Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխությունը այս տարի արդեն երրորդ անգամ կգնահատի եւ կարժեւորի հայկական կինոարտադրանքը

Փետրվար 11,2014 14:13

2014 թ. մայիսի 1-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա մրցանակաբաշխության հանդիսավոր երեկոն, եւ լավագույն աշխատանքները եւ դրանց հեղինակները կարժանանան ազգային կինոյի մրցանակին։

Մրցանակաբաշխության կազմակերպիչները արդեն հայտարարել են հայտերի ընդունման գործընթացը` 2014թ. փետրվարի 3-ից, որը կշարունակվի մինչեւ մարտի 10-ը: 2014թ. «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել 2012թ. արտադրված այն ֆիլմերը, որոնք չեն ներկայացվել նախորդ մրցույթին, եւ 2013թ. արտադրված բոլոր ֆիլմերը` առանց ժանրային սահմանափակումների: Հիշեցնենք, որ 2012թ. առաջին մրցանակաբաշխությանը մասնակցել են անկախության ժամանակահատվածում (20 տարվա արտադրանքը) ստեղծված ֆիլմերը` 1991-2011թթ.:
Մրցանակաբաշխության գեղարվեստական խորհրդի որոշմամբ «ՀԱՅԱԿ -2014-ը» նվիրվում է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 90-ամայկին, ինչի կապակցությամբ եւ սահմանվելու է Փարաջանովի անվան «Հայակ» հատուկ մրցանակը։ Բացի այդ, առաջին անգամ կսահմանվեն եւս երկու նոր հատուկ մրցանակներ՝ Ռուբեն Մամուլյանի անվան մրցանակ՝ կինոյում ունեցած վաստակի համար եւ Համո Բեկնազարյանի անվան մրցանակ՝ հայկական կինոյում ունեցած ներդրման համար:

Այս տարի «ՀԱՅԱԿԻ» մրցութային հանձնաժողովը կգլխավորի ռեժիսոր Էդգար Բաղդասարյանը: Մրցութային հանձնաժողովի անդամները նախագահի գլխավորությամբ՝ հայտերի ընդունման ավարտից հետո մեկ ամսյա ժամկետում կդիտեն ֆիլմերը, որից հետո ապրիլի 1-ին կհայտարարվեն հավակնորդ ֆիլմերը: Յուրաքանչյուր անվանակարգին վերաբերող որոշումը կընդունվի ձայների պարզ մեծամասնությամբ: Քվեարկությունը գաղտնի է: Ժյուրիի նախագահը կողմ եւ դեմ հավասար ձայների դեպքում վճռական ձայնի իրավունք ունի: Ժյուրիի անդամները տվյալ տարվա մրցանակաբաշխությանը հայտ չեն կարող ներկայացնել։

«Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխությունը 2014 թ. նույնպես կունենա 15 անվանակարգ. լավագույն գեղարվեստական ֆիլմ, լավագույն ռեժիսոր, լավագույն օպերատոր, լավագույն սցենարի հեղինակ, լավագույն նկարիչ, լավագույն կոմպոզիտոր, լավագույն դերասանուհի, լավագույն դերասան, լավագույն կարճամետրաժ ֆիլմ, լավագույն վավերագրական ֆիլմ, լավագույն անիմացիոն ֆիլմ, լավագույն դեբյուտ, երկրորդական դերի լավագույն դերասան, երկրորդական դերի լավագույն դերասանուհի, լավագույն արտասահմանյան ֆիլմ (սփյուռքահայ ռեժիսորի կողմից նկարված կամ հայկական թեմայով օտարազգի ռեժիսորի աշխատանք): Լավագույն արտասահմանյան ֆիլմ անվանակարգում կարող են ներկայացվել միայն 2013 թ. արտերկրում արտադրված ֆիլմերը:

Նշենք, որ Ազգային կինոյի զարգացման հիմնադրամի, նախաձեռնությամբ ստեղծված Ազգային կինոյի մրցանակաբաշխությունը հայ կինեմատոգրաֆիստների աշխատանքների ամենամյա ստեղծագործական բաց մրցույթ է: Այն միտված է խթանելու եւ զարգացնելու ազգային կինոարտադրությանը, նոր անունների բացահայտմանը, հայ հանդիսատեսին կինոթատրոններ վերադարձնելուն, երկրի կինոգործիչներին համախմբելուն, կինոարտադրության նոր նախագծերին օժանդակելուն, ազգային կինոարտադրության լավագույն ավանդույթները պահպանելուն:

Հիշեցնենք, նաեւ, որ մրցանակաբաշխության մրցանակի պատկերը երկու ձեռքերի միացությունը երկար ժամանակ կինոաշխարհում օգտագործվել է որպես միջոց` պատկեր փնտրելու համար: Այն ռուսերենում կոչվում է “Визир”, իսկ հայերենում` հայակ, ըստ այդմ էլ, մրցանակը անվանվեց “ՀԱՅԱԿ”: Արձանիկի պատվանդանը մարմարից է, իսկ ձեռքերի միացությունը` բրոնզից, էմալապատ եւ ոսկեջուր: Մրցանակի հեղինակը Իզաբելլա Ներսիսյանն է:

Մամլո հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728