Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը օլիգարխներին կծառայեցնի՞ երկրի զարգացմանը

Ապրիլ 14,2014 19:10

«Հովիկ Աբրահամյանը կրկնակի տնտեսագետ է»,-Aravot.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասին: Պարոն Մանասերյանը խոսելով նոր վարչապետի կառավարման ձիրքից, նշեց, որ բացի բուն կրթությունից, կարեւոր է այն, որ Հովիկ Աբրահամյանը բավականին լուրջ կենսափորձ ունի, եւ դա չի կարելի անտեսել տնտեսության կառավարման գործում. «Պետք է ակնկալել, որ տեսական եւ պրակտիկ գիտելիքները պետք է մեկտեղել, ու միայն տեսությամբ չի կարելի այսօրվա տնտեսությունը ոտքի կանգնեցնել: Կարծում եմ, որ նրա ճանաչողական մակարադակը բավական բարձր է, ավելին, անձնական առումով, կարելի է ասել, որ Հովիկ Աբրահամյանը առիթ ունեցել է եւ շփվել է Հայաստանում որեւէ բնագավառում կշիռ ներկայացնող  անձանց հետ. որոնք ի վիճակի են իրենց պրակտիկ մասնակցությունը բերել գյուղատնտեսության, արտադրության, գիտության մեջ եւ տնտեսությունը զարգացնել: Սրանք շատ կարեւոր են, միայն տեսական գիտելիքները բավարար չեն, արդեն 2 տասնամյակ է մենք փորձում ենք նման կերպ տարբեր երկրների փորձն ու  տարբեր մոդելները նմանակել, բայց խնդիրը ոչ թե նմանակելն է, այլ տեղայնացնելը: Այս առումով Հովիկ Աբրահամյանին կհաջողվի աշխատել»:

Aravot.am-ի այն հարցին, Հովիկ Աբրահամյանն ամենաընդունելի՞ թեկնածուն էր, պարոն Մանասերյանն ասաց, որ Աբրահամյանի ընտրությունը պատահական չէր: Շարունակելով նկարագրել նոր վարչապետի անձնային հատկանիշները, եւ որպես ժամանակին ԱԺ-ում Հովիկ Աբրահամյանի խորհրդական աշխատած մարդ, Թաթուլ Մանասերյանը լավագույն հատկանիշներով ներկայացրեց նրան. «Ես աշխատել եմ Հովիկ Աբրահամյանի հետ, չեմ ուզում թաքցնել, բոլոր իլյուզիաները ցրելու համար ասեմ` նա բավական խստապահանջ է եւ իր անձի հանդեպ, եւ իր շրջապատի, եւ բավական հետեւողական է ոչ միայն գաղափարներ առաջ բերելու, այլեւ իրականացնելու»: Իսկ հետեւողականության պակասը, պարոն Մանասերյանի կարծիքով, նախորդ տարիներին մեր երկրի խոցելի տեղերից  մեկն է եղել, գաղափարների պակաս չի եղել, հրաշալի ծրագրեր են առաջ քաշվել, որոնք կիսատ են մնացել. «Այս առումով տեսական եւ պրակտիկ ամբողջ կարողությունը կներդրվի երկրի զարգացմանը, եւ կարծում եմ` միանիշ թվով չպետք է բավարարվենք տնտեսական աճ արձանագրելու: Աշխարհը դինամիկ զարգանում է, իսկ Հայաստանը բավական հետ է մնացել»:

Մեր այն հարցին, որ Համաշխարհային բանկն այս տարի 5% տնտեսական աճ է կանխատեսել Հայաստանի համար, իսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էլ նոր վարչապետին ներկայացնելիս, վստահեցրեց, որ կառավարության ղեկավարը նախագահի աջակցությունը կստանա, արդյոք սա չի՞ թեթեւացնում Հովիկ Աբրահամյանի բեռը կառավարելու առումով, որը չկար նախկին վարչապետի դեպքում, պարոն Մանասերյանն ասաց. «Շատ կարեւոր հանգամանք է հանրապետության նախագահի աջակցությունը, ոչինչ չպետք կաշկանդի վարչապետին, որպեսզի իրականացնի իսկապես ոչ ստանդարտ քայլեր, իսկ դրանք այս պահին կանխատեսելի չեն:  Պետք է գնալ երկխոսության հասարակության հետ, իսկ ներկայիս վարչապետն ունի այդ ունակությունը լսելու»: Մեր այն հարցին էլ` նախկինը նման ունակություն չունե՞ր, Տիգրան Սարգսյանն էլ մշտապես կոչեր էր անում երկխոսության, պարոն Մանասերյանն ասաց. «Չէ-չէ, երկխոսությունը կիրառելու իմաստով եմ ասում, ես որպես Հովիկ Աբրահամյանի նախկին խորհրդական դա նկատել եմ պրակտիկայում, նրա հետեւողականությունը մեզ համար կարեւոր է ազատության պայմաններում, որպեսզի մարդ անկաշկանդ լինի ընտրության, ծրագրերի, մոտեցումների, հակափաստարկների հարցում կիրառելու այն, ինչը մարդուն է ձեռնտու, այլ ոչ արտաքին աշխարհին տպավորելու:  90-ականներից սկսած մեր պետությունը փորձել է արտաքին աշխարհին տպավորել`բարեփոխումների առումով»:

Aravot.am-ի հարցին էլ, որ մեր երկրի թիվ մեկ խնդիրներից է, ինչպես որ քաղաքական տարբեր գործիչներ են մշտապես պնդում` օլիգարխիան, արդյոք Հովիկ Աբրահամյանին կհաջողվի պայքարել եւ հաջողության հասնել օլիգարխների հարցում, հատկապես, որ լուրեր կային, որ Տիգրան Սարգսյանը փորձ է արել նման պայքար տանել, սակայն նրան թույլ չտվեցին, տնտեսագետն ասաց. «Հովիկ Աբրահամյանի կշիռը, որպես քաղաքական եւ պետական գործիչ, այլ է, ես չեմ կարծում,որ նմանները շատ են մեր երկրում,  մատների վրա կարող ենք հաշվել, թե քանի նման կայացած քաղաքական գործիչ ունենք, որոնք կարող են օլիգարխների հետ «դու»-ով խոսել: Ի վերջո` հայ օլիգարխներն էլ հասարակության մասնիկն են, մոտեցումներ են անհրաժեշտ նրանց ինտեգրելու այդ նպատակների իրագործմանը:  Կարծում եմ, Հովիկ Աբրահամյանը կարող է հայ օլիգարխների հետ, հասարակության բոլոր զանգվածների հետ ադեկվատ, համարժեք վերաբերմունք ունենալ, եւ դա ծառայեցնել երկրի զարգացմանը: Մնացածը կախված է հենց իրենցից` վարչապետից եւ նրա թիմից»:

Նշենք, որ Հովիկ Աբրահամյանի խնամի Գագիկ Ծառուկյանը հասարակության շրջանում ճանաչված է որպես ոչ միայն ԲՀԿ առաջնորդ, այլեւ խոշոր գործարար-օլիգարխ:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930