Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախում նոր սերունդ է ծնվել ու մեծացել` Արցախի ազատ քաղաքացին»

Մայիս 14,2014 14:58

ԱԺ պատգամավոր, ԱԺ ֆրանկոֆոնիայի պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը`  Ֆրանսուա Օլանդի այցի, Ուորլիքի ու համանախագահների հայտարարությունների  եւ Մաշտոցի պուրակի «վերանվանման» մասին:

– Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այցը Հայաստան, ըստ որոշ վերլուծաբանների, ոչ թե Հայաստանի հանդեպ ջերմ սիրուց է, այլ զուտ տարածաշրջանային եւ ոչ՝ ավելին. Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ էր եկել Ֆրանսիայի նախագահը:

– Չեմ դադարում զարմանալ, երբ փաստերի բացակայությունը ոմանց մղում է դեպի դատարկվող երեւակայական աշխարհ, եւ փորձ է արվում չեղած բաներ հորինել իրենց` իբր մտքին սրություն տալու համար: Ֆրանսիայի նախագահը այցելել է բարեկամ երկիր, եւ մենք նրան դիմավորել ու ընդունել ենք բարեկամաբար: Ֆրանսիան այն երկրների շարքում է, որոնք անվերապահորեն տեղեկացված են մեր երկրի խնդիրներից, մասնակից են մեր անկախության տարիներից ի վեր սկիզբ առած եւ առաջ գնացող զարգացումներին, եւ մենք իրար հասկանում ենք կես խոսքից: Այսպիսի բարեկամ երկիր ունենալը, պատմության հատկապես այս խառնաշփոթ ընթացքի մեջ, խիստ կարեւոր է, եւ մենք փայփայում ենք այդ բարեկամությունը: Իսկ պաշտոնապես տեղեկություններ տարածվեցին հավուր պատշաճի, առ այն, որ Ֆրանսիայի նախագահը կատարում է նաեւ տարածաշրջանային այց դեպի Ադրբեջան եւ Վրաստան նույնպես, եւ այստեղ չկա որեւէ գաղտնիք: Ֆրանսիայի եւ որեւէ այլ երկրի նախագահ ինքն է որոշում իրեն հարմար պահի՝ որ երկրի հրավերը ընդունել, որ երկիր մեկնել պաշտոնական կամ պետական այցերով:

– Ի՞նչ կտա այս այցը մեր երկրին, եւ արդյոք այն կարո՞ղ է որոշակի ազդեցություն ունենալ ադրբեջանա-ղարաբաղյան հարցի վրա:

– Նախ՝ ուզում եմ շեշտել, որ այս այցի շրջանակներում եւս մեկ անգամ հաստատվեց, որ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական ուղեգիծը շատ ընկալելի է արտաքին աշխարհի համար, եւ մեր եվրոպացի բարեկամները նույնպես ըմբռնումով են մոտենում մեր երկրի որոշմանը՝ սերտացնել ԵՄ-Հայաստան կապերն այնպես, որ դրանք չխանգարեն Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցության ծրագրերին: Այս մասին խոսեց նաեւ Ֆրանսիայի նախագահը եւ շեշտեց, որ հարկավոր է գտնել այնպիսի լուծումներ, որոնք չեն հակասի Հայաստանի շահերին: Սա իրոք բարեկամական մոտեցում է: Մյուս կողմից՝ գաղտնիք չէ, որ հայ-ֆրանսիական միջպետական հարաբերությունները տարեցտարի զարգանալով հասել են կարեւոր մի հանգրվանի՝ հատուկ մակարդակի. առկա են դինամիկ քաղաքական երկխոսություն, միջխորհրդարանական ակտիվ կապեր, Հայաստանի եւ Ֆրանսիայի՝ շուրջ 35 շրջանների եւ քաղաքների միջեւ այսօր կա սերտ գործընկերություն, տնտեսական, մշակութային, գիտական, կրթական հագեցած օրակարգ, Ֆրանսիայի կողմից արդյունավետ կերպով իրականացվող աջակցության ծրագրեր, ինչպես նաեւ 35 իրավական փաստաթուղթ ներառող իրավապայմանագրային դաշտ, որն այս այցի ընթացքում համալրվում է եւս յոթով՝ միտված երկկողմ գործընկերության ընդլայնմանը եւ ամրապնդմանը: Ահա այս տարիների մեր համատեղ աշխատանքի արդյունքը: Այս ամենի մասին խոսվեց երկու երկրների նախագահների համատեղ ասուլիսում եւս: Ինչ վերաբերում է ադրբեջանա-ղարաբաղյան խնդրին, ապա այստեղ եւս շատ հստակ է մեր երկրի եւ համանախագահող երկիր Ֆրանսիայի միջեւ առկա փոխըմբռնումը: Մի մոռացեք նաեւ, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում եւս Ֆրանսիան մեր կողքին է: Պատմական արդարությունը վերականգնելու երկար ճանապարհին մենք շատ բարեկամներ ունենք եւ առաջին հերթին՝ նաեւ Ֆրանսիան: Հիշեցնեմ, որ պարոն Օլանդը այս տարվա ապրիլի 24-ին Ֆրանսիայում կազմակերպված միջոցառումների ժամանակ հայտարարեց, որ Ցեղասպանության հարյուրամյակին ինքը պետք է լինի Երեւանում եւ մեզ հետ իր հարգանքի տուրքը կմատուցի անմեղ զոհերի հիշատակին:

