Լրահոս
Օրվա լրահոսը

Թխվածքաբլիթի եւ մտրակի սկզբունքը՝ վիզաների դյուրացում եւ ռեադմիսիա

Հունիս 02,2014 14:50

2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտել Եվրամիության եւ Հայաստանի միջեւ վիզաների դյուրացման համաձայնագիրը, որը ՀՀ քաղաքացիներին հնարավորություն է տալիս ավելի արագ (նախկինում անորոշ ժամկետի փոխարեն՝ ներկայումս պատասխանը տրվում է 10 օրում, որոշ դեպքերում՝ մինչեւ 30 օր), էժան (նախկին 60 եվրոյի փոխարեն՝ այժմ 35 եվրո, իսկ որոշ խմբի մարդկանց՝ անվճար, այդ թվում՝ մինչեւ 12 տարեկան երեխաներին, թոշակառուներին, միջազգային սպորտային մրցումների մասնակիցներին, ուսման եւ կրթական նպատակով մեկնող դպրոցականներին եւ ուսանողներին, լուսաբանման մեկնող լրագրողներին, ՍԴ եւ Վճռաբեկ դատարանների, ինչպես նաեւ կառավարության անդամներին, ԵՄ երկրներում օրինական կերպով բնակվողների մերձավոր ազգականներին՝ ամուսին, երեխա, ծնող, տատիկ-պապիկ, թոռնիկ, գիտամշակութային ծրագրերի մասնակիցներին, սեմինարների եւ խորհրդաժողովների մեկնող քաղհասարակության անդամներին եւ այլն) եւ հեշտությամբ (պահանջվող փաստաթղթերի քանակը էապես նվազել է) ստանալ Եվրամիության երկրների վիզաներ:

Միեւնույն ժամանակ սկսեց գործել նաեւ ԵՄ եւ ՀՀ միջեւ կնքված ռեադմիսիայի համաձայնագիրը, որով մեր երկիրը Եվրամիության երկրներում հայտնաբերված անօրինական միգրանտներին հետ ընդունելու պարտավորություն է ստանձնել (խիստ տեսականորեն՝ մենք էլ կարող ենք այստեղից վերադարձնել անօրինական կերպով Հայաստանում բնակություն հաստատած Եվրամիության երկրների քաղաքացիներին):
Օրերս Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության կենտրոնի եւ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կազմակերպած սեմինարին՝ նվիրված վիզաների դյուրացմանն ու ռեադմիսիային, մի քանի անգամ հնչեց տեսակետ, որ Եվրոպան բանեցրել է «մտրակի եւ թխվածքաբլիթի» մեթոդը. մի կողմից՝ խստացրել է անօրինական կերպով Եվրոպա մուտք գործողների հոսքը՝ ռեադմիսիայի (հետընդունման) պայմանագրով, մյուս կողմից՝ հեշտացրել է օրինական կերպով եւ կարճաժամկետ վիզաների տրամադրումը՝ ուզո՞ւմ ես գալ Եվրոպա, շատ լավ, համեցիր, բայց եթե փորձես անօրինական կերպով մնալ՝ քեզ արագ ետ կվերադարձնենք: Սակայն, ինչպես նշեցին միջազգային եւ տեղական փորձագետները՝ եթե ռեադմիսիայի հարցով Եվրոպան բավականին հետեւողական է, ապա վիզաների դյուրացման հարցով՝ ոչ այնքան:
Գլոբալիզացիայի կենտրոնի անցկացրած մոնիտորինգի համաձայն՝ Հայաստանում Գերմանիայի դեսպանատունը, որի հյուպատոսական բաժինը սպասարկում է նաեւ Բելգիա, Լյուքսեմբուրգ, Հոլանդիա, Ավստրիա եւ Շվեդիա մեկնելու մուտքի արտոնագրի համար դիմողներին, արտոնագրի տրամադրումը մերժում է ստացված դիմումների մոտ 10%-ը: Լեհաստանի հյուպատոսությունը, որ սպասարկում է նաեւ Չեխիա, Սլովակիա, Սլովենիա, Շվեյցարիա մեկնողներին, մոտ 14,5% դեպքերում է մերժում: Իտալիայի հյուպատոսը, որ բացի իր երկիր մեկնողներից՝ քննում է նաեւ Մալթա եւ Ֆինլանդիա մեկնողների դիմումները, մերժում է միայն 7,2%-ը: Ամենաշատ երկրներ սպասարկող Լիտվայի հյուպատոսությունը՝ Իսպանիա, Հունգարիա, Լատվիա, Դանիա եւ Էստոնիա, ինչպես նաեւ Ֆրանսիայի հյուպատոսությունը՝ Պորտուգալիան եւ Իսլանդիան ներառած, չեն տրամադրել տեղեկություններ, թե որքան մերժումներ են գրանցում:

