Լրահոս
Օրվա լրահոսը

Հեղափոխությունն ավարտվել է

Փետրվար 20,2014 13:20

Արդեն երկրորդ տարին է, որ մայիսի 9-ը նշվում է որպես պետական տոն։ Փառք Տիրոջը, առողջ մարդկային բանականությունն այս հարցում ավելի զորեղ գտնվեց, քան ամեն ինչը վերանայելու անհանգիստ ձգտումը։ Հեղափոխությունն, ուրեմն, իսկապես ավարտվել է։ Բոլոր տեսական հիմնավորումները, թե կոմունիզմն ու ֆաշիզմը նույնատիպ երեւույթներ են, իսկ Ստալինը նաեւ ինքն էր հրահրել պատերազմը, որքան էլ ճիշտ լինեն, Հաղթանակի տոնը չնշելու պատճառներ չեն։ Մեր վերաբերմունքն անցյալի հանդեպ մաքրվում է գաղափարախոսական շղարշից՝ ձեռք բերելով նորմալ մարդկային բնույթ։ Մենք սկսեցինք հասկանալ, որ մարդիկ այդ պատերազմում կռվում էին ոչ թե Ստալինի կամ կոմունիզմի, այլ իրենց հայրենիքի համար, որն այն ժամանակ կոչվում էր Խորհրդային Միություն, եւ որի մասն էր կազմում Հայաստանը։ Ճիշտ նույն ձեւով Շուշին ազատագրող հերոսները չէին մտածում ՀՀՇ-ի կամ ՀՅԴ-ի մասին։ Նրանց միակ նպատակն էր դարձնել Ղարաբաղը հայկական տարածք, լուծել հայերի ներկա սերնդի առջեւ կանգնած ամենակարեւոր պատմական խնդիրը, որի առջեւ խամրում են մեր այսօրվա բոլոր վեճերը եւ քաղաքական գործիչների փոքր-ինչ տաղտկալի աթոռակռիվը։ Հիսուն տարի հետո Արցախի ազատամարտը դիտվելու է հենց այդ՝ պատմական, ապակուսակցական տեսակետից։
Հեղափոխությունն ավարտվել է: Հետաքրքիր է. եթե Լենինի արձանը այժմ կանգնած լիներ Հանրապետության հրապարակում, մենք այսօր կձեռնարկեի՞նք նրա ապամոնտաժումը։ Կարծում եմ՝ ոչ։ Դա չի նշանակում, թե մոռացել ենք նրա ստեղծած ռեժիմի հիրավի հրեշավոր հանցագործությունները, միլիոնավոր անմեղ զոհերին։ Սակայն այդ արձանը խորհրդանշում էր նաեւ մեր ժողովրդի անցած ճանապարհը՝ 70 տարի գոյություն ունեցող, կայսրության մաս կազմող այն պետությունը, որի ժառանգորդը դարձավ անկախ Հայաստանը։ Այսօր արդեն՝ հետհեղափոխական շրջանում, մենք կարող ենք արձանագրել, որ 20-րդ դարում հայերը երեք անգամ են փորձել ստեղծել սեփական պետությունը՝ 18, 20 եւ 90 թվականներին։ Համեմատելով այդ փորձերը՝ կարելի է համոզվել, որ դրանք գնալով ավելի իրատեսական եւ պրագմատիկ բնույթ էին ձեռք բերում։ Պատմության դասերն, անշուշտ, պետք է հաշվի առնել։ Սակայն քարեր շպրտել անցյալի հասցեին, չընդունել ժառանգականությունը՝ նշանակում է պարզապես հրաժարվել սեփական հարստությունից։
Այս տեսակետից մեր ազգային ավանդական կուսակցությունները նույնպես հարստություն են։ Նրանց պատմությունը պետք է ուսումնասիրել, նրանց լավագույն ներկայացուցիչների օրինակով կարելի է դաստիարակել մեր երիտասարդներին։ Այդ կուսակցություններն այսօր էլ Սփյուռքում շարունակում են կատարել (ճիշտ է, նվազ հաջողությամբ) հայապահպանության ազգանվեր գործը։

