել եւ զբաղվում էր մանկավարժական գործունեությամբ, բայց իր էությամբ մնացել էր այն նույն «Կոմսոմոլը», ինչպես եղել էր երիտասարդական տարիներին։

ՖԵԼԻՔՍ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
դոցենտ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728