Գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավար Արտաշես Կիրակոսյանի ստորագրությամբ վավերացվել է գյուղնախարարությունում աշխատանքային կարգապահության եւ փոխհարաբերությունների վերաբերյալ մի փաստաթուղթ, որը կազմված է բազմաթիվ տառասխալներով եւ ուղղագրական սխալներով:
«Առավոտի» տրամադրության տակ է հայտնվել Արտաշես Կիրակոսյանի վարած գործակարգավարական խորհրդակցություններից մեկի առնչությամբ 4 էջից կազմված արձանագրությունը: Պետական մարմնի կազմած փաստաթղթում, որտեղ աշխատակազմի ղեկավար Կիրակոսյանը նախարարության աշխատակազմին հորդորում է «պահպանել աշխատանքային կարգապահություն, գործընկերներին դիմել պատշաճ կերպով, ունենալ պետական մարմնի աշխատակցին հատուկ համապատասխան տեսք եւ աշխատանքային օրերին լինել կոստյումով, փողկապով, սափրված», 7-8 ուղղագրական սխալ կա:
Փողկապ բառը արձանագրության մեջ գրված է «խ» տառով: Տեքստում մի քանի տեղ կրկնվում է մեկ «ն»-ով գրված կանոններ բառը: Տպավորություն է ստեղծվում, որ արձանագրության հեղինակը տեղյակ չէ, որ հայերենում «ներ» հոգնակիակերտ վերջավորություն գոյություն ունի, եւ որ բազմավանկ բառերի հոգնակին կազմվում է «ներ»-ով: Արձանագրությունում ընդունարաններ, կատարողականներ բառերը նույնպես մեկ «ն»-ով են գրված:
Տեքստի հեղինակը հիգիենա ճիշտ բառի փոխարեն նախընտրել է նախադասությունը կազմել «հիգենա» բառով: Անդրադառնալ բառից էլ «դ» տառն է բացակայում: Պարոն Կիրակոսյանը աշխատակազմին հորդորում է ոչ թե «լիարժեք տիրապետել ոլորտի աշխատանքային գործընթացներին», այլ «տրիապետել»:
Սեփ.լր.
«Առավոտ» օրաթերթ
05.06.2014



















