Ցավոք, դրանք չեն կարող ինտեգրացվել որեւէ ժամանակակից պետության (նաեւ՝ Հայաստանի) քաղաքական եւ հասարակական համակարգի մեջ՝ այլ է միջավայրը, որում այդ կազմակերպությունները ստեղծվել եւ զարգացել են, էապես փոխվել են մտածելակերպն ու բարքերը։ Տասնամյակներ շարունակ իրենց վրա վերցնելով կոնսերվացման դերը՝ դրանք հենց այդ տասնամյակներով էլ հետ են մնացել իրական կյանքից՝ ապրելով երեւակայական, դիցականացված աշխարհում։ Բայց որպես պատմական արժեք, որպես մեր ժողովրդի հիշողության մասնիկ՝ այն ամենը, ինչ կապված է ավանդական կուսակցությունների հետ, պետք է սրբորեն պահպանել։
Մայիսն իսկապես պատմական ամիս է մեր ժողովրդի համար։ Բարեբախտաբար, մենք կարող ենք այսօր հանգիստ, առանց հեղափոխական ծայրահեղությունների գնահատել մեր պատմական հաջողություններն ու բացթողումները։ Բայց մայիսի 9-ին՝ միայն Հաղթանակները։

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
9.05.1996

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Համաձայն չեմ Լենինի արձանը ցցված լինի աչքիս առաջ ամեն անգամ, երբ անցնում եմ մեր կենտրոնական հրապարակով; Գուցե ջարդելու կարիք չկար, բայց թող տանեին մի իխուլ տեղ և դնեին, որպեսզի մնար պատմական հիշողությունը այդ դաժան կայսրության մասին;
    Ավագ սերնդի հիշողության մեջ շատ թարմ է այդ զզվելի քաղաքական կառույցը, որը ԽՍՀՄ-նէր;

  2. NEM says:

    ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Սեատտլե քաղաքի թաղամասերից մեկում կանգնած է Լենինի երեք մետրանոց կիսանդրին: Բավական լավորկ, բրոնզաձույլ արձան է: Այդտեղ է տեղափոխվել Ուկրաինաից
    և լավ, համահունչ դիտվում է շրջակա միջավայրում: Արձանի տեղադրման շարժառիթը չգիտեմ, բայց արվեստի ջատագով այս քաղաքում, կարծում եմ այն հումորի և բարի կամքի դրսևորում է:
    Որպես արվեստի մարդ միշտ դեմ եմ վանդալիզմի ամեն դրսեվորման, հատկապես պատմա-մշակույթային արժեքների նկատմամբ: Քաղաքականությունն է միշտ եղել ու մնում հատկապես մոնումենտալ գործերի պատվիրատուն և որոշողը: Վատ քղաքական գործիչը կարող է անուղելի վնասներ հասցնել բոլոր ասպարեզներում: Սուբեկտիվ կարծիքս է, որ Երևանում այս նոր ժամանակներում տեղադրվել են զարհուրելի արձաններ և շինություններ, որոնք ապամոնտաժման կարիք ունեն անվորակության պատճառով,ոչ քաղաքական: Միգուցե մեկ երկուսը թողնել հումորի համար:

  3. Կարեն says:

    Պատմությունը պետք է հիշել և փորձել չկրկնել մեր նախնիների սխալները «չնայած սխալները համարյա միշտ կրկնվում են»։ Ինչ վերաբերվում է լենինի, հիտլերի, մուսոլինիի, սադամի, բեն–լադենի նման մարդկանց արձաններին, ապա առանց քանդակը աչքի առաջ ունենալու էլ, կարելի է չմոռանալ պատմությունը։
    Իսկ հեղափոխությունը դեռ չի ավարտվել։ Ապացույց՛ խնդրեմ, հիտլերի հետ “քյաբաբ կերած” հայ կառկառուն դեմքեր, որոնց ազգասիրությունը կասկածի տակ դնելը արդեն դավաճանություն է կամ Երկրապահի նորացված ղեկավար կազմը, լիսկա–լֆիկական աստղաբույրով։

  4. goroskop75 says:

    1996-ի մայիսին թվում էր, որ “եթե Լենինի արձանը այժմ կանգնած լիներ Հանրապետության հրապարակում, մենք այսօր կձեռնարկեի՞նք նրա ապամոնտաժումը։ Կարծում եմ՝ ոչ”, սակայն հենց նույն ժամանակ սկսվում էին նույն արձանի պատվանդանի ապամոնտաժման ինտենսիվ աշխատանքները:

  5. Seyran says:

    Նույն կերպ վարվեցինք նախաքրիստոնեական պատմական և ճարտարապետական ժառանգության հետ և այսօր անցյալի պատմական դեպքերը վերականգնում ենք օտար աղբյուրների կցկտուր տեղեկություններից:Ոչ ոք չի կարող ասել ինչ կլիներ հայ ժողովրդի հետ,եթե չլիներ Լենինը,կամ Ստալինը:Թերևս, կլինեինք ռուսական կայսրության մարզերից մեկը՝լավագույն դեպքում:

  6. Լևոն says:

    Նրանց միակ նպատակն էր դարձնել Ղարաբաղը հայկական տարածք – <> ?????

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728