Բնականաբար, այդ տվյալները մինչ այս համաձայնագրի կնքման ժամանակաշրջանին են վերաբերում:

Այդուհանդերձ, միջին հաշվով, մի քանի տարբեր հետազոտությունների տվյալներով՝ վերջին երկու-երեք տարիների կտրվածքով ԵՄ երկրների հյուպատոսությունները մերժում են ՀՀ քաղաքացիներից ստացված մուտքի արտոնագրի դիմումների 8%-ը, Ադրբեջանի քաղաքացիների դիմումների 8%-ը, Վրաստանի քաղաքացիների դիմումների՝ 13%-ը, Ուկրաինայի քաղաքացիների դիմումների 2%-ը, ՌԴ-ի՝ 1%-ը, Բելառուսի՝ 0,5%-ը:
Բելառուսի դեպքում նման բարիդրացիական վերաբերմունքը բացատրվեց նրանով, որ բելառուսները դիմում են հիմնականում Լեհաստանի դեսպանատուն, որը գրեթե երբեք չի մերժում, քանի որ անթիվ-անհամար են ազգակցական կապով Լեհաստանի հետ կապված բելառուսները: Եթե 2009 թվականին Հայաստանից ԵՄ է մեկնել 23.700 մարդ, ապա 2012-ին՝ 35.000: Ադրբեջանցիների քանակը աճել է 31.300-ից 50.000: Կրկնակի շատացել են Բելառուսից մեկնողները՝ 370 հազարից 700 հազար, ՌԴ քաղաքացիները՝ 3 միլիոնից 6 միլիոն, Ուկրաինայից մեկնողները 850 հազարից 1,3 մլն: Առանձնապես չի փոխվել վրացիների թիվը. եթե 2009-ին ԵՄ էր մեկնել 50.600 վրացի, ապա 2012-ին ընդամենը 60 հազար:

Հետաքրքիր է, որ 2010թ. ընթացքում Եվրոպայի սրտում գտնվող Ալբանիայի եւ Կոսովոյի քաղաքացիներին վիզայի տրամադրումը եվրոպացիները մերժել են համապատասխանաբար 16% եւ 24%-ով:

Հատուկ շեշտվեց, որ վիզաների դյուրացումը դրական ազդեցություն է ունեցել եւ չի մեծացրել ապօրինի կերպով ԵՄ երկրներ մուտք գործողների քանակը, ավելի ռիսկային չի դարձրել անվտանգությունը:

Ինչ վերաբերում է ռեադմիսիային, ապա Հայաստանը մինչ այս համաձայնագրի ընդունումն էլ եվրոպական շատ երկրների հետ ուներ երկկողմ ռեադմիսիոն համաձայնագրեր: Ըստ Միգրացիայի պետական ծառայության տվյալների՝ մինչեւ 2014թ.-ը չորս տարվա ընթացքում Հայաստանը ստացել է ռեադմիսիայի 100 հայտ՝ 147 անձի վերաբերյալ: Այս հայտերը ոչ միայն Եվրամիության երկրներից, այլեւ Ռուսաստանից են ստացվել: Իսկ միայն այս տարվա չորս ամիսների կտրվածքով Հայաստանը ստացել է ռեադմիսիոն հայտ միայն Շվեդիայից՝ 10 հայտ 31 անձի վերաբերյալ: Այսինքն՝ ռեադմիսիոն համաձայնագրի կնքումն ամենեւին պատճառ չդարձավ, որ լինի ԵՄ մեկնած ապօրինի միգրանտների հսկայական ներհոսք Հայաստան:

Ըստ ՄՊԾ տվյալների՝ Հայաստանից տարեկան 6000 դիմում է լինում ԵՄ երկրներ՝ փախստականի կարգավիճակ ստանալու խնդրով: Եթե նախկինում այդ դիմումները տարիներ շարունակ քննվում էին, ապա այժմ ընդամենը 15 օր է տեւում գործընթացը. եթե որեւէ հիմնավոր պատճառ չեն տեսնում, տեղում մերժում եւ վերադարձնում են Հայաստան: Հայաստանը համարվում է ապահով երկիր, եւ Եվրոպայում շատ լավ գիտեն, որ այստեղ ոչ քաղաքացիական, ոչ արտաքին ուժերի հետ պատերազմ չկա, հանցավորության մակարդակը բարձր չէ, եւ միայն մարդկանց ցանկությունը՝ լքել սեփական երկիրը մեկ այլ՝ ավելի բարեկեցիկ երկրում փախստականի կարգավիճակով ապրելու համար, բավարար հիմք չէ նրանց այդ հնարավորությունը տալու համար:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
31.05.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30