Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Մեհրաբյան. «Ղրիմի հետ կապված պլանների վերաբերյալ կոշտ հակազդեցություն կլինի»

Մարտ 03,2014 17:11

Aravot.am-ի հետ զրույցում «Քաղաքական միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը անդրադարձավ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին, մասնավորապես Ռուսաստանի վարած քաղաքականությանը, գործողություններին: Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ Ռուսաստանի՝ Ղրիմի հետ կապված պլանների վերաբերյալ միջազգային հանրության կոշտ հակազդեցություն կլինի, կձախողվի, բացի այդ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բոլոր արտաքին քաղաքական դոկտրինները կունենան  իրենց վախճանը: «Դա կունենա մոտավորապես նույն էֆեկտը, ինչ ունեցավ Ղրիմի պատերազմը Նիկոլայ առաջին ցարի ժամանակ եւ Ռուսաստանը պարզապես ջախջախվեց Եվրոպայի ժանդարմի իր քաղաքականությամբ: Ռուսաստանը  իրեն բերեց, հասցրեց սնանկացման, որից հետո ստիպված վերացրեց ճորտատիրությունը, փորձեց ռեֆորմներ իրականացնել եւ այլն: Մոտավորապես այս նույն գործընթացներն էլ սպասվում են այդ ամենի արդյունքում ու, կարծես թե, ամեն ինչ այդ ուղղությամբ էլ գնում է, որովհետեւ, փաստորեն այսօր աշխարհում չկա որեւէ երկիր, որը Ռուսաստանին սատարում է այս հարցում»:

Հարցին՝ կարծիք կա, որ Ղրիմի անկախանալուց, կամ Ռուսաստանին վերադարձվելուց հետո Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը կհեշտանա, որովհետեւ երկուսի դեպքում էլ պատմական իրողությունն է խախտվել, Ռուբեն Մեհրաբյանը ասաց. «Ես դա գնահատում եմ որպես հիմարություն: Եթե նույնիսկ դա այդպես լիներ, այսինքն՝ անկախանար, կամ Ռուսաստանին միանար, նույնիսկ այդ դեպքում դա որեւէ կապ չէր ունենա Լեռնային Ղարաբաղի հետ, մանավանդ, որ դա անհնար է: Իսկ եթե Հայաստանն ուզում է ինչ-որ նախադեպերից օրինակ վերցնել, ավելի լավ է Կոսովոյի օրինակից փորձի օգտվել»:

Մյուս հարցին էլ՝ Ուկրաինայում տեղի ունեցած իրավիճակը վտանգո՞ւմ է Մաքսային միության ձեւավորման նախագիծը, Ռուբեն Մեհրաբյանը պատասխանեց. «Կարելի է ասել, այն ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում, արդեն թաղել է այդ Մաքսային միություն կոչվածը, այնպես, ինչպես որ Պուտինի արտաքին քաղաքական բոլոր պլանները, կապված՝ կայսրության վերականգնման հետ, որովհետեւ Մաքսային միություն կոչվածը ընդամենը ծխածածկույթ էր, որով պետք է քողարկվեր այդ նեոկայսերական նկրտումները եւ ավելի թեթեւ  խորհրդային միություն ստեղծելու բոլոր քայլերը: Ուկրաինային՝ Ռուսաստանի միջամտությունն եւս այդ շարքից էր, պարզապես հանդիպելով Արեւմուտքի արդեն կոնսոլիդացված եւ համակարգային հակազդեցությանը, այդ պրոյեկտը վարված քաղաքականության հետ միասին թաղվում է»:

Դիտարկմանն էլ՝ մենք խնդիրներ կունենանք Մաքսային միությունը, Ռուբեն Մեհրաբյանը նշեց, որ Հայաստանն արդեն լուրջ խնդիրներ ունի. «Համար մեկ խնդիրն այն է, որ այն փոքրոգի, անպատիվ լռությունը, որ տիրում է Հայաստանի դիվանագիտության կողմից, մեր խնդիրն է ՝ առաջինը չփչացնել հարաբերությունները Ուկրաինայի հետ, եւ չմնալ Ռուսաստանի փլուզվող նախագծերի տակ ու սպասել, որ այստեղ եւս էապես վատանալու է տնտեսական վիճակը»:

 

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31