Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Հայաստանում միայն երկու բան չի համապատասխանում համաշխարհային գներին՝ թոշակը և թատրոնի տոմսերի գները». Ռուբեն Բաբայան

Մարտ 27,2014 17:59

1961 թվականից, ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ, մարտի 27-ը նշվում է որպես թատրոնի միջազգային օր:

Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը կարծում է, որ արվեստներից ամենահինը լինելով հանդերձ՝ թատրոնը նաև ամենաժամանակակիցն է, «որովհետև յուրաքանչյուր ներկայացում ստեղծվում է հենց այս պահին և ավարտվելուց անմիջապես հետո էլ մահանում է, երկրորդ օրն արդեն ուրիշ ներկայացում է: Որքանով այդ ներկայացումը կարձագանքի այսօրվա գաղափարական, սոցիալական և գեղագիտական պահանջներին, այնքանով էլ նա կկայանա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի համոզմունք հայտնեց Ռ. Բաբայանը:
Նա գտնում է, որ հաջողության կարևորագույն նախապայմաններից մեկն այն է, որ կարողանաս ձեռքդ միշտ ժամանակի զարկերակին պահել, կարողանաս քեզ համեմատել ոչ թե անցյալի, այլ ներկայի հետ, տեսնես՝ ինչ է կատարվում աշխարհում: «Աշխարհի մշակույթները անոթներ են, որոնք սնուցվում են իրարից: Մենք չենք կարող աշխարհից անջատ ապրել, մենք տալու և վերցնելու շատ բաներ ունենք, և սա բնական է»,- ասաց Ռ. Բաբայանը:

ՀՀ վաստակավոր արտիստ, Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Ռազմիկ Խոսրոևին էլ մտահոգում է այն հարցը, որ թատերական ոլորտում պետական մրցանակներ գրեթե չեն լինում. «Հանձնաժողովը ոչ թե պիտի հայտարարի, որ այս տարի երևույթներ չեն եղել թատրոնում, այլ եղածի միջից պիտի կարողանա ընտրել»,- ասաց Ռ. Խոսրոևը, սակայն Ռ. Բաբայանն առաջարկեց նրան այդքան մեծ տեղ չտալ մրցանակներին: «Ստեղծագործելիս չպիտի մտածես հետագայում ակնկալվող մրցանակների մասին: Եթե քո ստեղծագործությունն արձագանք է գտնում հասարակության մեջ, եթե դու ներքուստ բավարարված ես քո արածով, եթե այն արժանի ձևով ներկայացնում է քո երկիրը, քո երկրի մշակույթն արտերկրում, սրանից էլ մեծ գնահատակա՞ն: Մրցանակ կտան, չեն տա, դա այնքան երկրորդական է»,- նշեց Ռ. Բաբայանը և Ռ. Խոսրոևին հիշեցնելով «Ջոն արքա» ներկայացման հաջողությունների մասին՝ ասաց. «Երբ որ դուք «Ջոն արքան» տարաք Լոնդոն, այնտեղ բոլորը զարմացել էին, թե՝ տեսեք, հայերը ինչպես են Շեքսպիր բեմադրում: Ընդ որում, հայերը երկու անգամ են բեմադրել Շեքսպիրի այս ոչ այնքան հաջող գործը, երկուսն էլ փայլուն ձևով, ու երկուսից և ոչ մեկը պետական մրցանակ չի ստացել, բայց դրանք ընտիր ներկայացումներ են»:

Ռազմիկ Խոսրոևն ի պատասխան ասաց, որ մրցանակ ստանալ-չստանալը ոչ մի կերպ չի ազդում ստեղծագործական պրոցեսի վրա և, անկախ ամեն ինչից, իրենք շարունակում են ստեղծագործել, «պարզապես, մրցանակ ստանալը հաճելի բան է»,- պարզաբանեց նա:
Բանախոսներն իրենց խոսքում նշեցին, որ հանդիսատեսի պակաս չունեն թատրոնում: «Այլ հարց է, որ հիմա ավելի քիչ ենք խաղում: Եթե խորհրդային տարիներին խաղում էինք, ասենք, 30 ներկայացում, հիմա խաղում ենք 15-16, բայց որ թատրոնն աշխուժորեն աշխատում է, հետաքրքիր փորձեր են արվում, դա փաստ է»,- ասաց Ռ. Խոսրոևը:
Հարցին, թե կարո՞ղ է արդյոք թատրոնն հոգալ իր ծախսերը միայն վաճառված տոմսերից ստացված գումարով, Ռուբեն Բաբայանը պատասխանեց. «Աշխարհում չկա մի թատրոն, որը կարողանա միայն տոմսերից ստացված գումարով հոգալ իր ծախսերը: Զարմանալի է, բայց տոմսերի վաճառքից ստացված գումարը կազմում է ընդհանուր բյուջեի մոտավորապես 25%-ը»: Այնուհետև նա կատակեց, թե Հայաստանում միայն երկու բան չի համապատասխանում համաշխարհային գներին՝ թոշակը և թատրոնի տոմսերի գները. «Տիկնիկային թատրոնի տոմսը դրսում արժե ամենաքիչը 10-15 դոլար, Հայաստանում՝ 1-2 դոլար»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31