– Ի դեպ, համանախագահող երկրներից մեկի՝ ԱՄՆ-ի կողմից համանախագահող պարոն Ուորլիքը օրերս հրապարակեց համապատասխան վեց կետեր, առանց որոնց, ըստ ամերիկացի համանախագահողի, Ղարաբաղյան խնդրի խաղաղ լուծումը կլինի անհնարին: Դա, թեպետ անուղղակիորեն, հաստատեցին նաեւ մյուս համանախագահները` իրենց հայտարարությամբ:

– Հակամարտություններն ընդհանրապես օդից վերցված երեւույթներ չեն, դրանք ունեն իրենց արմատները, պատմությունը եւ զարգացումները, ղարաբաղա-ադրբեջանականը եւս բացառություն չի կարող լինել, այն եւս ունի իր ծագումնաբանությունը, պատմությունը եւ նախադրյալները, եւ յուրաքանչյուր երկիր հակամարտության լուծման ուղիները պայմանավորում է ըստ այդ նախադրյալների: Ամերիկացի համանախագահողի կողմից ներկայացված մոտեցման մասին խոսվում էր նաեւ համանախագահների վերջին հայտարարության մեջ: Ինչպես լինում է սովորաբար, հրադադարի քսան տարիների ընթացքում եւս Ադրբեջանի ղեկավարությունը կրկին փորձում է սեփական մեկնաբանություններով ներկայացնել այդ սկզբունքները՝ շատ լավ իմանալով, որ դարձյալ պարտված է դուրս գալու: Ես վերջերս Արցախում էի, մասնակից էի Եռատոնին եւ կրկին ու նորից հիացա արցախցու հպարտությամբ, կամքով եւ սեփական հաղթանակների հանդեպ պատասխանատվության բարձր գիտակցումով: Անկախ ամեն ինչից՝ արցախցին ապրում է իր կերտած ազատ երկրում, այստեղ մի նոր սերունդ է ծնվել ու մեծացել, որը երբեք չի պատկերացնելու իր կյանքը եւ իր ապագան որեւէ այլ կարգավիճակում, քան ազատ Արցախի ազատ քաղաքացու կարգավիճակն է:

– Վերադառնալով Օլանդի այցին՝ այս այցի օրերին որոշվեց Մաշտոցի հայտնի պուրակը անվանակոչել Միսաք Մանուշյանի անունով, դա կարծես բողոքի ալիք բարձրացրեց մի խումբ երիտասարդների շրջանում:

– Գիտեք, հայտնի դեպքերից առաջ նույն այդ երիտասարդները եւ գրեթե ոչ ոք չգիտեր էլ, թե ինչպես է կոչվում այդ պուրակը՝ մանավանդ այն անուն էլ չուներ, համապատասխան պողոտայի անունով էին այն հիշում: Հիմա ի՞նչ վատ բան կա նրանում, որ պուրակը կկոչվի մեծ հայի՝ Միսաք Մանուշյանի անունով, սա պետք է միայն ողջունել եւ ոչ թե ընդդիմանալ: Մաշտոցի անունը այս ամենի հետ ոչ մի եզր չունի, մենք Մեսրոպ Մաշտոցին հավուր պատշաճի ենք գնահատում եւ նրա անունով ոչ թե մեկ, այլ տասնյակ այգիներ եւ հաստատություններ կան մեր երկրում: Ի վերջո՝ ընդդիմանալն էլ պետք է ողջամտության կանխավարկածի տրամաբանության մեջ լինի եւ ոչ՝ խելագարության:

Զրույցը՝
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031