Լրահոս
Օրվա լրահոսը

99 տոկոսով անվստահության նախաձեռնությունը կտապալվի. «168 ժամ»

Մարտ 27,2014 11:35

Ապրիլի 28-ին խորհրդարանի ոչ իշխանական քառյակը մտադիր է քննարկման ներկայացնել կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը։ Քառյակը այս հարցը քննարկում է դեռևս նախորդ տարեվերջից, և պարզ է, որ այն հաջողության որևէ լուրջ հեռանկար չունի, նկատի ունենալով խորհրդարանում ՀՀԿ-ի ունեցած որակյալ մեծամասնությունը։ Այդ դեպքում ո՞րն է նման հարց բարձրացնելու և քննարկելու իմաստը, երբ նախապես պարզ է նախաձեռնության ձախողումը։ Այս և մի քանի հարցերի շուրջ է զրույցն ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ։

– Քառյակը խորհրդարանում չունի մեծամասնություն, և անհասկանալի է, թե այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի քննարկման դնել կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը։

– Մենք համարում ենք, որ այն հանգամանքը, որ Սահմանադրությունը նախատեսում է նման ընթացակարգ, կառավարությանն անվստահություն հայտնելու մասին համապատասխան հոդված կա, նշանակում է, որ դա ինքնանպատակ գրված չէ։ Դա նշանակում է, որ այս գործընթացի միջոցով հնարավորություն է տրվում ցույց տալ նույն իշխանություններին, որովհետև մեծամասնությունը պետք է փոխի կառավարությանը, այն դժգոհությունները, առաջարկները, այն խնդիրները, որոնք կան, ցույց
տա հասարակության արձագանքը՝ իրենց գործողությունների հետ կապված։ Բայց դա չենք կատարում միայն անվստահության հիմքերը բերելով, այլ ասելու ենք նաև, թե մենք ինչպես ենք պատկերացնում հարցերի լուծումը։ Մենք սա համարում ենք շատ կարևոր քայլ մեր քառյակի մեջ, քանի որ պարզ կերևա, թե ինչ ասել է՝ ամբողջական իշխանափոխություն։ Այսինքն՝ սա նշանակում է ոչ միայն կառավարության կազմի փոփոխություն, այլ նաև կառավարության քաղաքականության փոփոխություն։

– Բայց ձեր գործողությունների արդյունքում կառավարության կամ նրա կողմից իրականացվող քաղաքականության փոփոխությունը բացառվում է, քանի որ խորհրդարանական մեծամասնությունն աջակցում է ինչպես կառավարությանը, այնպես էլ՝ նրա կողմից իրականացվող քաղաքականությանը։

– Ինչ որ մինչև հիմա արել ենք, ունեցել է երկու նպատակ, մեկը ծառայել է քաղաքական ուժերի տրամաբանված, ծրագրային համագործակցության ամրապնդմանը, որը մինչև հիմա չի եղել։ Միշտ խնդիր ենք ունեցել ընդդիմության համախմբում ունենալու առումով, որովհետև իշխանությունների դեմ պայքարը չի կարող արդյունավետ լինել, եթե ընդդիմությունը միասնական հանդես չի գալիս, դա անցած փորձն է ցույց տվել։

Ընդդիմության միասնականության ապահովումը մի հիմնական հարց էր, որը նաև ընտրությունների ֆոնի վրա էր առաջացել, որովհետև ընտրությունները շատ հստակ ցույց տվեցին՝ իշխանությունների վերարտադրության գործընթացը կասեցնելու միակ կամ հիմնական գործիքն ընդդիմության համախմբումն է։ Այս քայլերը նպաստում են դրան, և ես կարծում եմ, որ մենք ունենք աննախադեպ վիճակ՝ նախորդ ժամանակների հետ համեմատած։ Եվ երկրորդը, սա ուղղված է հասարակությանը, հասարակությունը տեսնում է, որ հնարավոր է համախմբվել, հնարավոր է միասնական գործընթաց սկսել, որը նույնպես բացակա է եղել և թույլ չի տվել, որ հասարակությունը համախմբվի և ավելի զորեղ ուժով կարողանա իշխանություններին պարտադրել իր կամքը։ Այսինքն՝ մենք գործող քաղաքական համակարգի մեջ երկրորդ բևեռը ստեղծելու խնդիրն ենք լուծում։ Մինչև այժմ քաղաքական համակարգը միաբևեռ էր, միայն իշխանություններն էին տոտալ վերահսկողության իմաստով։ Հիմա մենք ձևավորում ենք երկրորդ բևեռը, որն է՝ քաղաքական ուժեր, գումարած քաղաքացիական հասարակություն, և վերջում՝ գումարած ամբողջական հասարակություն։ Այս ուժերի միավորման խնդիրն է, որ պետք է լուծվի։ Այս գործընթացն արդեն արդյունքներ է տալիս, իշխանությունները ջղաձիգ քայլեր են անում, նրանց զայրացնում է, որ մենք ամեն քառօրյայում ինչ-որ մի հարցով հրապարակ ենք գալիս։ Փորձում են պիտակներ կպցնել, ինչ-որ բաներ են ասում, բայց իրենց իրականության մեջ այլ բան է զայրացնում, որ մենք շարունակում ենք միասնականության հետ կապված ինչ-որ քայլեր կատարել, որն իշխանությունների համար կատաստրոֆա է։

Ավետիս ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31